Մի անգամ քաղաքի դարպասների մոտ նստած ծերունուն մի պատանի մոտեցավ և հարցրեց.
- Ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա՛ ինձ, ծերունի՛, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:
Ծերունին հարցով պատասխանեց նրան.
- Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն քաղաքում, որտեղից հեռացար:
- Չար ու եսասեր մարդիկ էին: Հենց այդ պատճառով էլ ուրախությամբ հեռացա այնտեղից:
- Այստեղ ճիշտ նույնպիսի մարդկանց կհանդիպես,- պատասխանեց նրան ծերունին:
Քիչ անց մեկ այլ երիտասարդ մոտեցավ նրան ու նույն հարցը տվեց: Ծերունին էլ կրկին հարցով պատասխանեց հարցին.
- Ասա՛, որդյա՛կ, ինչպիսի՞ն էին քո քաղաքի մարդիկ:
- Օ՜, բարի, հյուրասեր ու վեհանձն մարդիկ էին: Շատ ընկերներ ունեի այնտեղ և դժվար էր նրանցից բաժանվել:
- Նման մարդկանց էլ այստեղ կգտնես,- պատասխանեց ծերունին:
Քաղաքի բնակիչներից մեկը, որը հետևում էր այդ ողջ տեսարանին, մոտեցավ ծերունուն ու հարցրեց.
- Ինչո՞ւ մեկին ասացիր, որ այստեղ սրիկաներ են ապրում, իսկ մյուսին՝ լավ մարդիկ:
- Ամենուր էլ և՛ լավ, և՛ վատ մարդիկ կան,- պատասխանեց ծերունին:- Ուղղակի յուրաքանչյուրը գտնում է միայն այն, ինչ փնտրում է…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը