Մի շատ գեր տղամարդ գալիս է անտառում բնակվող ծեր վանականի մոտ և ասում.
- Հա՛յր սուրբ, չգիտեմ, թե Աստծուն ինչ խնդրել, որ արագ իրականություն դառնա, միգուցե նոր մեքենա՞, կամ նոր տո՞ւն... կամ էլ՝ մի շատ փոքր խնդրանք ունեմ...՝ մի լավ բազմոց և նոր հեռուստացույց...: Լսեցի, որ իմաստուն մարդ ես, գիտես, թե ինչպես աղոթել և ինչ խնդրել: Ինձ քո աշակերտը դարձրու և սովորեցրու այնպիսի բան խնդրել, որ Աստծուն հաճելի լինի, և Նա արագ իրականացնի: Ես լավ կվճարեմ քեզ դրա համար:
Վանականը վերցնում է իր պարկը և ասում.
- Արի՛ իմ ետևից, ես կսովորեցնեմ, թե ինչ խնդրել:
Անտառի միջով գնում են, նստում գետի ափին գտնվող նավակը, այնուհետև թիավարելով հասնում գետի մեջտեղը: Վանականը պարկից հանում է մի մուրճ և մեծ մեխեր ու մեխով ծակում նավակը: Ջուրը սկսում է լցվել ներս: Գեր տղամարդը սարսափած գոչում է.
- Այս ի՞նչ արեցիր, մենք կխեղդվենք, Տե՛ր Աստված, փրկի՛ր ինձ, փրկի՛ր ինձ...
Վանականը ժպտում է և ասում.
- Իսկ դու հարցնում ես, թե ինչ խնդրել... ահա, թե ինչ է պետք խնդրել՝ փրկությո՛ւն, հավիտենակա՛ն փրկություն, այլ ոչ թե մեքենա, տուն, բազմոց ու հեռուստացույց: Իսկ այժմ, մի՛ վախեցիր, չես խեղդվի, այս գետի ջուրը քո ծնկներից վեր չի կարող ծածկել:
Հովհաննես Մանուկյան