Մի անգամ միասին քայլում էին հոգևորականն ու օճառագործը:
- Քո հավատքից ի՞նչ օգուտ,- հարցրեց օճառագործը,- տե՛ս, թե որքան դժբախտություն ու տառապանք կա աշխարհում: Ո՛չ բարու, ճշմարտության և արդարության հազարամյա ճանաչումը, ո՛չ Սուրբ Գրքի ուսումնասիրությունը, ո՛չ քարոզիչների իմաստությունը, ո՛չ մարգարեների վեհ գաղափարները չեն օգնում բազմաթիվ մարդկանց: Եթե մեր հավատքն իրականում ճշմարտությունն է, ապա ինչո՞ւ է ամեն բան այդքան վատ:
Հոգևորականը ոչինչ չպատասխանեց: Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը և կեղտաջրի առվում խաղացող, ամբողջովին կեղտոտված մի երեխայի տեսան: Հոգևորականն ասաց.
- Այս երեխային նայիր: Դու ասում ես, որ օճառը մարդկանց մաքրում է կեղտից: Բայց ի՞նչ օգուտ օճառից, եթե աշխարհում ինչքան ուզես օճառ կա, իսկ երեխան կեղտոտ է մնում: Արդ, արդյո՞ք օճառն իսկապես օգնում է:
- Բայց…,- առարկեց օճառագործը,- օճառը չի կարող օգնել, եթե այն չօգտագործես:
- Ճիշտ է,- ժպտալով պատասխանեց հոգևորականը,- նույնն է նաև հավատի պարագայում: Այն չի օգնում, եթե ողջ կյանքիդ ընթացքում, ամեն օր չես դավանում այն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի