Մարդիկ այսօր շատ հաճախ տրտնջում են, դժգոհ են, իսկ առավել գանգատվում են եղանակից: Տրտունջի և դժգոհության տարափները սկսում են տեղալ, երբ խոսակցություն է բացվում եղանակի հետ կապված: Եվ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞նց եք, ի պատասխան հնչում է. «Եղանակի հետ», «Էլ ոնց պիտի լինեմ, անձրև ա գալիս», կամ «Աննորմալ եղանակ ա», «Ձմեռը եկավ, մարդու տրամադրությունն էլ ընկավ», կամ էլ՝ «Շոգ է, օդ չկա շնչելու»: Սակայն այստեղ խնդիրը եղանակի մեջ չէ, այլ խնդիրը մեզանում է, եթե մենք փոխվենք, ապա կփոխվի և ողջ աշխարհը: Օրինակ, եթե եղանակային փոփոխություններին այլ կերպ նայենք, ապա չենք տրտնջա և կկարողանք ապրել ներդաշնակ կյանքով: Սուրբ Գրքում կարդում ենք, որ «Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը…» (Ժողովող 8:6): «Աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հասնելու ժամանակը» (Ժողովող 3:1-2): Եթե արևը միշտ ծագի, ապա դաշտերը կթառամեն, ուստի անհրաժեշտ է, որ անձրև տեղա: Եթե անընդհատ անձրևի, ապա ամեն ինչ կփտի, այդ պատճառով անհրաժեշտ է քամի: Իսկ շատ հաճախ էլ անհրաժեշտ է ուժեղ քամի: Մարդու համար այս ամեն ժամանակն էլ օգտակար է, որովհետև մարդն ինքը փոփոխական է:
Երբևէ մտածել ենք, թե ու՞մ են հասցեագրված այս տրտունջները: «…Ձեր տրտունջը Աստծո դեմ է ուղղված» (Ելք 16:8),- կարդում ենք Սուրբ Գրքում: Այն ծնվում է Աստծո տվածից գոհ չլինելուց՝ դժգոհելուց և արդյունք է անհամբերության: «Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ այս վատ ժողովրդին, և դրանք պիտի տրտնջան Իմ առջև» (Թվեր 14:27),- ասում է Տերը:
Իսկ Պաիսիոս Աթոսացին նշում է, որ «Տրտունջի մեջ անեծք կա: Այսինքն՝ տրտնջացող մարդը նույնն է, թե անիծում է ինքն իրեն»: Ս. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում Հին կտակարանից օրինակ է բերում՝ ասելով. «Չլինի, թե տրտնջանք, ինչպես տրտնջացին նրանցից ոմանք և կոտորվեցին մահվան հրեշտակի ձեռքով» (Ա Կորնթացիներ 10:10):
Հաճելի է լինել այն մարդկանց միջավայրում, շփվել այն մարդկանց հետ, ովքեր սովորություն չունեն տրտնջալու, ովքեր իրենց շուրջը ստեղծում են լավատեսության և ոչ դժգոհության ու տրտունջի մթնոլորտ: Տրտնջացող մարդը միշտ էլ պատրվակ է գտնում տրտնջալու: Տրտնջացող մարդու համար ամեն ինչ վատ է, իսկ գոհ մարդու համար՝ ամեն ինչ լավ:
Տրտունջի ապաքինման դեղամիջոցը երախտագետ լինելն է Աստծո հանդեպ: Աստծուն «ամեն ժամ և ամեն ինչի համար պետք է գոհություն հայտնել» (Եփեսացիներ 5:20). «ամեն ինչի», այսինքն՝ ոչ միայն ուրախությունների ու բարիքների, այլև վշտերի ու ձախորդությունների: Ինչպես տրտունջը թե՛ տրտնջացողին և թե՛ այն լսողներին տրտմություն ու ծանրություն է բերում, այդպես էլ ամեն ինչի համար Աստծուց սրտանց շնորհակալ լինելը՝ ուրախություն ու թեթևություն:
Եկեղեցու սուրբ հայրերը խորհուրդ են տալիս Աստծուն գոհություն հայտնել, առավել ևս նրանց, ովքեր հուսալքված են, տրտմած: Հաճախակի ասեք. «Փա՜ռք Քեզ, Տեր» և դուք կապրեք ինչպես դրախտում: Դուք կզգաք այնպիսի մի ուրախություն, որ ինքներդ էլ չեք հասկանա, թե որտեղից այն: Իսկ դա այն պատճառով է, որ դու ամեն ինչի համար փառք ես տալիս Աստծուն: Աստծուն փառաբանելը տալիս է անասելի ուրախություն, խնդություն, իսկ դժգոհությունը՝ տաղտկություն, տառապանք, տրտմություն, հուսալքություն: «Ինչ որ անում եք, արե՛ք առանց տրտունջի և առարկության»,- հորդորում է Պողոս առաքյալը (Փիլիպպեցիներ 2:14):
Ուստի գոհանանք Աստծուց՝ ասելով. «Գոհանամք զքէն, Տէր, որ զեղանակս տարւոյն՝ զամառն եւ զձմեռն, զաշունն եւ զգարունն արարեր ըստ բնութեան մերում. վասն որոյ օրհնեմք զարարչագործութիւն քո» (Կիպրիանոս):
Կազմեց Գայանե Սուգիկյանը