25 Նոյեմբեր, Բշ
Գյուղում մի պատանի էր ապրում: Ողջ օրը նստում էր տանն ու ոչինչ չէր անում:
Մի անգամ նա մորը հարցրեց.
- Ինչպե՞ս գտնեմ երջանկությունս:
- Որդի՛ս, գնա դաշտ ու ինչ բռնես, դա էլ քո երջանկությունը կլինի,- պատասխանեց մայրը:
Պատանին դուրս եկավ դաշտ ու տեսավ մի ձիու քուռակ է վազում: Նետվեց նրա ետևից, բայց չհասավ: Թփերի տակից մի նապաստակ դուրս թռավ: Վազեց, որպեսզի բռնի՝ չբռնեց: Տեսավ աղավնի է թռչում, վազեց նրա ետևից, բայց ավաղ, թռավ, հեռացավ:
Նայեց պատանին ու տեսավ մի ագռավ որդեր է փնտրում հողի տակ: Քանի որ ոչինչ չուներ անելու երկարեց ձեռքն ու բռնեց նրան:
- Մի՞թե դու ես իմ երջանկությունը,- հարցրեց ագռավին:
- Ոչ,- պատասխանեց ագռավը,- ինձնից ի՞նչ երջանկություն: Սակայն կարող եմ հուշել, թե ինչպես որսաս երջանկությունդ:
- Ինչպե՞ս,- հարցրեց պատանին:
- Բուրավետ չոր խոտ լցրու բակում, քուռակը կմոտենա խոտն ուտելու ու ինքը կցանկանա քեզ մոտ մնալ: Քաղցր գազար վերցրու ու ցանկապատի մոտ դիր: Նապաստակը վազելուց կտեսնի գազարն ու ձեռնասուն կդառնա: Բակում ցորենի հատիկներ շաղ տուր՝ աղավնին կթռչի կգա ու տանիքիդ տակ բույն կհյուսի:
- Իսկ մի՞թե դա երջանկություն է,- զարմացավ պատանին:
- Իսկ երջանկությունը հետո կլինի: Երբ բակի մոտով մի բարի ու գեղեցիկ աղջիկ կանցնի, կտեսնի, թե ինչպես ես քուռակին, նապաստակին ու աղավնուն կերակրում, կսիրի քեզ ու կհամաձայնվի կինդ դառնալ:
«Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ» (Ղուկ. 17:21, 22)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի