Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ են քարոզում Եհովայի վկաները, և ո՞րն է այդ քարոզի տարբերությունը, որը քայքայում է մարդուն և այդ պատճառով նրանց կոչում են քայքայիչ աղանդ: Նկարների օրինակներում, որոնք Եհովայի վկաների կողմից հրատարակված տարբեր տարիների ամսագրեր են, հստակ երևում է, որ նրանց նպատակը Աստծո սերը քարոզելը չէ, այլ մարդկանց մեջ վախ և լարվածություն սերմանելը, ստրեսների ինտեգրացիան:
Հոդվածը շարունակելուց առաջ, ասեմ, որ Եհովայի վկաների մասին տեղեկատվական հոդվածների հրապարակումը բնավ կրոնական անհանդուրժողականության բնույթ չի կրում, ինչպես փորձում են ներկայացնել վերջիններս: Հակառակը, տարբեր «մարդու իրավունքների պաշտպան» հանդիսացող կազմակերպությունների կողմից հնչող կոչերը կրոնական հանդուրժողականության մասին պետք է ավելի ուշադիր լինեն այն մարդկանց իրավունքների խախտմանը, որը կատարվում է կրոնական գաղափարների ներքո: Եվ այս հոդվածները նպատակ ունեն բովանդակային կերպով վերլուծությունների արդյունքում բացահայտել, թե ինչպես են տարբեր կրոնական կազմակերպություններ, կրոնական դավանանքի և խղճի ազատության իրավունքի ներքո, խախտում մարդու այլ իրավունքներն ու ազատությունը, բարոյական և մարդասիրական նորմերը:
Անդրադառնանք նրան, թե ինչու են Եհովայի վկաները անդադար քարոզում աշխարհի վերջը, ստեղծում վախի, անվստահության և հուսահատության մթնոլորտ, իրենց քարոզները սկսում խնդիրներից և պրոբլեմներից: Օրինակ` «Գիտե՞ք, երբ է լինելու աշխարհի վերջը», «Գիտե՞ք ձեր երեխային ինչ ապագա է սպասվում», «Գիտե՞ք ձեզ ինչ դժբախտություններ են սպասվում», «Գիտե՞ք, ով է վերապրելու Արմագեդոնը» և այսպես շարունակ: Մարդը վախ ունի ապագայի հանդեպ, և Եհովայի վկաները օգտագործում են անհայտի հանդեպ վախի զգացողությունը՝ մարդկանց մոտ առաջացնելով տարբեր ֆոբիաներ: Պետք է նշել, որ աշխարհի վերջի քարոզչությունը կենտրոնական դոգման է Եհովայի վկաների գաղափարախոսությունում: Նրանք քարոզում են, որ մարդիկ ապրում են «վերջին օրերում», և աշխարհի վերջը շուտով կգա: Ըստ նրանց, Արմագեդոնը վերապրել և դրախտում ապրելու հույս կարող են ունենալ միայն նրանք, ովքեր ապրում են Աստվածաշնչի համաձայն, իսկ քանի որ Աստվածաշնչի համաձայն, ըստ իրենց, ապրում են միայն Եհովայի վկաները, ապա մահանալուց հետո հարության հույս ունենալու համար մարդը պետք է անպայման անդամագրվի Եհովայի վկաների կազմակերպությանը: Սա է այն հիմնական գաղափարը, որը փորձում են քարոզել Եհովայի վկաները, փողոցում մարդկանց մոտենալիս: Ոչ թե Աստծո սերը մարդու հանդեպ, ոչ թե Քրիստոսով մեղքից ազատագրումը, այլ աշխարհի վերջի հանդեպ վախ ներշնչելն է նրանց նպատակը: Ինչու՞:
Եհովայի վկաները արդեն մի քանի անգամ գուշակել են աշխարհի վերջը, որն իհարկե, միշտ սխալ է եղել: Օրինակ` 1914-ին, 1918-ին, 1925` երբ ըստ նրանց հարություն պետք է առնեին և երկիր վերադառնային Աբրահամը, Իսահակը, Հակոբը և այլ մարգարեներ, և այլն: Ի տարբերություն այլ աղանդների, որոնք աշխարհի վերջը գուշակելիս, ընդունում են, որ սխալվել են, Եհովայի վկաները փորձում են արդարանալ չկայացած վերջի համար և տարբեր բացատրություններ գտնել: Օրինակ` ասում են, որ 1918-ին սկսվել է Քրիստոսի այցելությունը «հոգևոր տաճար», որը կվերջանա 1975-ին և այդ ժամանակ կլինի աշխարհի վերջը, սակայն….:
Կարող են տարօրինակ թվալ, անգամ ծիծաղելի, աշխարհի վերջի վերաբերյալ այս գուշակումները, սակայն ոչ այն դեպքում, եթե հիշենք, որ Եհովայի վկաների կազմակերպությունը իրականում կրոնի վրա հիմնված հաջողված բիզնես-մոդել է: Երբ մարդը գիտակցում է և անհամբեր սպասում աշխարհի վերջին, նա սկսում է ավելի ջանասեր կատարել իր «ծառայությունը», հրաժարվում է այդ պահին անիմաստ թվացող երևույթներից` ուսում, մասնագիտացում, աշխատանք, ընտանիքի ձևավորում և այլ ձգտումներ: Մարդն ամբողջությամբ և անվերապահորեն նվիրվում է կազմակերպությանը, նրա առաքելությանը: Աշխարհի վերջին հավատալով, անդամներն ավելի եռանդով են քարոզում բարեկամներին, մտերիմներին, անծանոթներին և ավելի արագ անդամագրում նրանց կազմակերպությունում: Եվ, իհարկե, բիզնես-շահը: Աշխարհի վերջից առաջ նրանք վաճառում են իրենց ունեցվածքը, տները և ամբողջ գումարը փոխանցում կազմակերպության ղեկավարներին: Բազմաթիվ են դեպքերը ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում, երբ Եհովայի վկաները սպասելով աշխարհի վերջին, վաճառել են իրենց ողջ ունեցվածքը, փոխանցել ղեկավարներին և սպասել: Սակայն արդյունքում աշխարհի վերջը չի եկել, բայց իրենց համար նորմալ կյանքի վերջն է եկել` անտուն և անգործ դառնալով: Եվ այստեղ է, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է իսկապես գործեն, երբ անձին պահելով անդադար վախի մթնոլորտում` ենթարկում են հոգեբանական ճնշման, զրկում ադեկվատ աշխահայացքից, հասցնում նյարդային ստրեսների և ինքնասպանության:
Ալմաստ Մուրադյան