Գրքեր

ԻՆՉՈՒ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԳՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ

Ինչու մարդիկ չեն գնում եկեղեցի

Այսօր արդիական է դարձել այն հարցը, թե ինչու՞ մկրտված, իրեն քրիստոնյա համարող մարդկանց մի հոծ զանգված շատ հազվադեպ է գնում կամ ընդհանրապես չի հաճախում եկեղեցի, չի մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Մի կողմից օծվում են նոր եկեղեցիներ, վերակառուցվում են հները, մյուս կողմից մեծ է այն մարդկանց թիվը, որոնք խուսափում են աստվածապաշտական արարողություններից և չեն հասկանում եկեղեցի հաճախելու իմաստը:
Այդպիսիք բերում են մի քանի հիմնական պատճառաբանություններ:

«Եկեղեցի չեմ գնում, որովհետև Աստծուն չեմ հավատում»

Այսպիսի մարդիկ անվանում են իրենց աթեիստներ: «Աթեիզմ» (հին. հուն. ἄθεος ) բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «աստծո ժխտում», այսինքն այն համոզմունքն է, որ Աստված գոյություն չունի: Հաճախ այդպիսի մարդկանց մանուկ հասակում մկրտում են, բայց իրենց կնքահայրերից ոչ բավարար և ճիշտ քրիստոնեական գիտելիքներ ստանալու հետևանքով հեռանում են Աստծուց: Իսկ դա էլ իր հերթին տեղի է ունենում այն պատճառով, որ հաճախ ծնողներն իրենց երեխայի համար կնքահայր են ընտրում մտերիմ կամ բարեկամ մարդու, առանց մտածելու թե նրա հավատը որքան խորն է և կարո՞ղ է արդյոք օգնել իր հոգեզավակներին հավատ ձեռք բերելու և քրիստոնեավայել ապրելու հարցում:

Երբեմն էլ կարելի է լսել աթեիստների այսպիսի փաստարկներ: Աստված չկա, քանի որ Նրան ոչ ոք չի տեսել, կամ`գիտությունը չի ապացուցել Նրա գոյությունը: Նույնիսկ այսօր` 21-րդ դարում, կան որոշ մարդիկ, որոնք վստահեցնում են, որ աշխարհում ամեն ինչ տեղի է ունեցել ինքնաբերաբար: Տպավորություն է ստեղծվում, որ այդպիսի մարդիկ ունեն խելք, բայց չունեն բանականություն: Այդ առիթով կա մի ժամանակակից առակ, բայց շատ խորիմաստ: Բժիշկը,  կատարելով ուղեղի վիրահատություն, այնտեղ խելք չգտավ, ուստի եզրակացրեց.  «Քանի որ խելքը չի երևում, ուրեմն այն չկա»:

Եկեք ճիշտ եզրահանգումներ անենք այս առակից: Եթե բժիշկը չի տեսել, դա չի նշանակում, որ այն չկա:

Դավիթ թագավորը աթեիզմը համարել է անզգամություն. «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստոված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, եւ չկա մեկը, որ բարություն գործի։ (Սղ 13:1):

«Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում եկեղեցուն. Աստված իմ հոգում է»:

Ո՞վ է ասել, որ այդ քարակերտ եկեղեցիները Աստծո տունն են և ես պետք է հավատի գամ մոմերի և սրբապատկերների միջոցով: Աստված իմ հոգում է և դա բավական է՝ կարծում են այս տեսակետի հետևորդները:

Բայց չէ՞ որ դա ինքնախաբեություն է, և եթե Աստծո հանդեպ հավատն ու սերը իրոք լինեին նման մարդու հոգում, նա անպայման կձգտեր լինել այնտեղ, որտեղ հնարավորություն կունենար իրեն ավելի մոտ զգալ Աստծուն, այնտեղ, որտեղ անդադար խոսվում է Նրա մասին, փառաբանվում է Նրա սուրբ անունը: Եւ եթե Աստծուն միայն ինքն իր մեջ հավատալը բավական լիներ, ուրեմն իզուր մեր Տեր Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ, լինելով անմեղ`չարչարվեց մեր մեղքերի համար, խաչվեց և Իր թափած զոհաբերության արյամբ Նոր Ուխտ կնքեց մեզ հետ: Հետևաբար իզուր են նաև եկեղեցիները, հոգևորականները, ապաշխարությունը, հաղորդությունը:

Իսկ Աստծո կամքն այսպիսին է. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք:  Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ » (Հովհ.  6:55-57):

 Իհարկե, հոգում Աստծու ներկայության զգացումը առկա է ամեն մարդու մոտ` իր ծննդյան պահից: Սակայն, ապականվելով մեղքերով, մարդիկ հեռանում են Աստծուց, և միայն ապաշխարելու և հաղորդություն ստանալու միջոցով կարելի է նորից մոտենալ Նրան: «Ապաշխարում»  բառը ( հուն. «մետանոյիա») նշանակում է ոչ միայն սեփական մեղքերի ընդունում, այլև այն ենթադրում է մտածողության և գործելակերպի անպայման փոփոխում: Ապաշխարումը` դա միայն փաստի գիտակցումը չէ, որ ես մեղավոր մարդ եմ, այլ որոշակի գործողություն, որը բերում է կենսակերպի փոփոխման: Երբ հապաղում ենք, ավելի ենք մխրճվում մեղքերի մեջ և ավելի դժվար է դառնում հաղթահարել դրանք, ինչպես դժվար է տեղահան անել խոր արմատներ ունեցող ծառը, ինչպես դժվար է թողնել ծխելը, երբ արդեն առաջացել է կախվածություն: Նույն կերպ, մեղք գործել սիրող մարդը դառնում է իր մարմնի գերին, ոչ թե` Աստծու ծառան:

Որպեսզի կրկին դառնանք մի մասը Աստծո, Ով Սեր է, պետք է հաղորդակից լինենք Նրան, պետք է հաղորդակցվենք Նրա Մարմնին և Արյանը, Որը Նա թափեց մեզ՝  բոլորիս համար: Սուրբ Հաղորդության ընդունումը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում կարևորագույն նշանակություն ունի: Դա այն խորհուրդն է, որով հավատացյալը հացի եւ գինու տեսքով ստանում է փոխակերպված Քրիստոսի մարմինն ու արյունը` մեղքերի թողության ու հավիտենական կյանքի արժանանալու համար: Այն հավատացյալներին է տրվում Սուրբ Պատարագի արարողության ժամանակ: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց այն, մասնատեց ու տվեց իր աշակերտներին` ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26:26-28, Մարկ. 14.22, Ղուկ. 22.19): Իր աշակերտներին հաղորդություն տալով` մեր Տերը պատգամեց այս խորհուրդը  կատարել միշտ:

«Ես ուզում եմ գնալ, բայց ժամանակ չունեմ»:

Այսպիսի պատճառաբանություն բերում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ գիտեն կիրակնօրյա պատարագներին մասնակցելու անհրաժեշտության մասին, սակայն դա չի դարձել նրանց կենսակերպի պարտադիր մասը: Այլ կերպ ասած, նրանք միամտաբար կարծում են, որ ունեն ավելի կարևոր գործեր, քան եկեղեցի գնալն է: Բայց ի՞նչ գործ կարող է լինել առավել կարևոր, քան սեփական հոգու փրկությունը: Կամ էլ գնում են եկեղեցի, բայց ոչ հաճախ. ինչ-որ առիթով կամ խնդրանքով մոմ վառելու, մկրտության, պսակադրության կամ հոգեհանգստի արարողության մասնակցելու: Մի հոծ զանգված էլ եկեղեցի է գնում միայն տաղավար տոներին`օրհնված ջուր, ճրագ, յուղ, խաղող վերցնելու: Այդպիսի մարդիկ, կրելով քրիստոնյայի անուն, գործնականում հրաժարվում են ապրել քրիստոնեավայել և կատարել Աստծո պատվիրանները, մասնավորապես պահել 4-րդ պատվիրանը, որտեղ ասվում է, որ մարդը պետք է 6 օր աշխատի, իսկ 7-րդ օրը նվիրի Աստծուն: Ոմանք էլ մտածում են, որ կյանքն առջևում է, և նրանք դեռ կհասցնեն եկեղեցի գնալ: Անմտություն է այդպիսի կարևորագույն գործը հետաձգել, քանի որ ոչոք չի կարող լիակատար վստահ լինել, արդյոք վաղն ինքն արթնանալու է, թե՝  ոչ:

Երբ չկա ցանկություն, կարող են հորինվել հազար ու մի պատճառաբանություններ, օրինակ`չեմ գնում, քանի որ չեմ հասկանում, թե պատարագի ժամանակ ինչ է կատարվում, որովհետև եկեղեցական լեզուն գրաբարն է: Բայց վաղուց արդեն գոյություն ունեն շատ մատչելի պատարագամատույցներ, որոնց միջոցով,  ցանկության դեպքում, կարելի է հեշտորեն սովորել պատարագը նաև աշխարհաբար: Ուստի պատճառաբանություններն էլ դառնում են անիմաստ:

 Հոգևոր ոչ լիարժեք գիտելիքներ ունենալու պատճառով հասարակությունը հոգևոր առումով դառնում է խոցելի, քանի որ հակված է տրվելու տարբեր հոսանքների: Հենց այսպիսի հավատացյալների շրջանում են ծավալում իրենց «գործունեությունը» եկեղեցու քայքայմանն ու մասնատմանը նպաստող տարբեր կրոնական կազմակերպություններ:

Եկեղեցի գնալով և աստվածապաշտական արարողություններին մասնակցելու միջոցով քրիստոնյաները խորհրդավոր կապի մեջ են մտնում Աստծո հետ և ստանում Նրանից բարերար ուժ՝ արդար կյանքի համար: Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք հետևյալը, որ Աստված մեզ սիրում է, և,  չնայած ամեն ինչին, սպասում է մեր հանդիպմանը և պատրաստ է հազար անգամ ծնվել, որպեսզի նորից չարչարվի ու մահանա մեր փրկության համար: Հիսուս Քրիստոսով մեզ մոտեցավ Աստծո Արքայությունը, Նրանով կատարվեց Աստծո Կամքը մեր  հավերժական կյանքի համար: Եվ մեզ մնում է միայն հավատով միանալ Քրիստոսին՝ մկրտությամբ, Հաղորդությամբ և Սուրբ Հոգով:

 

Գևորգ սարկավագ Համբարձումյան

12.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․