5 Հոկտեմբեր, Շբ
Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանի հետ:
Արարիչն Աստված, ամենուր լինելով, սիրում է բնակվել Իր արարածների սրտերում՝ իրենց իսկ կամքի համաձայն: Ե՞րբ Տիրոջ առջև բացեցիք Ձեր հավատքի դուռը:
Դեռ վաղ տարիքից ծնողներս են իմ սրտում հավատքի սերմեր սերմանել: Հիշում եմ, երբ դեռ տառաճանաչ չէի, առաջին գիրքը, որ գնեց մայրս ինձ համար, Աստվածաշունչն էր: Իսկ երբ երեք տարեկան էի և Սևանավանք էինք գնացել, ծնողներս ինձ կորցրին: Փնտրելուց հետո նրանք ինձ գտան եկեղեցում աղոթելիս: Վեց տարեկան հասակում հիվանդացա, և բժիշկները չէին հասկանում հիվանդությանս պատճառը: Երազ տեսա, որ կոչում էր մայրիկիս չհետաձգել իմ մկրտությունը: Մկրտվելով՝ ամբողջապես ապաքինվեցի, և հոգևոր այդ կարևորագույն ծնունդն իմ կյանքում մեծ փոփոխությունների հիմք հանդիսացավ: Առ այսօր ուսումնասիրում եմ Ավետարանը՝ հավատքի տարբեր փուլեր ապրելով:
Հավատքի հզոր ուժը ճաշակե՞լ եք Տիրոջ այն խոսքի համաձայն՝ թե՝ քո հավատի համաձայն, թող քեզ տրվի:
Այո՛, ճաշակել և ճաշակում եմ՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, թե՝ Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ (Բ Կորնթացիներ 12:9): Եվ այս փորձառությունն ունենալով՝ հասկանում ես, որ մինչև տկար չլինես, չես զգա Աստծո հզոր ուժը: Հավատալով և վստահելով Աստծուն՝ իմ կյանքում անհնարինը դարձել է հնարավոր: Փորձում եմ Աստծո պարգևած յուրաքանչյուր օրը լավատեսորեն ապրել և հավատքիս համաձայն՝ Տերը օրհնում և լուսավորում է ուղիս:
Որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ՝ նշեք խնդրեմ, թե ի՞նչ ասել է՝ ներգրավված լինել եկեղեցական համայնքային կյանքին:
Երկու տարի է, ինչ Մոսկվայից ընտանիքով Հայաստան ենք վերադարձել և Տիրոջ կամոք մեր բնակության վայրն ընտրեցինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, որը շատ ոգևորեց ինձ և ընտանիքիս: Հայրենիք վերադառնալուց ի վեր՝ հաճախում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելով եկեղեցական արարողություններին, ուխտագնացություններին: Ամեն անգամ, մասնակցելով ընդհանրական աղոթքին, զորանում ես՝ տեսնելով արարողությանը ներկա յուրաքանչյուր մասնակցի անկեղծ աղոթքը: Համայնքի անդամներն իրենց հավատքով և օրինակով ամրապնդում են միմյանց: Մենք մեր հոգևոր կյանքն առավել կերպով կարողանում ենք իրագործել համայնքային կյանքից ներս՝ մեկս մյուսի հանդեպ ունենալով սիրո և պատասխանատվության զգացում:
Մեզ հիացնում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի անմիջական կերպարը, եռանդն ու հոգեշահ գործունեությունը: Եկեղեցու հոգևոր առողջ մթնոլորտը նպաստեց, որ անմիջապես ներգրավվենք համայնքային կյանքին՝ անդամագրվելով արդեն իսկ մեզ հարազատ դարձած եկեղեցու մեծ ընտանիքին: Հոգևոր մեծ լիցքերով զորացած՝ ակամայից սկսում ես այդ զորեղ արմատը և լույսը փոխանցել նաև քո միջավայրին:
Ձեր ընտրած մասնագիտությունն ու աշխատանքը ծառայություն է մարդուն: Ինչպե՞ս սկզբնավորվեց այդ ծառայության ուղին:
Աստծո կամքով ձևավորվեց այս ուղին. մկրտությանս անմիջապես հետևեց նկարելու մեծ փափագը: Նկարելու շնորհը, որ ունեի իմ մեջ, զարգացում ապրեց և վերածվեց մանրանկարչության: Մինչ Մոսկվայում բնակություն հաստատելը՝ մոտ երեք տարի, ստեղծագործում էի միայն աստվածաշնչյան թեմաներով: Այդ ընթացքում դիմացինի աշխատանքը գնահատելն ու արժևորելը օգնեց ինձ, որ խոնարհությամբ և աշխատասիրությամբ ստեղծագործեմ: Այնուհետև արդեն Մոսկվայում սկսեցի զբաղվել հագուստի մոդելավորմամբ: Հագուստի մոդելավորող դառնալու հստակ որոշումս իրականություն դարձրի՝ հաղթահարելով ընդունելության, ուսումնառության բարդ շրջանները, նաև իմ ազգանվան հետ կապված մեծ խոչընդոտները: Ուսումնառության ընթացքում անսպասելի, բայց կրկին Տիրոջ կամոք փոխեցի մասնագիտական ուղղվածությունս՝ ընտրելով կոշիկի և պայուսակի դիզայնը: Ինձ համար կարևոր էր ընտրել այն ճանապարհը, որը ի բարին կգործածվեր և կծառայեր մարդկանց:
Ո՞րն է Ձեր գործունեության կարևորագույն սկզբունքը:
Աստված ինձ տվել է գործելու և ծառայելու մեծ հնարավորություն, ինչը պարտավորեցնող է և պատասխանատու: Ինձ համար որակը գեղեցկություն է, հարմարավետություն և առողջ կենսակերպ, այսինքն՝ մաքուր աշխատանք: Գնահատելով այսօրվա արտադրանքը, որն ուղղակիորեն վնասում է մարդու առողջությանը, ինձ համար անհրաժեշտություն և կարևորագույն սկզբունք դարձավ ունենալ կոշիկի և պայուսակի այնպիսի արտադրանք, որը չի վնասի մարդու առողջությանը:
Ի՞նչը խթան հանդիսացավ, որ, երկար տարիներ ապրելով և գործելով արտերկրում, վերադառնաք Հայաստան՝ այստեղ ևս ներկայացնելով By Lili ապրանքանիշը:
Հայաստան վերադարձը ընտանեկան որոշում էր, խթան ունենալով այն, որ By Lili ապրանքանիշը պետք է արմատավորվի հայրենիքում, որտեղից էլ կճյուղավորվի այլ երկրներ՝ ներկայանալով որպես հայկական բրենդ: Տարիները ցույց տվեցին, որ արտերկրում հային այնպես չեն ճանաչում, ինչպիսին նա կա: Մեծ նպատակ ունեմ մեր երկրում հիմնել մի դպրոց, որը կպատրաստի մասնագետներ, ովքեր դիզայնի և մտքի ճիշտ կիրառողները կդառնան աշխարհի շուկայում: Արդյունքում՝ Հայաստանում կզարգանա դիզայնը, ինչի շնորհիվ մեր երկիրը կճանաչվի որպես դիզայնի և ոչ կատարող երկիր, քանի որ այսօր միտքն է արժևորվում և գնահատվում: Այս ուղին, դժվարին լինելով, պահանջում է երկարատև աշխատանք, ֆինանս և համբերություն, բայց խոստանում է լավագույն արդյունք:
Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս զուգակցել և ներդաշնակել աշխարհիկն ու հոգևորը:
Աշխարհիկի և հոգևորի ներդաշնակումը պայքարի մի ընթացք է, որի հաղթահարումն ամեն անգամ պահանջում է համբերություն և խոնարհություն: Այս պայքարը շատ բան է փոխել իմ կյանքում, բայց չի հուսահատեցրել ինձ: Կարևոր է չվախենալ մեղքերից և սխալներից, այլ մեղանչելուց հետո անհրաժեշտ է անկեղծ զղջումով խոնարհվել Տիրոջ առջև՝ ճաշակելով Նրա ողորմությունը:
Հուսալ առ Աստված, Ձեզ համար նշանակում է…
Անմնացորդ վստահել Աստծուն, ինչպես նորածինն է իր մորը վստահում:
Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:
Համարձակություն ունենալ լինելու անկեղծ և համարձակություն ունենալ լինելու աղավնու նման մաքուր և օձի պես խորագետ՝ չվատնելու և ճիշտ գործածելու համար Տիրոջ պարգևած շնորհները:
Զրուցեց Կարինե Սուգիկյանը