Մի վաճառական Աֆրիկայում աղավնու ձվի մեծության մի ալմաստ քար ձեռք բերեց: Քարը մի թերություն ուներ՝ ներսում ճաք կար: Վաճառականը ոսկերչից խորհուրդ հարցրեց, որն էլ ասաց.
- Այս քարը կարելի է երկու մասի կոտրել, որոնցից երկու հրաշալի ադամանդե քար կստացվի, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելի թանկ կարժենա, քան այս ալմաստը: Բայց անզգույշ հարվածը բնության այս հրաշքը կարող է մանր կտորների վերածել, որոնք արժեք չեն ունենա: Ես նման ռիսկի չեմ գնա:
Մյուս ոսկերիչներն էլ նույն կերպ արձագանքեցին: Մի անգամ նրան առաջարկեցին դիմել լոնդոնցի մի ծեր ոսկերչի, ով ոսկե ձեռքեր ուներ: Նա քարը զննեց ու կրկին ռիսկերի մասին խոսեց: Վաճառականն ասաց, որ այդ պատմությունն արդեն անգիր է արել: Այնժամ ոսկերիչը համաձայնեց օգնել նրան և բավականին բարձր գին նշանակեց:
Երբ վաճառականը համաձայնեց, ոսկերիչն իր երիտասարդ ենթավարպետին կանչեց: Նա քարը ձեռքն առավ ու մուրճի մի հարվածով երկու մասի բաժանեց այն: Վաճառականը հիացած հարցրեց.
- Որքա՞ն ժամանակ է նա ձեզ մոտ աշխատում:
- Երրորդ օրն է: Նա այս քարի իրական արժեքը չգիտի, ուստի ձեռքն էլ չդողաց այն կոտրելիս:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի