Իրական մարգարիտը

«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։

«Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած կարոտը։

Երկնքի թագավորությունը որպես ժառանգություն տրվում էր նրանց՝ երեկվա խեղճ-սովածներին, երկրի թագավորներին, աշխարհի իշխանների կողմից միայն անարգանք ու արհամարհանք ստացածներին։

Հովհաննեսն անապատում Աստծու արդար ճանապարհը ցույց տալու ժամանակ խոսում էր միևնույն թագավորության մասին, միևնույն ձևով բացում էր մարդկանց սրտերն Աստծու հավիտենական կալվածքների համար, սակայն Հիսուս բոլորովին տարբեր եղանակով էր խանդավառում Իր ունկնդիրներին՝ Աստծու թագավորության իրական ու շոշափելի տեսիլքը հաղորդելով։

Իսրայելի երազած թագավորությունն այժմ ավետվում էր բոկոտն ու գլխաբաց երիտասարդ Մարգարեի կողմից, և մարդիկ դյուրությամբ հավատում էին Նրա բոլոր պատգամներին։ Սրանից ավելի զվարթ և բարի պատգամ չէր կարելի տալ միայն տառապանքը ճանաչած մարդկանց։ Նա, ով առանց փոքր-ինչ թերամտության հավատար այդ սուրբ պատգամին, արդեն իսկ պիտի նկատեր խոստացված թագավորությունն իր, իր զավակների, ընտանեկան հարկի ու օջախի մեջ և վերջապես, Նրա հավատքը կիսողների ընկերության ու համայնքի մեջ։ Եվ ավելի մեծ ի՞նչ ուրախություն կարող է լինել մարդու կամ համայնքի համար, քան նման փառավոր թագավորության ժառանգ դառնալն է։

Ամեն ժառանգություն, մեծ թե փոքր ամեն հարստություն միայն զոհողությամբ է ձեռք բերվում։ Նույնիսկ անակնկալ ժառանգությունները, անսպասելի դիպվածն ու հարստությունները շատ հաճախ ձեռք են բերվում իրական զոհողություններով՝ ժամանակի, դրամի, աշխատանքի։

Քրիստոս, այդ երանավետ թագավորությունը յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի խոստանալով, երբևէ չի թաքցնում դրան հասնելու համար պահանջվող զոհողության չափը, քանի որ խոստացված թագավորության պես թանկագին ոչ մի իրականություն, դրան հավասար ոչ մի հարստություն չկա։

- Աստծու թագավորությունը,- ինչպես ասում է Հիսուս,- նման է մի վաճառական մարդու, որի միակ նպատակն իր համար նյութական մեծ շահ ապահովող մարգարիտներ փնտրելն ու գտնելն է։ Եվ ահա մի օր այդ վաճառականը մեկի մոտ տեսավ իսկապես թանկարժեք մի մարգարիտ։ Նա համոզված էր, որ պետք է ամեն գնով ձեռք բերել այդ մարգարիտը, որն իրեն մեծ շահ կբերեր։ Գինն իմանալուց հետո շատ սակարկեց, փորձեց զեղչել, սակայն հասան մի կետի, որին կառչած մնաց այդ մարգարտի տերն ու չկամեցավ դրանից իջեցնել մարգարտի գինը, քանի որ դա մարգարտի իրական արժեքն էր, և գուցե դեռ ավելի պակաս։

Հաստատակամորեն այն գնել պատրաստվող վաճառականը մտածմունքի մեջ ընկավ և այն գնելու փափագն իրականացնելու համար իր ունեցած միջոցները հաշվելով և տեսնելով, որ դրանք բավարար չեն պահանջված գինը վճարելու համար, սկսեց մտածել, թե էլ ինչ կարող էր տրամադրել այն գնելու համար, քանի որ, իսկապես, մարգարիտը գնելով՝ մեծ շահ էր ապահովելու դրանից։

Վաճառականը գնաց տուն և դրամի վերածեց կնոջ՝ աչք շոյող զարդերը, հավանաբար վաճառեց նաև մի քանի արժեքավոր պղինձներ՝ առանց մտահոգվելու դրանց համար, քանի որ մարգարտի շնորհիվ այնպիսի մեծ շահ էր ունենալու, որ կարողանալու էր ավելի արժեքավոր զարդեր գնել։

Եվ ահա այդպես էլ վարվեց վաճառականը։ Նա վաճառեց նվազ արժեքավոր իրերը՝ ավելի մեծ արժեք ունեցող ու պատվական այդ մարգարիտը գնելու համար։ Նա չափազանց ուրախացավ, ժամերով զննեց այդ գեղեցիկ գոհարը և համոզվեց, թե ինչ օգուտ կարող էր ունենալ դրանից և թե ապագայում ինչպիսի բարօրություն էր սպասվում իրեն և իր ընտանիքին։

Աշխարհի ընդարձակ ու բազմերանգ ասպարեզում մենք, համաձայն Ավետարանի լույսի, վաճառականներ ենք, և միայն մեր տնտեսող, չափավոր ու հեռատես վաճառականության շնորհիվ է, որ աշխարհն արդյունավորվում, պտղաբերում է, և դրա անհատնում խորություններում գտնված գանձերն ու ամեն տեսակի հանածոները բազմապատկվում են, իսկ համաշխարհային տնտեսությունն էլ զարգանում է։

Ամեն օր մեր աչքի առջև են հարգի ու շահավետ մարգարիտներ, թանկագին քարեր, ադամանդ և ոսկեղեն զարդեր։ Դրանցից որն իրական շահ է ապահովում, դա՛ ենք ուզում ձեռք բերել ամեն գնով, ամեն զոհողությամբ, քանի որ մեր արհեստի ու առևտրի բերումով և տարիների փորձառությամբ իրական, շոշափելի ու ճշմարիտ շահ ենք տեսնում դրանում, այնպիսի՜ խոշոր շահ, որը թերևս կարող է միանգամից ապահովել մեր հետագա ողջ կյանքը, մեր երջանկությունը, մեր զավակների ու ողջ ընտանիքի հանգստավետ կյանքի բոլոր պայմանները։

Սակայն իրական մարգարիտը դա չէ, և ոչ էլ այդ մարգարիտը բարձր գնով վաճառելու միջոցով ապահովված հանգստավետ ու «երջանիկ» կյանքն է ճշմարիտ անդորրությունը։ Եթե մեր կյանքի ճանապարհներում, մեծ ու բազմամբոխ հրապարակներում մեր տեսած ու հավանած մարգարիտները գնելու չափ իրական մարգարիտը գտնելու և այն մեր բովանդակ կյանքով, մեր զոհողություններով գնելու համար ջանք գործադրենք ու մեր բոլոր երկրային հարստությունները, մեր ավելորդ զարդերն ու գանձերը տրամադրենք, այդժամ շատ դյուրությամբ կարող ենք հասնել մեր Փրկչին՝ մեր Աստծուն, Որը սիրով մեզ պիտի պարգևի Իր երկնային թագավորությունը։

Աշխարհային ոչ մի գանձ, ոչ մի հարստություն, ժամանակավոր ոչ մի երջանկություն չի կարող փոխարինել այն հավիտենական երջանկությանը, Որը Փրկիչն Ինքն է՝ Իր թագավորական իշխանությամբ, Իր լույսով ու մանավանդ Իր անհուն սիրով, և Նրան փառք միշտ և հավիտյան։

 

Արտավազդ ծ․ վրդ․ Սյուրմեյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․