Առանց բարի գործի, առանց մերձավորի հանդեպ սիրո ունայն է ամեն ինչ: Բազումողորմ Աստված ցանկանում է, որ Իր պատկերն ու նմանություն կրողներն իրենց մերձավորի հանդեպ լինեն ողորմած, համբերատար և անհիշաչար: Տիրոջ կամքի իրագործմանն են ուղղված այն բոլոր սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն սատարելու և աջակցելու կարիքի մեջ հայտնված անձանց: Նոյեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային (51 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ռուզաննան իր երկու քույրերի, հայրիկի և իր ու քրոջ զավակների հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Չարենցի փ. 3շ 23 բն. հասցեում: Կարիքավոր ընտանիքը մի շարք խնդիրներ ունի. Ռուզաննայի հայրն ու քույրն են միայն աշխատում, Ռուզաննան, իր աղջիկը և քույրը առողջական խնդիրներ ունեն, որոնցից որոշները գումարի առկայության դեպքում հնարավոր կլիներ լուծել:
«Աղջիկս՝ Մելինեն (12 տ.), մինչև ութ ամսեկան ոչ մի խնդիր չուներ, սխալ բուժման արդյունքում նա Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ստացավ, ինչի պատճառով նա առ այսօր ո՛չ քայլում է և ո՛չ խոսում: Նրան վերականգնողական բուժումների եմ տանում, այժմ նրա մոտ կերակրափողի հետ կապված խնդիր է առաջ եկել և հաջորդ տարի պետք է վիրահատվի: Մելինեին տրամադրվող հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարները բավարարում են միայն նրա դեղորայքի և որոշ կարիքների լուծման համար»,- ասաց Ռուզաննան: Մելինեի հիվանդության ի հայտ գալուն պես նրա հայրը լքել է ընտանիքը: Ռուզաննան իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ ուշադրության և հոգածության համար:
«Երջանիկ է նա, ում մեջ աստվածային սեր կա, քանի որ այդպիսի մեկն իր մեջ Աստծուն է կրում: Այդպիսի սեր ունեցողը չի խորշում ոչ ոքից, չի զրպարտում ոչ ոքի, չի լսում զրպարտանքներ, չի նախանձում, չի ուրախանում ուրիշի անկմամբ, չի մրոտում ընկածին, այլ կարեկցում է և օգնում, չի ատում եղբորը, որ կարիքի մեջ է, այլ հակառակը՝ պաշտպանում է՝ պատրաստ լինելով անգամ իր կյանքը տալու: Այդպիսի սեր ունեցողը կատարում է Աստծո կամքը»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:
Կարինե Սուգիկյան