«Իսահակի զոհաբերություն»-ը տեսարանի պատկերագրությունը

«Իսահակի զոհաբերություն»-ը քրիստոնեական պատկերագրության մեջ մուտք է գործել վաղ միջնադարում: Պատահական չէ մի շարք ձեռագրերում ավետարանական պատկերաշարի սկսվելը Իսահակի զոհաբերության պատկերով: Այն ունի իր աստվածաբանական պատճառաբանությունը: «Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարում ակնարկ կա Քրիստոսի քավչարար զոհաբերության մասին: Եկեղեցական մեկնաբանական գրականության մեջ այս կապակցությամբ հանդիպում ենք վկայաբերելի հատվածների, որոնցից Դավիթ Անհաղթին վերագրվող «Ի Սուրբ Խաչն Աստուածընկալ» ներբողում կարդում ենք. «Օրհնեալ ես Աստուածազարդ փայտ սուրբ կամ ճշմարտապէս տունկ, որ զի քէն կախեցելոյ սաբեկայ գառամբն ոչ միայն Իսահակ ի մահուանէ փրկիւր, այլ միանգամայն համօրէն ծնունդք Ադամայ»: Ներսես Շնորհալին իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ հստակորեն հաստատում է. «Աբրահամ ծնաւ զԻսահակ՝ յօրինակ Քրիստոսի»: Գրիգոր Տաթևացին ևս արձանագրում է. «…Զի Աբրահամ ի Ծառն Սաբեկայ ետես զԽաչն Քրիստոսի»: Իսահակի զոհաբերությունը մանրանկարում առկա է Իսահակ=Քրիստոս, Սաբեկա ճյուղ=Խաչ խորհրդանշային զուգահեռները: Իսահակի զոհաբերումը Քրիստոսի զոհաբերման կանխանշանն է: Իսահակի զոհաբերությունն իր մեջ պարունակում է Քրիստոսի զոհաբերության խորհուրդը և սա է պատճառը, որ հենց հինկտակարանային այդ դրվագով է սկսվում ավետարանական պատկերաշարը: Աստվածաբանական այս պահի հետ է կապված մի շարք թեմաներում Աբրահամի և Մարիամ Աստվածածնի միասին պատկերվելը: Նրանց միաժամանակյա պատկերակարգումը պայմանավորված է հետևյալով. Աստվածածնի միջոցով մարմնացած, մարդացած Փրկիչը Աբրահամի սերնդից է (Մատթ. 1:1-16), նրանց զավակների համար վերապահված առաքելագործումը ունի նմանություններ: Աբրահամի և Մարիամի խորհրդական նույնականության մասին են վկայում Հին և Նոր Կտակարանների հետևյալ հատվածները. «Պիտի օրհնեմ քեզ» (Ծննդ. 12:2) -«Օրհնյալ ես դու» (Ղուկ. 1:42), «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանավոր պիտի լինեմ» (Ծննդ. 15:1) - «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծո շնորհին» (Ղուկ. 1:30), «Ես եկող տարի նույն այս օրերին կգամ քեզ մոտ և քո կին Սառան որդի կունենա» (Ծննդ. 18:10) - «Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):

«Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարը Էջմիածնի Ավետարանում ներկայացված է հետևյալ մանրանկարների շարքում. մանրանկարիչն ամենից առաջ պատկերել է Քրիստոսին՝ բազմած գահին երկու սրբերի միջև, ապա ներկայացված են ավետարանիչները, Տիրամայրն ու Մանուկը, ի վերջո՝ Իսահակի զոհաբերությունը: Ինչպես նշում է հայագիտության նշանավոր դեմքերից Սիրարփի Տեր-Ներսիսյանը այս մանրանկարները կազմում են ամբողջական մի նկարաշար: Եվ այս Ավետարանում Աստվածածինը Մանուկ Հիսուսը գրկին պատկերը Աբրահամի զոհաբերության տեսարանի հետ խմբակցության մեջ ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ այս երկու նկարները ամփոփում են Ս. Գրքի բովանդակությունը, բացահայտում քրիստոնեական կրոնի և ուսմունքի հիմնական գաղափարները՝ որպես մարդեղություն, խաչելության ու փրկության խորհրդանշան (Ս. Տեր-Ներսիսյան):

Ի տարբերություն Էջմիածնի Ավետարանի մյուս մանրանկարների, որտեղ ֆիգուրները պատկերված են զարդանկար կամարների տակ, «Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարն ունի ուղղանկյուն շրջանակ: Այս մանրանկարը ունի պատկերագրական հետևյալ տիպը. Իսահակը պատկերված է կանգնած՝ դեպի զոհասեղանն առաջնորդող աստիճանների վրա: Նա մերկ չէ, այլ հագնված՝ ի տարբերություն փղոսկրյա փորագրությունների մյուս նկարների: Զուսպ սպասումի մի պահ կա կերպարներում: Իսահակի պատմուճանի վրա գտնվող շրջանակաձև նշանները, նրա կանգնած դիրքը, դեպի վերև՝ զոհասեղանն առաջնորդող աստիճանները, և հորինվածքը մեծանուն գիտնական Հ. Ստրժիգովսկին համարում է հնության վկայություն և համեմատում Բեռլինի փղոսկրյա սրբատուփի հորինվածքի հետ:

Հովհաննես Խիզանցու կողմից նկարազարդած գլուխգործոցներից մեկի՝ Մաշտոցյան Մատենադարանի № 3717 Ավետարանում նույնպես տեղ է գտել «Աբրահամը զոհաբերում է Իսահակին» մանրանկարը: Այս մանրանկարը յուրօրինակ մուտք է դեպի Նոր Կտակարան և արծարծում է փրկագործության թեման: Աբրահամին և Իսահակին Խիզանցին պատկերել է մանրանկարի ստորին միջնամասում: Հայրը բռնել է որդու երկար մազերից և պատրաստվում է զոհաբերել նրան: Իսահակը զոհասեղանի վրա է, որի տեսքը հիշեցնում է եկեղեցու գրակալ: Զոհաբերության համար վառված կրակի հրե լեզվակները դուրս են ելնում սկիհ հիշեցնող անոթի միջից: Մանրանկարի աջ անկյունում պատկերված է Սաբեկա ծառը և նրա ճյուղերից կախված խոյը: Աբրահամի հայացքն ուղղված է դեպի Հայր Աստծո օրհնաբեր Աջը: Սաբեկա ծառը խորհրդանշում է Հիսուսի խաչափայտը, խոյը՝ Հիսուսը, որ պիտի զոհաբերվի մարդկանց փրկության համար:

Վիեննայի № 697 ձեռագրում Իսահակի զոհաբերության տեսարանին նկարիչն ավելացրել է նաև Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը և Խաչելությունը, այսինքն՝ Քրիստոսի մանկությանն ու չարչարանքներին վերաբերող կարևոր տեսարանները:

13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի Վասպուրականի մանրանկարչության ակնառու դեմքերից Վարդան Արծկեցու առաջին ձեռագրի (Մատ. № 7456) պատկերաշարը սկսվում է «Աբրահամի զոհաբերության» և «Ավետման» տեսարաններով: Ի տարբերություն հայկական մանրանկարչության մյուս դպրոցների՝ Վասպուրականում պահպանվում է Աբրահամի զոհաբերության հին կտակարանային թեման: Պատկերագրական այն տարբերակը, որ ներկայացված է այս ձեռագրում, առաջին անգամ է հանդիպում Վասպուրականում. նկարում Աբրահամը ծնկել է Իսահակի վրա՝ ձեռքի դաշույնը մոտեցնելով պատանու կոկորդին:

Մեկնողական գրականության մեջ, հիմք ընդունելով Աստվածաշնչի «Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:14-15) խոսքը՝ խորհրդաբանական զուգահեռ է անցկացվում Մովսես մարգարեի բարձրացրած պղնձե օձի և Քրիստոսի միջև: Եվ քանի որ «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից» (Բ Օրենք 21:23) և «Քրիստոսն Օրենքի այդ անեծքից ազատեց մեզ՝ մեր փոխարեն Ինքը դառնալով անեծքի առարկա, որովհետև Օրենքի գրքում գրված է. «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից» (Գաղ. 3:13), ուրեմն տիեզերքի մեղքը Իր վրա ընդունած Քրիստոս անեծքը խորհրդանշող օձի նման կախվում է խաչից՝ իբրև հակառակատիպ նույն այդ օձի՝ նրան գամելով հին Ադամի բոլոր մեղքերը: Քանի որ Իսահակի փոխարեն զոհաբերվող խոյը Քրիստոսի պատարագի խորհրդապատկերն է, իսկ Սաբեկա ծառն էլ՝ Խաչի խորհրդապատկերն է, ուստի հայ նկարիչները խոյին պատկերում են Սաբեկա ծառից կախված վիճակում: Սաբեկա ծառը պատկերվում է երկճյուղ, որն ամենևին պատահական չէ և ունի իր աստվածաբանական նշանակությունը: Վարդան Արևելցու Արարածոց մեկնության մեջ կարդում ենք. «Սաբեկ ոստ մի ծառոյ թարգմանի կամ երկճղի ծառ»: Գրիգոր Տաթևացին էլ իր բացատրությունն է տալիս. «Խոյն Իսահակայ կախեցաւ զծառոյն Սաբեկայ, որ է երկճղի, որ աւրինակ էր ճշմարիտ Խաչին Քրիստոսի»: Քանի որ ծառը խորհրդանշում է Խաչը, ուստի երկճյուղ լինելը հիշեցնում է Խաչի երկու թևերը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

22.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․