23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ մի իշուկ շատ ուրախ ու հպարտ վերադարձավ տուն: Մայրիկը հարցրեց, թե նա ինչո՞ւ է այդքան երջանիկ:
- Մայրի՛կ, ես ոմն Հիսուսի հետ Երուսաղեմ մտա, և մարդկանց բազմությունն ինձ տեսնելով բացականչում էր. «Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»: Եվ իրենց հագուստն ու ճյուղեր էին փռում իմ ճանապարհին,- ոգևորված պատասխանեց իշուկը:
Այդժամ մայրիկն ասաց.
- Այս անգամ միայնակ վերադարձիր քաղաք և տես, թե ինչ կլինի:
Հաջորդ օրն իշուկը միայնակ գնաց և շատ տխուր վերադարձավ:
- Անհավատալի է, մայրի՛կ: Ինձ ոչ ոք չնկատեց, իսկ երբ ուշադրություն դարձրին, ուղղակի վռնդեցին քաղաքից:
Մայրիկը նայեց նրան ու ասաց.
- Ուրեմն իմացիր, որդի՛ս, որ առանց Տիրոջ դու ուղղակի ավանակ ես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի