Ժամերգությունների մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգությունները յոթն են` ըստ 118:164 սաղմոսի. «Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ»: Յոթ ժամերգություններն ունեն իրենց անվանումները` Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու, Երեկոյան, Խաղաղական, Հանգստյան: Ճաշու ժամերգությունը բաժանվում է երեք մասի՝ երրորդ, վեցերորդ և իններորդ, որով ժամերգությունները նկատվում են նաև ինը հատ` համապատասխան հրեշտակների դասերի թվին: Այժմ հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերգությունները կատարվում են ամեն օր, արևագալի ժամերգությունը` Մեծ Պահքի ընթացքում, Ճաշու ժամերգությունը` Մեծ Պահոց շրջանում պատարագ մատուցված օրերին, ճրագալույցներին և Ավագ Հինգշաբթի Պատարագից առաջ, Խաղաղական ժամերգությունը` Մեծ Պահքի ընթացքում երեկոյան ժամերգության փոխարեն, Հանգստյան ժամերգությունը` Մեծ Պահքի ուրբաթ օրերին:

Ժամերգությունները սկսվում և վերջանում են Տերունական աղոթքով (Մատթ. 6.10-13, Ղուկ. 11.2-4):

Ժամերգությունները կատարվում են ի դեմս

Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո, Առավոտյանը` Որդի Աստծո, որ երևաց յուղաբեր կանանց, Արևագալը` Սուրբ Հոգու և Քրիստոսի Հարության, որ երևաց աշակարտներին:

Ճաշու երրորդ ժամերգությունը կատարվում է ի դեմս Սուրբ Հոգու իջման, նախամայր Եվայի ճաշակման և Քրիստոսով ազատության: Սուրբ Հովհան Օձնեցի Կաթողիկոսը (717-728) «Յաղագս կարգաց Եկեղեցւոյ» աշխատության մեջ նշում է, որ օրվա երրորդ ժամի համար այս ժամերգությունը կարգվեց, որովհետև, ինչպես ասում է Մարկոս Ավետարանիչը, Քրիստոս երրորդ ժամին (առավոտյան ժամը ինին) խաչվեց (15.25), և այդ ժամին էր, որ Եվան ենթարկվեց բանսարկուի հրապուրանքներին և ցանկացավ ճաշակել արգելված պտուղը:

Ճաշու վեցերորդ ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո և Որդի Աստծո չարչարանքների ու խաչելության: Ըստ Օձնեցու` այս ժամին նախամայրը պատվիրանը զանց առավ և ճաշակեց պտուղը, և այդ նույն ժամին նրա` մեղքի քաղցր ճաշակման փոխարեն Քրիստոս լեղիով խառնած քացախ ճաշակեց (Հովհ. 19.30)` ի բժշկություն պտղի դառնության:

Ճաշու իններորդ ժամերգությունը կատարվում է ի դեմս Որդի Աստծո մահվան և բանական հոգու ավանդման: Օձնեցին ասում է, որ այդ ժամին ելավ Ադամը դրախտից, և նույն ժամին Փրկիչը հոգին ավանդեց և Ադմին հանեց դժոխքից:

Երեկոյան ժամերգությունը կատարվում է ի դեմս Որդի Աստծո, որ իջեցվեց խաչից և պաստառով պատվելով դրվեց գերեզմանում: Օրվա ընթացքի անցուդարձից ու զբաղմունքից հոգնում է մարդը և այս ժամին խնդրում է, որ Աստված օգնի իրեն և բոլոր կարիքավորիներին, խնամքի կարոտներին: Խնդրում ենք, որ Տերն ազատի մեզ հոգսերից, ծանրակիր բեռներից և մենք, մեր հոգին սնելով աղոթքներով, սաղմոսներով, նաև մարմնապես զորանանք` գիշերային անկողնում հանգստանալով:

Խաղաղական ժամերգությունը կատարվում է ի դեմս Հոգի Աստծո, նաև Բանն Աստծո, որ դրվեց գերեզմանում և իջավ դժոխք ու խաղաղություն բերեց հոգիներին: Ժամագրքի սկզբում զետեղված ուղղափառ հավատքի դավանությունը պարունակող «Խոստովանիմք»-ում ևս նշվում է, որ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզմանում` աստվածությամբ միավորյալ, և Քրիստոս իջավ դժոխք հոգով` անբաժանելի աստվածությամբ, քարոզեց հոգիներին, ավերեց դժոխքը և ազատեց հոգիներին: Սա հաստատում է նաև Պետրոս առաքյալը (Ա Պետ. 3.18-19): Ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում: Ժամերգության երեք երգերն են «Շնորհեա մեզ Տէր», «Նայեաց սիրով» և «Ի քէն հայցեմք»: «Շնորհեա մեզ Տէր» երգի երկրորդ մասը` Ընդ մեզ Տէր Աստուած խոսքերից սկսյալ, քաղվածք է Եսայու մարգարեության 8-րդ և 9-րդ գլուխներից, երգի յուրաքանչյուր տանը ավելացված են զի Աստուած ընդ մեզ է - քանզի Աստված մեզ հետ է բառերը, որոնք դարձյալ Եսայու խոսքերն են (8.9, 10): Խոսրով Անձևացին ասում է, որ Սևանի միաբաններն այս երգը երգում էին սարակինոսների` արաբների թշնամությունից, հարձակումներից ազատվելու համար: Ժամերգության երկրորդ և երրորդ երգերի հեղինակը Ներսես Շնորհալին է: «Նայեաց սիրով» երգի տների սկզբնատառերը կազմում են Ներսեսի երգ բառերը: Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին խաղաղական ժամերգություն չի լինում:

Հանգստյան ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո, որ Միածնի պահպանողական Աջով պահպանի մեզ խավար գիշերվա ընթացքում:

Ժամագրքի քարոզների և աղոթքների հեղինակներ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արարողությունների հիմնադիրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է:

Սահակ Պարթև (387-436) - Գիշերային ժամերգության վերջին 4 քարոզների և աղոթքների հեղինակ:

Հովհաննես Մանդակունի (478 – 490) - Ժամագրքում նրան են պատկանում Զարթուցեալքս քարոզը, Զքէն գոհանամք աղոթքը:

Եզր Կաթողիկոս (631 – 642) - Արևագալի արարողության հեղինակն է:

Հովհաննես Սարկավագ (12-րդ դար) - Բարերար և Բազումողորմ աղոթքի հեղինակ:

Ներսես Շնորհալի (1166 – 1173) - հեղինակել է Յիշեսցուք, Աշխարհ ամենայն, Առավոտ լուսոյ, Նայեաց սիրով, Ի քէն հայցեմք երգերը և Հաւատով խոստովանիմ քսանչորս աղոթքները, որոնք ասվում են Հանգստյան ժամերգության ընթացքում:

Հովհան Օձնեցի (717 – 728) և Խոսրով Անձևացի (Ժ դար) - գրել են Ժամագրքի աղոթքների մեկնություններ:

Մաշտոց Ա Եղիվարդեցի (897 – 898) - Նրա անունով է Հայաստանյայց Եկեղեցու ծիսարանը, բայց Մաշտոցը ոչ թե ծիսական կարգեր հաստատեց, այլ դրանք ամփոփեց մեկ հատորի մեջ:

Որքան հեռու է արևելքն արևմուտքից

Առաքելական առաջին կանոնն է` եկեղեցում աղոթել դեմքով դեպի արևելք, որը լույսի խորհրդանիշն է, նաև Քրիստոսի երկրորդ գալուստը արևելքից է լինելու (Մատթ. 24.27): Եկեղեցիների գլխավոր մուտքը միշտ բացվում է դեպի արևելք, նաև գերեզմաններում ննջեցյալներին թաղում են դեմքով դեպի արևելք, որպեսզի Քրիստոսի երկրորդ գալստյանը` ընդհանրական հարության ժամանակ, ննջեցյալները հարություն առնեն դեմքով դեպի Քրիստոս: Եկեղեցու ներսում դեմքով դեպի արևմուտք են դառնում միայն սատանայից և նրա չար զորությունից հրաժարման ժամանակ, երբ արտասանում են համապատասխան «Հրաժարիմքը»: «Հրաժարիմքն» ասվում է Սուրբ Պատարագից առաջ, ինչպես նաև մկրտության արարողության ընթացքում: «Որքան հեռու է արևելքն արևմուտքից» (Սղմ. 102.12), հավատացյալն այնքան պետք է հեռանա մեղքից, սատանայական գայթակղություններից:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

08.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․