26 Նոյեմբեր, Գշ Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր

Ղուկիանոս քահանա

Երկու Ղուկիանոս քահանաներ կան մեր տոնացույցում և նրանցից մեկը հիշատակվու է որպես Ղունկիանոս: Սրանցից մեկը տոնվում է Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ երկուշաբթի օրը, մյուսը Հիսնակի պահքի առաջին երեքշաբթի օրը: Հայսմավուրքներում միայն մեկ Ղուկիանոս քահանա է առկա, Թորգոմ պատրիարքն էլ իր «Սուրբք և Տոնք» գրքում միայն մեկ Ղուկիանոս է հիշատակում: Հույների տոնացույցում էլ միայն մեկ Ղուկիանոս քահանա կա: Թեև Լատինների մոտ երկու Ղուկիանոս քահանաներ կան, բայց սրանցից մեկն այնքան աննշան է և Գաղատիայում նահատակված, որ չենք կարծում, թե մեր տոնացույցում ընդգրկված լինի, ինչպես որ չի ընդգրկվել նաև հույների մոտ: Այսքանով հանդերձ մենք էլ մեկ Ղուկիանոս քահանա ենք ճանաչում, որի համար չենք կարծում, որ երկու անգամ է տոնվել մեր եկեղեցում, ուստի սրանցից մեկը տոնացույցից պետք է հանվի:

Հայտնի Ղուկիանս քահանան ծնվել է Սամոսատում: Նա մեծացել և գործել է 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին: Հանդիսանում էր Անտիոքի իր աստվածաբանական դպրոցի գլուխը, որին աշակերտել են Արիոսը և Եվսեբիոս Նիկոմիդացին (նույնպես արիոսական): Այնպես որ ճշմարիտ, թե թյուրիմացաբար, բայց Ղուկիանոսը համարվում է նախահայրը այն աստվածաբանական տեսությունների, որոնք իրենից հետո դրսևորվեցին արիոսականների մեջ:

Սակայն հակառակ իրեն վերագրված այս տեսակետների, որոնք Արիոսի հետ դատապարտվեցին Նիկիայի տիեզերական ժողովին, առաքինի անձ էր և սրբակենցաղ հոգևորական: Հայմավուրքը նրա մասին ասում է. «Սնված և վարժված էր ճգնություններին և Աստվածահաճո ապրելակերպին: Իր ծնողներին կորցնելուց հետո իր ամբողջ ունեցվածքը տալիս է աղքատներին և Ս. Գրքի մեծ ուսումնասիրող է դառնում»: Հակառակ նրա, որ միայն քահանայական կարգ ուներ «իր եպիսկոպոսի հրամանով կատարյալ վարդապետ եղավ»: Մաքսիմինոս Դաժի հարուցած հալածանքների ընթացքում ձրբակալվում է և Նիկոմիդիա տարվում, որտեղ ինը տարի բանտարկվելուց և բազում չարչարանքների համբերելուց և ի պաշտպանություն իր հավատքի հրաշալի ճառ արտասանելուց հետո 312թ-ին գլխատվում է:

Ղուկիանոսը նաև արժանի է հիշատակության այն բանի համար, որ հավատում էր Ս. Գրքի տառական և պատմական մեկնաբանությանը, այլ ոչ թե՝ այլաբանական, որին այդ ժամանակներում հավատում էին Ալեքսանդրիայի դպրոցի հետևողները: Այդ իսկ պատճառով նա շեշտը դնում էր Ս. Գրքի բնագրային ճշգրտության վրա: Ուստի ձեռնարկում է Եբրայական բնագրի համեմատությամբ Յոթանասնից թարգմանության սրբագրության աշխատանքները: Այս սրբագրությունը լայն գործածություն է գտնում 4-րդ դարում:

Հստակեցնելով անորոշությունները և հղկելով լեզուն, Նոր Կտակարանում էլ է կատարում որոշ մանր քերականական սրբագրություններ, համարվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը նրա սրբագրությանն է պատկանում: Հերոնիմոսը գովում և բարձր է գնահատում այս սրբագրությունը, իսկ Ոսկեբերանը գովում է Ղուկիանոսի առաքինի և գիտնական անձ լինելը:

 

Տարագրոս, Պրոբոս, Անդրոնիկոս

Երեք սրտակից քրիստոնյա ընկերներ են նրանք, որոնք Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ Տարսոնում իրար հանդիպեցին: Որպես քրիստոնյաներ քաղաքի դատավորին մատնվեցին և թե՛ Տարսոնում, թե՛ Անարզաբա քաղաքում բարբարոսական տանջանքների ենթարկվելով՝ ի վերջո գլխատվելով արժանացան մարտիրոսության պսակներին;

Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց առաջին երեքշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

 

Ոնեսիմոս

Ոնեսիմոսն Ավետարանական սրբերից մեր տոնացույցում ընդգրկվածներից թեև անվանապես վերջինն է, սակայն ո՛չ Նոր Կտակարանի սրբերից և ո՛չ էլ Պողոս Առաքյալի աշակերտներից վերջինը չէ: Նոր Կտակարանի մեջ տակավին ուրիշ անուններ և անձնավորություններ կան, որոնց համար հավատում ենք, որ երկնքում Աստծո սրբերի բանակի մի մասն են կազմում: Նրանցից ոմանց ստորև պիտի անդրադառնանք:

Ոնեսիմոսը Պողոսի աշակերտների մեջ խոնարհագույնն է, քանի որ Պողոսի հոգածությանը և հայրական ուշադրությանը արժանացած մի ստրուկ էր: Այս ստրուկը Կողոսայում բնակվող իր տիրոջից՝ Փիլիմոնից, Հռոմ էր փախել, որտեղ Պողոսին հանդիպելով՝ կրկնակի ազատագրում ունեցավ: Նախ, ազատվելով մեղքի ստրկության խայթոցից, քրիստոնյա դարձավ և ապա, հավատում ենք, որ նաև իր երկրավոր տիրոջ՝ Փիլիմոնի ներմանն էլ արժանացավ: Ոնեսիմոսի այս փախուստն ու Պողոս Առաքյալի հետ հանդիպումը ոչ միայն նրա փրկության պատճառ դարձավ, այլև քրիստոնյա աշխարհը սրանից շահեց Պողոս առաքյալի թերևս ամենակարճ և ամենաանձնական, բայց միևնույն ժամանակ ամենագողտրիկ նամակը «Թուղթ Փիլիմոնին»: Այն փաստը, որ Ոնեսիմոսի մասին մեր ունեցած միակ աղբյուրը այդ թուղթն է և մյուս կողմից հաշվի առնելով նրա կարճությունը և կարևորությունը, այն մեջբերում ենք նույնությամբ:

«Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին ինչպես նաև Ապփիա քրոջը (Փիլիմոնի տիկինը), մեր զինակից Արքիպպոսին (հավանաբար Կողոսայի երեցը) և տանը կից եկեղեցուն։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։

Գոհություն եմ մատուցում իմ Աստծուն՝ իմ աղոթքներում միշտ հիշատակելով քեզ, երբ լսում եմ քո հավատի և սիրո մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի (քրիստոնյաների) հանդեպ, որպեսզի քո հաղորդակցությունը հավատին արգասավոր լինի ճանաչելու այն ամբողջ բարին (առավելությունը), որ կա ձեր մեջ Քրիստոս Հիսուսով։ Մեծ ուրախություն և մխիթարություն ունեցա՝ լսելով քո սիրո մասին, եղբայր, քանի որ հավատացյալները քեզնով գտել են իրենց խաղաղությունը։

Չնայած մեծ համարձակություն ունեմ Քրիստոսով հրամայելու քեզ անել, ինչ որ պետք է, սակայն քո հանդեպ սերը ստիպում է ինձ, որ աղաչեմ ես՝ ծերացած Պողոսը և այժմ նաև բանտարկյալը Հիսուս Քրիստոսի։ Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Ոնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա ես իմ կապանքների մեջ. (իմ այս բանտարկյալ վիճակում դարձի բերեցի): Այո Ոնեսիմոսի համար, որը մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թե՛ քեզ և թե՛ ինձ։ Նրան հետ ուղարկեցի քեզ մոտ. և դու ընդունի՛ր նրան որպես իմ սրտի հատորը. նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայի ինձ՝ Ավետարանի համար իմ կրած կապանքների մեջ։ Բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպեսզի քո բարի գործը հարկադրանքով չլինի, այլ՝ հոժարակամ։

Եվ թերևս նա հեռացավ մի որոշ ժամանակ նրա համար, որ ընդմիշտ ունենաս նրան այլևս ոչ իբրև ծառա, այլ ավելի վեր, քան ծառան, որպես մի սիրելի եղբայր. եթե նա ինձ համար սիրելի է, որչա՜փ ևս առավել կլինի քեզ համար՝ թե՛ իբրև ստրուկ և թե՛ իբրև եղբայր Տիրոջով։ Եթե ինձ ընկերակից ես համարում քեզ, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ կընդունեիր։ Եվ եթե մի անիրավություն է արել քո դեմ կամ մի բան է պարտք քեզ, այն իմ վրա՛ հաշվիր։ Ես՝ Պողոսը, իմ ձեռքո՛վ գրեցի, ես կհատուցե՛մ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ քո անձն ես ինձ պարտական։ Այո՛, եղբա՛յր, քո փոխարեն ե՛ս ուրախանամ Տիրոջով։ Մխիթարի՛ր իմ սիրտը Քրիստոսով։ Քո հնազանդությանը վստահելով է, որ գրեցի քեզ, քանզի գիտեմ, որ կանես ավելին, քան ինչ ասում եմ։ Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տեղ պատրաստի՛ր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքներով կշնորհվեմ ձեզ։

Ձեզ ողջունում է Եպափրասը՝ իմ գերության ընկերը ի Քրիստոս Հիսուս, ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը՝ իմ գործակիցները։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ»։

Այս նամակին կից Պողոսը գրեց նաև այսօր մեր ունեցած «Կողոսացիների Թուղթ»-ը և երկուսը միասին հանձնեց իր գործակիցներից Տյուքիկոսին և Ոնեսիմոսին էլ նրան ընկերակից կարգելով՝ երկուսին ուղարկեց Կողոս, որը գտնվում էր Փոքր Ասիայի Էգեյան շրջանում, այսօրվա Դենիզլի քաղաքից ոչ շատ հեռու: Այդ թղթի վերջավորության մեջ Պողոս Առաքյալը ասում է. «Մեր վերաբերյալ  տեղեկություններ պիտի ստանաք Տյուքիկոս սիրելի եղբորից և Տիրոջ գործի մեջ հավատարիմ օգնականից և գործակցից, որին (Տյուքիկոսին) ուղարկեցի ձեզ մոտ որպեսզի մեր մասին տեղեկանաք և սրտով մխիթարվեք: Նրան կընկերանա նաև Ոնեսիմոս սիրելի և հավատարիմ եղբայրը, որը ձեզնից մեկն է (Կողոսացի է): Նրանք ձեզ կպատմեն այստեղ կատարվածի մասին» (Կող. 4:7-4):

Ավանդությունը Ոնեսիմոսին, իր տիրոջ մահվանից հետո, քարոզչության համար զանազան երկրներ է ուղարկում: Երբ դատվելու համար հռոմեացի դատավորի առջև է կանգնում, այն հարցին, թե ո՞վ է նա, Ոնեսիմոսը պատասխանում է. «Ես երբեմն մարդու ծառա էի՝ դրամով գնված, այժմ Աստծո ծառա եմ՝ Քրիստոսի Արյունով գնված, և ազատված»: Մահացու չարչարանքների ներքո ավանդում է հոգին:

 

Պողոսի մյուս աշակերտները

Մեր տոնացույցը Ոնեսիմոսից հետո ավելացնում է. «և Պողոսի այլ աշակերտների (հիշատակը)»: Արդարև բազմաթիվ են անվանապես հիշատակված Պողոս Առաքյալի աշակերտները, որոնց հանդիպում ենք թե՛ Գործք Առաքելոցում և թե՛ մանավանդ նրա թղթերում: Մենք բացի վերոհիշյալներից հաշվել ենք ավելի քան քառասուն անուն: Գոնե համառտակի ներկայացնենք նրանցից գլխավորներին, որոնք այս կամ այն կերպ հիշատակվում են Գործք Առաքելոցում, կամ Պողոսի Թղթերում:

1. Վերը տեսանք նրանցից մեկին՝ Տյուքիկոսին, որն առհասարակ Պողոսի նամակատարն էր:

Բացի վերոհիշյալ Թղթից նաև տարել է «Եփեսացիներին ուղղված Թուղթը» (Եփես. 6:21-22) և Տիմոթեոսին ուղղված Թուղթը (Բ Տիմ. 6:12): Հավանաբար Եփեսացի է, որը Պողոսին ընկերացել է հենց այդ քաղաքում՝ նրա Մակեդոնիա՝ Կորնթոս և Երուսաղեմ ճանապարհորդության ժամանակ (Գործք 20:4):

2. Ակյուղաս և Պրիսկիղա, այր և կին, Պոնտացի պատվական գործակիցներ էին, բայց ապրում էին Հռոմում, սակայն այնտեղից վտարվեցին, երբ Կղոդիոս կայսրը 49 թ.-ին հրեաներին Հռոմից հալածեց: Գալով Կորնթոսում բնակություն հաստատեցին, որտեղ Պողոսը նրանց հադիպեց, երբ առաջին անգամ այցելել էր այդ քաղաքը և քանի որ նրանք էլ էին վրանագործ, ուստի Պողոսը նրանց «միացավ» (Գործք 18:1) և միասին աշխատում էին: Դրանից հետո նրանք դարձան Պողոսի անձնվեր բարեկամները և գործակիցները, որոնց մասին առաքյալը միշտ գնահատանքով է արտահայտվում, օրինակ նրանց ակնարկելով ասում է. «Որոնք իմ փոխարեն իրենց պարանոցները խոնարհեցրին, որոնց գովեստըի մասին պատմում եմ ոչ միայն ես, այլև հեթանոս ամբողջ եկեղեցին» (Հռոմ. 16:3): Նրանց տունը հավատացյալների հավաքատեղի էր, այսինքն «Առտնին Եկեղեցի»: Նրանք արժանի են միասնաբար անցնելու մեր տոնացույցի մեջ, ինչը որ արդարև արել են մյուս եկեղեցիները:

3. Ոնեսիփորոս, մեկ այլ պատվական բարեկամը և գործակիցը Պողոս Առաքյալի, հավանաբար իրար հետ ծանոթացել են Եփեսոսում: Երբ Պողոսը Հռոմում երկրորդ անգամ բանտարկվել էր, Տիմոթեոսին հետևյալն է գրում. «Այս իմացիր, որ փոքրասիացիները բոլորն էլ ինձնից հեռացան… Սակայն Աստված թող իր բարիքները առատացնի Ոնեսիփորոսի ընտանիքի վրա, որ բազում անգամ իմ համար հանգիստ եղավ և իմ կապանքները ամոթ չհամարեց, այլ երբ Հռոմ եկավ անընդհատ փնտրեց ինձ և գտավ, թող Տերը դատաստանի օրը նրան ողորմություն անի: Իսկ թե նա ինձ ինչքան օգնեց Եփեսոսում, դրա մասին դու ինքնին քաջատեղյակ ես» (Բ Տիմ. 1:15-18, 4:19):

4. Երաստոս, կոչվել է նաև Կորնթոսի «շահաբ» (քաղաքապետ), այս տիտղոսը հոմանիշ է «սահաբ», կամ «սահիբ» (պարոն) արաբերեն բառին, որը նաև թուրքերենին է անցել: Ս. Գրքի անգլերեն թարգմանությունը այս բառը թարգմանում է որպես «գանձապետ», սակայն ինչ էլ որ լինի բառի ստույգ իմաստը, մի բան պարզ է, որ նա բարձր դիրք ունեցող մի անձնավորություն էր, որը Պողոսին գործակից լինելը, կամ աշակերտ համարվելը ամոթ չհամարեց. նախ Մակեդոնիա ուղարկվեց, ապա դեպի Եփեսոս ճանապարհին Պողոսին ընկերացավ, ապա նորից Կորնթոս, իր քաղաքը, վերադարձավ: (Գործք 19:22, Հռոմ. 16:23,  Բ Տիմ. 4:20):

5. Ապողոս, Ալեքսանդրիացի մի հրեա էր, հմուտ հռետորության մեջ և «ճարտարաբան», որը «հմուտ էր Ս. Գրքի գիտելիքների մեջ» և Եփեսոս գալով «հոգով եռում էր, ճշմարտությամբ խոսում և ուսուցանում էր Հիսուսի մասին», բայց լոկ «Հովհաննեսի մկրտությանն» էր տեղյակ: Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց մոտ ապաստան տվեցին նրան և «ճշմարտագույնը» սովորեցրին նրան: Եփեսոսից Կորնթոս գնաց, որտեղ մեծ հմտությամբ Ավետարանը քարոզեց՝ ոռոգեց և ընդարձակեց Պողոսի սկսած գործը (Գործք 18:24-28):

6. Արիստարքոս. Սալոնիկցի, շատ հավատարիմ մի գործակից, որի կյանքը վտանգի ենթարկվեց, երբ Եփեսոսում Պողոսի դեմ ուժգին հակառակություն եղավ (Գործք 29:29), սակայն ազատվելով շարունակեց իր գործակցությունը Առաքյալին, որի դեպի Հռոմ ճանապարհին ընկերակիցներից մեկն էր (Կող. 4:10):

7. Եպափրաս. Կողոսացի, հավանաբար այս քաղաքի քրիստոնյա համայնքի առաջիններից: Նրան հանդիպում ենք Հռոմում, Պողոսին բանտակից լինելու, կամ գործակից լինելու ժամանակ (Կող. 1:7, 4:12):

8 – 11. Ստեփանես, Փորտունատոս, Կրիսպոս, Գայիոս, չորսն էլ Կորնթացիներ են և ուղղակիորեն Պողոս Առաքյալի ձեռքով մկրտված, առաջին երեքը «ամբողջ ընտանիքով», նրանք «առաջին պտուղներն» են համարվում Աքայիայի և նրանք «իրենց անձերը հավատացյալներին ծառայելուն էին նվիրաբերել»: Պողոսը Կորնթացիներին հանձնարարում է, որ «այսպիսիներին հնազանդվեն», որից էլ կարելի է ենթադրել, որ եկեղեցում բարձր դիրք էին զբաղացնում: Առաջին երկուսը, այլ ընկերներով հանդերձ, Եփեսոս են այցելել, որի համար «ուրախ եղա» ասում է Առաքյալը, «քանզի ձեր պակասությունը նրանք լրացրին, քանի որ խաղաղեցրին իմ հոգին, գնահատեք այսպիսիների արժեքը (Ա Կոր. 16:15-18): Վերոհիշյալ նամակն էլ նրանց ձեռքով Եփեսոսից Կորնթոս ուղարկեց: Կրիսպոսը Կորնթոսի հրեաների ժողովապետն էր (առաջնորդը), իսկ Գայոսը Պողոսի «հյուրընկալ»-ն էր, հավանաբար նույն այն անձն է, ում ուղված է Հովհաննես Առաքյալի Գ թուղթը:

12–14. Ղինոս և Կղոդիա. Պողոսը նրանցից ողջույն է ուղարկում Տիմոթեոսին (Բ Տիմ. 2:21): Ավետարանից նրանց մասին այսքանն է հայտնի, սակայն ավանդությունը նրանց տանում է մինչև Հռոմ և Ղինոսին նկատում է Պետրոսից հետո Հռոմի հաջորդ եպիսկոպոսը, Իսկ Կղոդիային նրա մայրը:

15-16. Տրիփոսա և Տրիփոնա. «Տիրոջ վաստակավորներ» (Հռոմ. 16:12): Թերևս ավելի ոչինչ չգիտենք նրանց մասին, բայց ենթադրվում է, որ երկվորյակ քույրեր են եղել և նրանց անունները թարգմանաբար նշանակում են «Սիրուն և Քնքուշ»:

17-18. Անդրոնիկոս և Հունիա. համարվում են այր և կին, կամ եղբայր և քույր: Պողոս առաքյալը նրանց «իմ ազգականներն ու բանտակիցներն» է կոչում, որոնք հայտնի էին առաքելական շրջանակներում և նրանից (Պողոսից) առաջ քրիստոնյա էին դարձել (Հռոմ. 16:7):

19. Փիբե. նրան Առաքյալը կոչում է «մեր քույրը, որը Կենքրայի եկեղեցու սպասավորներից է», և հռոմեացի հավատացալներից պահանջում է նրան «ընդունել Տիրոջ անունով և սրբերի արժանի ձևով և ինչ գործի համար էլ որ ձեզ խնդրի օժանդակեք նրան, քանզի նա էլ շատերին օգնական է եղել, այդ թվում նաև ինձ» (Հռոմ. 16:1-2): Հավանաբար «Հռոմեացիներին» ուղված նամակը Կորնթոսից իր հասցեատիրոջը հասավ այս կնոջ ձեռքով: Վերոհիշյալ Կենքրա քաղաքը Կորնթոսի նավահանգիստն էր:

20. Դիոնեսիոս Արիսպագացի, մի Աթենացի մտավորական, որը Պողոսի Աթենքում կատարած ոչ այնքան հաջող առաքելության ընթացքում, գլխավոր հավատացյալը եղավ (Գործք 17:34): Ապա ըստ ավանդության եղել է Աթենքի առաջին եպիսկոպոսը: Հիմնվելով այն սխալ ենթադրության վրա, ըստ որի «Դիոնեսիոսի» անունով մեզ հասած միստիկ աստվածաբանական գործերը, որոնք կարևոր տեղ էին զբաղեցնում հին եկեղեցու մատենագրության մեջ Արիոպագացուն են պատկանում, մենք Դիոնեսիոսի հիշատակությունը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող յոթերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը, «Երկոտասան Վարդապետներ»-ի հետ: Այսօր բացահայտված է, որ այդ գրվածքները Ե դարին են պատկանում: Եթե այս սխալ կարծիքը չլիներ, Արիսպագացին միայն Պողոսի աշակերտների հետ պիտի հիշատակվեր, ինչը որ արդարև կատարում ենք Պողոսի գլխավոր աշակերտների՝ Տիմոթեոսի և Տիտոսի պարագային՝ Ս. Խաչի հինգերորդ հինգշաբթի օրը:

Տակավին կան բազմաթիվ աշակերտներ, որոնք անվանապես հիշատակվում են Պողոսի թղթերում, կամ «Գործք»-ում: Օրինակ Զենոնը, Արտեմասը «օրինակելի դպիր», Կրեսկեսը, Կարպոսը, որի մոտ՝ Տրովադայում, Պողոսը թողել էր իր «փիլոնը»՝ ձմեռային վերարկուն և նույն այդ վերարկուն բերել էր հանձնարարել Տիմոթեոսին: Սոսթենեսը, Կորթոսում հրեաների ժողովապետը, Տրոփիմոսը, որին հիվանդ վիճակում թողել է Մելիտոսում, Եբուղոս և Պիդես: Հիսուսը, որին Հուստոս վերանվանեց, Նիմփասը, Աքրիպասը, և դեռևս միայն Հռոմեացիների թղթում հիշատակվող քսան անուններ, որոնց Պողոսը, որպես իրեն ծանոթ անձնավորություններ, ողջույն է հղում (16:5-16): Սրանցից է օրինակ «ընտրյալ» Ռուփոսը, Հիսուսի խաչը կրող Սիմոն Կյուրենացու որդիներից մեկը, մյուսը՝ Ալեքսանդրը, հիշատակվում է Մարկոսի մոտ՝ 17:21: Նաև ակնարկություն կա նրանց մոր վերաբերյալ, որին Պողոսն իր մայրն է համարում (Հռոմ. 16:13): Սոսիպատրոսը, Պողոսի «ազգականը»: Տերտիոսը, որը որպես քարտուղար գրել է Հռոմեացիներին ուղղված թուղթը:

Նրանցից շատ շատերը անվանապես հիշատակվում են հունական և լատինական օրացույցներում, ինչպես նաև մեր Հայսմավուրքներում:

Հայերս նրանց հիշատակը տոնում ենք միասնաբար, Հիսնակի պահոց առաջին երեքշաբթի օրը:

 

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․