Ջրօրհնյաց Խաչի և սրբապատկերի օծում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Մայիսի 27-ին Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունն անցկացվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Ժամերգության ավարտին Սրբազան Հոր ձեռամբ օծվեց ջրօրհնյաց արծաթե Խաչը և Սբ. Մովսես Տաթևացի հայրապետի սրբանկարը: Ջրօրհնյաց արծաթյա Խաչը եկեղեցուն էր նվիրաբերել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը:

Օծման արարողությունից հետո Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընթերցեց «Գիր գնահատանաց»-ը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի գնահատանքն ու օրհնությունը, եկեղեցու հոգևորաց դասի և համայնքի երախտագիտությունը հայտնելով Մանվել Բադեյանին:

Ապա Սրբազան Հայրը, օծման առիթով ողջունելով ներկաներին, ասաց. «Հայցենք Տիրոջից, որ օծված Խաչի և սրբապատկերի միջոցով յուրաքանչյուրն արժանանա Տիրոջ օրհնությանը, զգա քաջալերանքն ու ներշնչանքն այն զորության, որ կոչվում է հավատք: Սբ. Մովսես Տաթևացին, այն միակ հայրապետն է, ով գործել և քարոզել է Երևանում՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, իր քառամյա գահակալության ընթացքում ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարսից մեծագումար հարկից: Թող այսօր Սբ. Մովսես Տաթևացու հոգին թագավորի մեր էության մեջ, մեր սրտի մատյանում գրանցվի, մեր մտքերի մեջ թելադրուն դառնա՝ նրա անունը օրհնությամբ բարբառելու համար: Մեր մեջ կարող են ծնվել Սուրբ Տաթևացիներ, որ հավաքագրելով ազգը, կդարձնեն այն ինքնակազմակերպված, որով ազգը ի վիճակի կլինի ինքնուրույն հաղթահարելու յուրաքանչյուր խոչընդոտ: Որպես Սբ. Մովսես Տաթևացու ժառանգներ՝ ներշչված լինենք այն հավատքով, որ, ունենալով ոգի, նպատակ, կամք, կարող ենք գործել ի նպաստ հայության, ի նպաստ եկեղեցու, ի նպաստ ընտանիքի և հավատքի: Այս երկու սրբությունները թող ներգործեն մեր հոգիների մեջ, առաջնորդեն, ուղեկից և մարտակից լինեն մեզ մեր կյանքի խոչընդոտները հաղթահարելու համար»:

Ջրօրհնյաց Խաչի նվիրատու Մանվել Բադեյանը նշեց, որ Սուրբ Խաչը, փրկության գործիք լինելով, մարդկության վերածնման հնարավորությունը դարձավ:

Արարողությունից հետո բոլոր ներկաները հաղորդ դարձան Սուրբ Խաչի և սրբապատկերի օրհնությանը:

Խաչը, սրբապատկերը ինչպես նաև ամեն մի սպասք, աստվածպաշտական իր, որ մտնում է եկեղեցի, օրհնվում է և օծվում:

Չօծված պատկերները եկեղեցում բարեպաշտության առարկա չեն կարող լինել: Պատկերները օրհնվում և օծվում են Սուրբ Մյուռոնով Մայր Մաշտոցի կանոնի համաձայն: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից:

Ջրօհնյաց Խաչը գործածվում է ամեն տարի հունվարի 6-ին Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնական Սբ. Պատարագի ավարտին՝ ջրօրհնյաց արարողության ժամանակ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որի ժամանակ մեր Տերը օրհնեց ջուրը: Ջրօրհնեքին հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, Սուրբ Խաչով և սրբագործվում Սրբալույս Մյուռոնով: Ապա Սուրբ Խաչը, որը խորհրդանշում է Հիսուսին, ջուրն է իջեցվում: Այս արարողությամբ Տիրոջից խնդրում ենք, որ ինչպես Հորդանանի ջրերի վրա իջավ Սուրբ Հոգին, այդպես էլ իջնի այստեղ, օրհնի ու սրբի ջուրը: Ապա Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Որպես փրկության խորհրդանիշ՝ Խաչն առկա է ամենուր, որտեղ իրագործվում է քրիստոնեական աստվածապաշտությունը՝ պատկերվելով եկեղեցու պատերին, եկեղեցական սպասքի և բոլոր ծիսական զգեստների վրա: Նրանով են տյառնագրում և օրհնում եկեղեցու բոլոր խորհուրդները և արարողությունները: Այն մեզ հիշեցնում է Փրկչի տնօրինությունը մարդկային ազգի փրկության համար: Խաչը դնում են եկեղեցիների գմբեթների և զանգակատների վրա:

Քրիստոսի խաչելությամբ Խաչափայտը մահվան գործիքից կյանքի և փրկության միջոց, պաշտամունքի և երկրպագության առարկա, քրիստոնեական կրոնի խորհրդանիշ դարձավ:

«Խաչը` լույսի ճառագայթ է խավարի մեջ, Խաչի շնորհիվ հրեշտակները մարդկանց երանի տվեցին, և Խաչի շնորհիվ երկիրը երկինք դարձավ» (Սբ. Եփրեմ Ասորի):

 

Կարինե Սուգիկյան

27.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․