Մի անգամ Սկյութիայի երեցը գնաց Ալեքսանդրիա և այնտեղից վերադառնալով` կամեցավ հաստատել եղբայրներին և ասաց նրանց. «Ոմանցից լսում եմ, թե Ալեքսանդրիայում մարդկանց մեծ բազմություն կա. սակայն ես, արդարև, մտնելով այնտեղ՝ ոչ մի մարդկային դեմք չտեսա, բացի եպիսկոպոսապետից»: Իսկ եղբայրները, լսելով այս, տագնապեցին և հարցրին. «Մի՞թե մարդիկ ջրասույզ են եղել, հա՛յր»: Եվ նա պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այդպես չէ, պարզապես իմ խորհուրդները չկարողացան հաղթել ինձ և ստիպել աչքերս վեր բարձրացնել և մարդկանց նայել, որպեսզի չպղծվեն խորհուրդներս»: Եվ նրանք սքանչացան և հաստատվեցին նրա խոսքից, որպեսզի պահեն իրենց աչքերը՝ չտեսնելու աշխարհիկ ունայնությունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016