23 Դեկտեմբեր, Բշ
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» (“Старый Свет”) հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս, հոգեբան՝ Եվգենի Պրոցենկոն: Հայաստանում նա հանդես եկավ երկօրյա սեմինարներով:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջին սեմինարն անցկացվեց հունվարի 8-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում «Կախվածությունը որպես հիվանդություն և այն լուծելու ուղիները» և «Մենք ինչ կարող ենք անել. սկիզբը և հաջորդող քայլերը» .թեմաների շուրջ: Սեմինարին մասնակցում էին հոգևորականներ, «Ցերեկային կենտրոն»-ի աշխատակիցներ և շահառուներ, տարբեր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, հոգեբաններ և ծխական համայնքների սոց. աշխատողներ և այն կամավորները, ովքեր ցանկություն ունեն համայնքներից ներս աշխատելու կախվածություն ունեցողների հետ:
Սեմինարը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Գրիգորը ներկաներին փոխանցեց Սրբազան Հոր հայրական օրհնությունը և իր շնորհակալությունը հայտնեց թե՛ Եվգենի Պրոցենկոյին հրավերն ընդունելու համար և թե՛ սեմինարի կազմակերպման աջակիցներին՝ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին և մոսկվաբնակ Կարինե Համբարձումովային:
Եվգենի Պրոցենկոն, անդրադառնալով սեմինարի առաջին թեմային, նշեց, որ կախվածությունը հասարակական խնդիր է իր շղթայական հետևանքներով՝ ընտանեկան ճգնաժամ, անգործություն, անօթևանություն, հանցագործություն, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակ: Վերջինիս բուժման դեպքում, անարդյունք է ախտանիշներին ուշադրություն դարձնելով, անտեսել կախվածության կարևոր հանգամանքը:
Ըստ հոգեբանի՝ կախվածությունը կյանքի վատ պայմանների կամ վատ դաստիարակության հետևանք չէ, այլ մարդու հոգևոր աշխարհը վնասող կոմպլեքսային հիվանդություն՝ կապված կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոններից:
Իսկ չարաշահության և կախվածության հետ կապված հոգեբանն ասաց, որ չի կարելի նույնացնել այս հասկացությունները, պրակտիկան ցույց է տալիս, որ չարաշահումը շատ քիչ դեպքերում է կախվածության վերածվում: Եվ եթե բժշկական տեսակետից քիչ թե շատ կարելի է հաղթահարել չարաշահումը, ապա կախվածության դեպքում այն բացառվում է, քանի որ այն անբուժելի հիվանդություն է: Բայց դա չի նշանակում կախվածություն ունեցողը դատապարտված է մահվան, քանի որ հիվանդությունը կարելի է կանխարգելել: Ե. Պրոցենկոն նշեց, որ այստեղ շատ կարևոր է ընտանիքի գործոնը՝ որպես փոքր եկեղեցի, և նրա գլխավոր ֆունկցիան նույնն է ինչ մեծ եկեղեցունը՝ մարդկանց միավորումով հասնել Աստծո հետ միավորմանը:
«Կախվածության հիմքում վախն է՝ սիրո պակասը, որը մարդը կարող է ստանալ միայն Աստծուց, բայց ոչ մարդկանցից, քանի որ մարդը կատարյալ չէ: Իսկ վախն առաջնորդում է դեպի եսասիրություն: Անձի մոտ հոգեբանական հատկանիշները ձևավորվում են ըստ միջավայրի: Եթե երեխան մարդկային միջավայրում չմեծանա, մարդ չի դառնա: Եթե մարդիկ կատարյալ լինեին, ապա մարդու արտացոլումը դիմացինի մեջ կատարյալ կլիներ»,- ասաց Ե. Պրոցենկոն:
Սեմինարի մասնակիցներին պարզ դարձավ, որ կախվածության հիվանդության կանխարգելման հարցում կարևոր են բոլոր գործոնները, այս խնդիրների շուրջ զբաղվող բազմաթիվ կենտրոնների համագործակցությունը, երեխաների տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքները, ինքնօգնության համար կազմակերպված ակումբները՝ «Անանուն ալկոհոլամոլների», «Անանուն թմրամոլների», ինչպես նաև կախվածություն ունեցողների հարազատների համար ստեղծված ակումբները: Եվ բոլոր այս աշխատանքներում իր կարևոր դերն ունի եկեղեցին: Ողջ աշխարհում բավականին արդյունավետ է գործում քրիստոնեական սկզբունքների վրա հիմնված «12 քայլ» ծրագիրը, որ կազմել են բուժման ելքեր փնտրող մի քանի ալկոհոլամոլներ ԱՄՆ-ում 1935թ-ին: Ե. Պրոցենկոն մանրամասնորեն ներկայացրեց ծրագրի 12 քայլերը: ԱՄՆ-ում ալկոհոլամոլների համար վերականգնողական կենտրոն հիմնած ամերիկացի հոգևորական Հայր Ջոզեֆ Մարտինը «12 քայլ» ծրագիրը ներկայացրել է ընդամենը վեց բառերով՝ վստահիր Աստծուն, մաքրիր «տունդ» (հոգիդ) և օգնիր ուրիշներին:
Հունվարի 9-ին ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում անցկացվեց երկրորդ սեմինարը, որը կրում էր «Ելք կա. ինչպես այն գտնել» խորագիրը: Ե. Պրոցենկոն անդրադարձավ համակախվածության սուբյեկտիվ ախտանիշներին և նրանց հաղթահարմանը: Թեմայի շուրջ հետաքրքրությունը ծավալվեց հարց ու պատասխաններով:
Շատ հոգեբաններ վաղուց եկել են այն եզրակացության, որ կախվածությունը սկիզբ է առնում հոգևորի հանդեպ ծարավից: Ե. Պրոցենկոն ասաց, որ քրիստոնյայի համար կախվածությունը դա ոչ հոգևոր պատասխանն է մարդկությանը վաղուց հատուկ հոգևոր պահանջների: Եվ քրիստոնյան հավատում է, որ մարդը ստեղծվել է, որպեսզի հոգևոր լիությանը ձգտելով՝ հասնի Աստծո հետ միավորմանը: Ապա հավելեց. «Բայց ադամական մեղքի հետևանքով մարդկային էակը դեռևս բեղմնավորման իսկ պահից կրում է իր մեջ ինչ-որ դատարկություն, որ կարող է լցնել միայն Հոգին: Իսկ դա կարող է անել միայն Աստված, Ումից բխում է այդ Հոգին: Ուղղակի մարդը պետք է ցանկանա իրեն հանձնել աստվածային կամքին՝ հրաժարվելով Աստծո, ուրիշ մարդկանց և ինքն իր հետ միավորմանը խոչընդոտող հպարտության և եսասիրության մեղքերից: Իսկ եթե մարդը չընտրի Հոգին, ապա դատարկությունը կգան լրացնելու «փոխարինիչները»՝ թմրադեղը, ալկոհոլը, փողը, սեքսը, ազարտը, իշխանությունը և նույնիսկ անկասկածելի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ աշխատանքը, ընկերությունը, սերը, բարեգործությունը և կրոնը: Քանի որ այս պարագայում վերջիններս դադարում են զուտ միջոց դառնալ՝ վերածվելով գործունեության նպատակի»:
Սեմինարի ավարտին Ե. Պրոցենկոյի համար կարևոր էր իմանալ, թե ինչ զգացողություններ ապրեցին մասնակիցները սեմինարի արդյունքում: Ուրախության, բավարարվածության, թեթևության, տխրության, վախի և այն Աստծո օգնությամբ հաղթարելով՝ պայքարելու և ապրելու մեծ ձգտման զգացողություններ ունեին մասնակիցները:
Սեմինարի աջակից Կարինե Համբարձումովայի համար անչափ կարևոր է, որ նման մասնագետի խորհրդատվությանն ու փորձառությանը ծանոթանան նաև իր այն հայրենակիցները, որ ունեն կախվածություն կամ առնչվում են այդ խնդրին: Նշենք նաև, որ նրա աջակցությամբ ամիսներ առաջ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը հյուրընկալել էր Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար Վալենտինա Նովիկովային:
Կարինե Սուգիկյան