25 Նոյեմբեր, Բշ
«Եվ ամեն ինչը կարգ ու կանոնով թող լինի» (հմմտ. Ա Կորնթ. 14.40)։
Կորնթոսի Եկեղեցում ոչ միայն լեզվախոսության հարցը, այլև կանանց խոսելու իրավունքի խնդիրը բավականին շփոթություն ու անկարգություն էր առաջացրել, ուստի Պողոս առաքյալը կարիք է զգացել այս երկու հարցերի վերաբերյալ զգուշացնող ու կարգապահական հանձնարարականներ տալու: Նա, բացատրելուց հետո, որ լեզվախոսության շնորհը չպիտի չարին ծառայեցվի, և որ կանայք չպիտի խոսեն Եկեղեցում, անկարգությունների տեղիք չտալու համար իր զեկույցն ավարտում է այս խոսքով. «Ամեն բան կարգ ու կանոնով թող լինի»:
Կորնթոսի եկեղեցին ամենաճոխ ու հարուստ եկեղեցին էր: Ոչ մի եկեղեցի իր նյութական կարողություններով չէր կարող մրցել նրա հետ: Սակայն Կորնթոսի եկեղեցում հրապարակային հավաքույթների ժամանակ անսպասելի անկարգություններ, տխրալի դեպքեր, բարոյական գայթակղություններ ու ամոթալի երկպառակություններ էին տեղի ունենում: Իսկապես, ճոխությունները երբեմն պարարտ հող են նախապատրաստում բարոյական անկումի համար, մինչդեռ աղքատությունն ու ամեն տեսակի տագնապ սովորաբար կարգապահության են մղում մարդուն և զգուշացնում են հեռու մնալ բարոյական բոլոր վտանգներից:
Կամենում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Պողոս առաքյալի կարգապահական հանձնարարությանը և կարծում եմ, որ այս կարևոր թեմայի մասին խոսելն իր օգուտները կտա:
Կարգապահությունը ներդաշնակության և բարօրության կենսական պայման է: Երբ մեկ անգամ թերանում ենք կարգապահության հարցում, այդպիսով մեր կյանքում տհաճություն ու աններդաշնակություն ենք ստեղծում: Եթե խորապես ուսումնասիրենք իրերը և անձերը, ապա մեր ուշադրությունը կանգ կառնի այն հանգամանքի վրա, թե մեր ժամանակակիցներից շատերը որ կետում են թերանում՝ անկարգապահության մեջ ընկնելով:
Կան այնպիսիք, որոնք կորցրել են իրենց բարոյական ու իմացական հավասարակշռությունը պարզապես այն պատճառով, որ չեն հետևել առաքյալի պատվերին: Ուրիշներ էլ կան, որոնք միևնույն պատճառով դժբախտ են և իրենց շուրջը եղողներին էլ դժբախտացրել են: Այդպիսիք շատ բարձունքների հասած կլինեին, շատ բարիքներ կունենային ու բարիք կստեղծեին իրենց շուրջը, եթե չթերանային կարգապահության հարցում:
Ոմանք էլ, օժտված լինելով բնական ձիրքերով և զարգացման հեռանկար ունենալով, կարող էին տիրանալ լավագույնին, եթե ըմբռնեին կարգապահության նշանակությունն ու ըստ այդմ կենցաղավարեին: Իմ համոզումն այն է, որ նույնիսկ հիվանդությունները, ուղեղային կամ ջղային տկարությունները անկարգապահության հետևանք են: Մարդուն հյուծողն ու հոգնեցնողը ոչ թե աշխատանքն է, այլ կարգի, կարգապահության պակասը:
Թերևս ասեք, որ այս նյութն ուղղակիորեն չի առնչվում Ավետարանի քարոզությանը, բայց ես կուզենայի ցույց տալ ձեզ, որ սույն թեման, եթե արտաքնապես ոչ մի կապ չունի Ավետարանի քարոզության հետ, ապա ներքնապես մեծ առնչություն ունի: Արդ, կուզենայի խնդիրը վերլուծել երեք կետերով.
Ա
Կարգապահություն գործերում: Ամեն ինչից առաջ հարկ է կարգապահ լինել գործերում: Անհրաժեշտ է, որ ամեն բան, ամեն իր, ամեն գործ ունենա իր որոշակի տեղը, ու այդ տեղը միայն իրենը պիտի լինի և ուրիշին չպատկանի: Սա ամենաապահով միջոցն է զերծ մնալու անհաճո դժվարություններից, հեռու մնալու վատ տրամադրություններից, ջղագրգռությունից և նյարդայնությունից, ինչպես նաև լավ տարբերակ է շատ ժամանակ շահելու համար: Քանի որ, օրինակ՝ փնտրվող առարկան շուտ կգտնվի և վստահաբար այն հնարավոր կլինի պահել բավականին երկար ժամանակ:
Անհրաժեշտ է այս բարի սովորությամբ կրթել մեր զավակներին: Հետաքրքրական է դիտարկել այն բացահայտ զանազանությունները, որոնք կան մանուկների միջև: Օրինակ՝ տեսնում եք մի երեխայի, որ իր տետրերը, գրքերն ու խաղալիքները երկար ժամանակ մաքուր է պահում և չի խառնում իրար: Նա գիտի մաքուր ու պատշաճ պահել նաև իր հագուստները, մինչդեռ մեկ ուրիշ երեխա բոլորովին հակառակն է անում:
Հնարավոր է, որ այն առաջինը ի բնե օժտված լինի կարգապահությամբ ի տարբերություն երկրորդի, բայց շատ հաճախ այդ առաջին մանուկը կարգապահ է լինում, քանի որ նրա ծնողները և ուսուցչուհիները ջանացել են բարի սովորություններ փոխանցել նրան՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով կրթության գործին:
Երբ մանուկը հետզհետե մեծանա, շատ օգուտներ կքաղի այդ բարի սովորություններից և կարգապահ մարդ կդառնա՝ իր գործերը հաջողեցնելու ավելի շատ հնարավորություններ ունենալով:
Անհրաժեշտ եմ համարում Ձեր ուշադրությունը դարձնել մի կետի վրա: Խոսքս վերաբերում է մանավանդ նրանց, ովքեր ավելի համեստ դիրք են զբաղեցնում և թերևս նույնիսկ դժվարին կացության մեջ են: Նկատելի է, որ «օրվա հացով ապրող» դասակարգերում կանոնավոր հաշվարկներ չեն արվում: Աշխատավոր մարդը շաբաթվա ընթացքում իր վաստակածը անմտաբար ծախսում ու վատնում է և կարծում է, որ կարող է առանց որևէ խնդրի ապրել ու իր հասույթներից որոշակի գումար էլ պահ տալ:
Այդպիսին մեկընդմիշտ պիտի գիտենա, որ եթե շաբաթական երեք ոսկի է աշխատում, վտանգավոր է աշխատածից ավելի ծախսելը: Հարկավոր ու անհրաժեշտ է, որ նա հավասարակշռի իր բյուջեն՝ կետ առ կետ ու ճշգրտորեն հաշվարկելով իր բոլոր ծախսերը և կանոնավոր նժար սահմանելով «մուտք ու ելքի», «պարտք ու պահանջի» միջև:
«Օրվա հացով» ապրողները կարծում են, որ հարուստները բախտի բերմամբ են հասել իրենց ունեցածին: Այն հարուստները, որոնք պատիվ ու փառք են բերում ազգին, սովորաբար խնայողության պարկեշտ ուղիներով են բարձր դիրքի հասել, քանի որ կարողացել են հսկել իրենց ծախսերը և հաճախ նույնիսկ զրկել են իրենց մի շարք վայելքներից ու հաճույքներից: Պետք է հարուստ լինել այս խոսքի ճշմարտացիությունը գիտենալու համար. «Հսկի՛ր ունեցածդ պենսերը, և շիլինգները իրենք իրենց կառաջանան»: Նրանք, ովքեր անբավարար ու քիչ են վաստակում, պիտի խորհեն «դարման» գտնելու մասին, իսկ «դարմանը» խնայողությունն ու կարգապահությունն են միայն:
Սրան հասնելու համար կյանքում նախ պարզություն և մի քիչ էլ խոնարհամտություն է պետք, ինչպես նաև պետք է «երևալու» բաղձանքից ավելի «լինելու» փափագ ունենալ: Պիտի մոռանալ այն անհեթեթ տեսակետը, թե մարդու արժեքը չափվում է ըստ իր ունեցածի կամ ցույց տվածի: Աղքատ մարդիկ կան, որ շատ քիչ են վաստակում, սակայն ապրելու համար բավականաչափ դրամ ունեն: Նրանք հաջողում են այնտեղ, որտեղ ուրիշները ձախողել են՝ հակառակ ունեցած շահույթի աղբյուրների:
Պատճառն այն է, որ այդ աղքատները կարգապահ են իրենց գործերում, իրենց վաստակածն ու ծախսերը տնօրինելու հարցում: Մարդու ունեցած դիրքը իրապես գիտենալու համար այնքան մի հարցրեք, թե նա ինչ է վաստակում, որքան հարցրեք, թե ինչ և ինչպես է ծախսում:
Բ
Կարգապահություն ժամանակը տնօրինելիս: Կան այնպիսի մարդիկ, որոնք չափազանց զբաղված լինելուն հակառակ մշտապես պատրաստ են որևէ ծառայություն մատուցել, և ամեն անգամ, երբ նրանց դիմում են բարեսիրական որևէ խնդրով, նրանք ի վիճակի են լինում սիրալիր ընդունելու այնպես, կարծես միտք զբաղեցնող ոչ մի գործ չունեին:
Եվ ընդհակառակը, նրանք, ովքեր չեն կարգավորում իրենց ժամանակը, մշտապես նյարդային կացության մեջ են, հոգնած տեսքով ու ձանձրույթի նշաններով: Եթե տարվա մեջ մի օր ցանկանաք այցելել այդպիսի մարդկանց, նրանց չափազանց զբաղված վիճակում կգտնեք և համարձակություն չեք ունենա անգամ մեկ-երկու խոսք փոխանակելու: Կամ եթե հնարավոր էլ լինի մի պահ նրանց առանց զբաղումի գտնել, նրանք Ձեզ կընդունեն վատ տրամադրությամբ և կթողնեն այն տպավորությունը, որ Դուք իրենց անհանգստացրել եք:
Կարող եք վստահ լինել, որ այն առաջիններն իրենց ժամերն ու օրերը «տնօրինելիս» կարգապահ ու ճշտապահ են, և նրանց ամեն գործն իր պատեհ ժամանակն ունի: Մինչդեռ մյուսները հավանաբար այդքան զբաղում չունեն էլ, բայց որովհետև չեն ճշտորոշել իրենց զբաղումների հատուկ ժամանակը, խառնակ ու աղմկալից կյանքով են ապրում: Այդպիսի կենցաղավարություն ունեցող մարդը չի կարող իրապես երջանիկ լինել: Բավական է սակայն այդ կյանքի մեջ կարգապահություն «ներմուծել», և այն կփոխակերպվի, խիղճը գոհունակություն կզգա, իսկ սիրտը մշտապես լցված կլինի ուրախ տրամադրությամբ:
Կարգապահություն ձեռք բերելու համար մարդ ի սկզբանե պիտի վարժվի բարի ու կանոնավոր սովորությունների: Օրինակ՝ աշխատանքից առաջ երբեք չպիտի տրվել որևէ հաճույքի կամ զվարճության վայելքի, որքան էլ դա անմեղ ու օրինավոր լինի. ահա՛ լավ աշխատելու և կենցաղավարելու ամենաապահով միջոցը:
Երբ մարդ կատարում է իր պարտականությունը, ավելի թեթև է զգում իրեն, տրամադիր՝ հանգստի և զվարճության: Դարձյալ, երբ մարդ իր առջև կատարելի մի շարք պարտականություններ ունի, իմաստուն լինելու դեպքում պիտի սկսի դժվարին և հոգնեցուցիչ աշխատանքից, որպեսզի այդուհետ ի վիճակի լինի դյուրությամբ կատարել մյուսները, քանի որ մարդ, սովորաբար, որևէ գործ անելու սկզբում է անպղտոր միտք, մեծ արիություն, ուշադրություն և արթնամտություն ունենում:
Բարի ու կանոնավոր այս սովորություններին վարժվելու համար պետք է ունենալ այն համոզումը, որ ժամանակը շատ թանկ է, այն դրամ է, և մենք իրավունք չունենք մեզ վստահված ժամերն անփութությամբ տնօրինելու կամ անպետք գործերի վրա դրանք վատնելու: «Գնե՛ք ժամանակը»,- ասում է Պողոս առաքյալը: Կամ, եթե ճշգրիտ բառերը գործածենք. «Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփես. 5.16):
Ուրեմն չկորցնե՛նք թանկագին րոպեներից որևէ մեկը, քանի որ դրանց համագումարը կազմում է մեր կյանքը: Ժամանակների Տերը մի օր հաշիվ է պահանջելու, և որքան ժամանակի հարգը գիտենանք, այնքան հարուստ կլինենք: Ինչպես բոլոր առաքինությունների, նույնպես և ժամանակի արժեքը գնահատելու հարցում մեզ համար որպես օրինակ ունենք Հիսուս Քրիստոսին:
Անհնար է, որ Ավետարանները կարդացողը չնկատի այն հանգամանքը, թե ինչպես է Քրիստոս կարգավորել Իր ժամանակը, լինի դա Նազարեթի կրպակում, որտեղ մինչև երեսուն տարեկանը Նա աշխատեց որպես գործավոր, լինի հրապարակային կյանքի երեք տարիների ընթացքում, երբ ընծայվեց աշխարհի փրկության համար: Նրա աչքից չէին վրիպում նույնիսկ րոպեները:
Քրիստոս կարգավորեց Իր բոլոր օրերն ու ժամերը՝ միշտ նպատակ ունենալով մարդկության բարօրությունը: Հիսուս այդ նպատակին հասել է երկու եղանակով: Առաջին՝ Նա կարողացել է որևէ զբաղում, աշխատանք կամ ճամփորդություն իր պատշաճ ժամանակին կատարել: Դրա ապացույցն են Փրկչի կատարած բժշկությունները, որոնց «ընկերակցում» էին Նրա քարոզները:
Քրիստոս հացերի բազմացման ծանր աշխատանքից հետո գիտեցավ նաև արտոնել Իր աշակերտներին հանգստանալու ծովի հանդիպակաց կողմում: Հացերի բազմացման առթիվ հիշարժան են հիսուն-հիսուն և հարյուր-հարյուր բաշխելու, ինչպես նաև հացերի կտորտանքները հավաքելու հանձնարարությունները: Ինչպիսի՜ կարգապահություն անգամ բնության օրենքներից դուրս սքանչելիքի մեջ:
Երկրորդ՝ Հիսուս կարողացավ օրվա որոշակի ժամերի ինքնամփոփ հաղորդակցության մեջ լինել Աստծու հետ. «Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր» (Մարկ. 1.35): Ավետարաններում հաճախ ենք հանդիպում այսպիսի բացատրությունների: Հենց այստեղ է Նրա սրբափայլ կյանքի գաղտնիքը: Այդպիսով Հիսուս ներդաշնակություն էր ստեղծում Իր կյանքի տրտմալից բոլոր շրջանների միջև:
Արդ, երբ Ինքը՝ Քրիստոս՝ Ամենասուրբը, Իր հոգեկան ու բարոյական կյանքում կարգապահության պետք ունեցավ, որքա՜ն առավել մենք՝ մեղանչելու ենթակա տկարներս կարգապահության կարիք ունենք մեր կյանքում ներդաշնակություն ապահովելու համար:
Գ
Կարգապահություն սիրո հարցում: Այստեղ հարցն ավելի նուրբ է, քանի որ նորույթ է դարձել սերը համարել անսանձ մի ուժ, որը չի կառավարվում կամ կարգապահության չի ենթարկվում: Ընդունված է ասել. «Հնարավոր չէ իշխել սրտին կամ խառնվածքին. սիրել կամ չսիրելը սրտից է կախված, իսկ սիրտը բոլորովին անկախ է: Մեր ճիգերով չեն առաջանում որևէ մեկի նկատմամբ համակրանքը կամ հակակրանքը. դրանք ինքնին ծնվում են մեր սրտում: Անկարելի է սիրել ողջ աշխարհը, քանի որ այնտեղ զանազան և իրարից տարբեր նկարագիր ունեցող մարդիկ ու երևույթներ կան: Բացի այդ, սիրո մեջ կարգապահություն դնել մի՞թե չի նշանակում կասեցնել սիրո ազատ թռիչքը: Ստիպողաբար սիրելը իսկապես սիրելու հետ որևէ առնչություն չունի, պարտադրանքով սիրելը սիրել չէ»:
Այս գաղափարը որքան էլ ընդհանրացված լինի, միևնույն է սխալ է և միանգամայն վտանգավոր: Սակայն ստույգ է, որ սիրտը բնական այնպիսի կապվածություն ու մտերմություն ունի, որն ուրանալը անկարելի է: Ընտանեկան բազմանդամ հարկի ներքո էլ ամենքը միևնույն սիրով չեն սիրում միմյանց. այնտեղ սիրո զանազանություններ կան: Սակայն դա արգելք չէ սիրո և խանդաղատանքի մեջ կարգ սահմանելու համար:
Բացի այդ, ինչո՞ւ է, որ, օրինակ՝ սերն ու խանդաղատանքը այլ մարդկանց նկատմամբ ավելացնելու փոխարեն, որոշ մարդիկ իրենց ողջ սիրտը ձոնում են կատվին, թութակին կամ սիրո այլ «առարկայի»: Ես չեմ կարողանում հավատալ, որ այդպիսիք բնական հոգեվիճակում են: Մարդկային սիրտը վսեմ և աստվածային է: Պետք չէ այն սահմանափակել այնպիսի շրջանակով, որում հոգեկան որևէ ներշնչում չկա:
Թեև կառարկեք, որ կենդանիների հանդեպ տածած սիրո մեջ հուսախաբ լինելու կամ դառնանալու երկյուղ չկա, սակայն դա պատճառ չէ, ի՞նչ եմ խոսում, դա ընդհակառակը, ավելի մեծ պատճառ է, որ մենք անհրաժեշտ ճիգեր գործադրենք մարդկային հոգին ավելի շատ, ճշմարտապես և վերջապես արժանիորեն սիրելու համար:
Ահա թե ինչու է անհրաժեշտ շատ վաղ տարիքից մանկանը ցույց տալ, որ իր խաղալիքներից անդին կան էակներ, որոնց նա ավելի շատ պիտի սիրի, որ ամեն բանից առաջ պիտի սիրի իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Պետք է սովորեցնել, որ միայն սիրելու մեջ է երջանկությունը, և որ ինքն իրեն մոռանալու աստիճանի ուրիշներին երջանկացնելն է երջանիկ լինելու ամենաապահով ճանապարհը:
Այդպիսի ներշնչումներով սնված մանուկը որքան մեծանա, այնքան կընդարձակվի նրա զգացմունքների հորիզոնը, և Աստված նրա ճանապարհին սիրվելու «ենթակա» նոր անձեր կբերի: Մանուկը, հետզհետե հասունանալով, այլևս չի երկմտի այդ «նորահայտ» էակներին կապվելու հարցում, այլ կլինի ավելի նվազ անձնասեր, բայց միևնույն ժամանակ այդ մանկան մեջ պիտի ամրանա ու բարգավաճի անհատականությունը:
Թերևս իմ ունկնդիրներից ոմանք առարկեն՝ ասելով, որ իրենք փորձել են սիրել ուրիշներին, սակայն հնարավոր չի եղել այլոց սիրել այնպես, ինչպես սիրում են ընտանեկան հարկի սիրելիներին: Սակայն սա պատճառ չէ ուրիշներին սիրելուց հրաժարվելու համար:
Ուրիշներին սիրելու լավագույն ճանապարհը սիրո մեջ «կարգ» դնելն է, այսինքն՝ ուրիշների նկատմամբ պիտի վարվենք այնպես, ասես ողջ սրտով նրանց ենք պատկանում և պատրաստ ենք ամեն հնարավոր ծառայություն մատուցել նրանց: Եթե անգամ նրանք թերի վարմունք ցուցաբերեն մեր նկատմամբ, շարունակենք վարվել այնպես, որ ասես նրանք մեզ վիրավորած չլինեն: Եվ իսկապես, այդ ժամանակ հետզհետե կսկսենք առավել սիրել այլոց, և այն «նախնական» սերը, որը սկզբում թերևս սրտի ու զգացմունքի պտուղը չէր, կամքի ուժով ավելի թանկ ու խորունկ սեր կդառնա՝ զերծ արտաքին բոլոր խոչընդոտներից և սրտի բոլոր քմահաճույքներից:
Օ՜հ, որպեսզի կարողանանք կանոնավորել մեր սրտի տրոփյունները և կարգապահություն ներմուծել մեր խանդաղատանքի մեջ, հարկավոր է, որ Աստված Ինքը լինի մեր սիրո առաջին առարկան: «Պիտի սիրես ընկերոջդ քո անձի պես» պատվիրանից առաջ «պիտի սիրես քո Տեր Աստծուն» պատվիրանը կա: Աստված մեր սիրո կյանքի կենտրոնը պիտի լինի, որպեսզի ի վիճակի լինենք յուրաքանչյուրին տալու այն, ինչ նրան պետք է, այսինքն՝ աստվածային սիրո ճառագայթները:
Հիսուս Քրիստոս Իր եղբայրները եղող մարդկանց երբևէ այնպես չէր սիրի, ինչպես որ սիրեց, եթե Իր կյանքի իսկ և իսկ կենտրոնում չունենար Աստծուն, եթե Իր զգացումներում, գործերում ու կյանքում Աստծուն առաջին տեղը դրած չլիներ և վերջապես, եթե կարգապահություն չունենար Իր սիրո մեջ:
Ո՜վ հավատացյալներ, ջանանք վարժվել՝ ապրելու իմ հիշատակած պայմաններով, որպեսզի «ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով լինի» և այդպիսով ոչ միայն նպաստենք մարդկության բարօրությանը, այլև Աստծու փառքը ցոլացնենք երկրի վրա: Ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը