25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ Գեթսեմանիից ելնում էինք Ձիթենյաց լեռը: Այնտեղ էր հայր Աբրահամի վանքը, որի վանահայրն էր հայր Հովհաննես Կոզիկեցին: Հարցրինք նրան, թե ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բերել առաքինություն: Պատասխանեց մեզ ծերը և ասաց. «Եթե մեկը ուզում է առաքինություն ստանալ, չի ստանա, եթե նախ չհատի նույն դռնից մտնող չարությունը, այսինքն` եթե տենչում ես ստանալ ողբ, հատի՛ր և դեն նետի՛ր քեզնից ուրախությունն ու հրճվանքը, եթե ուզում ես խոնարհություն ձեռք բերել, ատի՛ր և հատի՛ր ամբարտավանությունը, իսկ եթե կամենում ես պահեցողության վարժվել, ատի՛ր հեշտասեր որկրամոլությունը: Եթե կամենում ես սրբություն ստանալ, ատի՛ր պղծությունն ու ցանկությունը, եթե անընչություն ես ուզում, ատի՛ր արծաթասիրությունը, եթե սիրում ես մենակեցությունը, ատի՛ր քաղաքներն ու գյուղերը և նրանց գայթակղությունները, եթե սիրում ես օտարություն, հեռացի՛ր քո հարազատներից ու ընտանիքից: Ով ուզում է հեզություն ստանալ, թո՛ղ ատի ընկերոջը դատելն ու բամբասելը, ով սիրում է անդորր ու անխռովություն, թո՛ղ առանձին բնակվի: Ով սիրում է լռություն, թո՛ղ խցի իր ականջները, որպեսզի չլսի շատերի խոսքը: Ով սիրում է գամել իրեն Աստծո երկյուղին, թո՛ղ մշտապես ատի մարմնի հեշտանքները և իր վրա վերցնի՛ հանապազօրյա վշտեր ու նեղություններ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016