25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատմեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդիներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք էլ եթե կամենաք լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` ինչպե՞ս առաջադիմենք և հարստանանք»: Հայրն իմաստությունը գործի դրեց, որ չծուլանան՝ գիտենալով, որ եթե ամեն ոք աշխատի հանապազօր՝ կառաջադիմի: Եվ ասաց նրանց. «Տարվա մեջ մեկ օր կա, որ եթե մեկը աշխատի՝ կհարստանա և կառաջադիմի: Ես մինչ ծերությանս օրը այդ օրվան էի նախանձախնդիր և հետամուտ: Ահա դուք ևս գործեցե՛ք և մի՛ ծուլացեք, և կգտնեք այդ օրը հաստատապես: Իսկ եթե գեթ մեկ օր ծուլանաք, զգո՛ւյշ եղեք. դա հենց այդ օրհնյալ օրը կարող է լինել, և չլինի թե՝ զուր տքնած լինեք ողջ տարին»: Այդպես և մենք՝ եթե հանապազ գործենք, կենաց ճանապարհը կգտնենք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016