Երանելի Մակարիոսը պատմում էր, թե. «Մի ծեր եկավ ինձ մոտ, և միասին նստեցինք ընթերցելու առաջին հայրերի գրությունները: Հասանք այն տեղին, որտեղ պատմվում էր մի հոր առաքինության մասին, թե մի անգամ ավազակները գիշերով եկան նրա մոտ և ասացին. «Եկանք վերցնելու այն ամենն, ինչ ունես»: Եվ նա, վառելով լույսը, սենյակը հանձնեց նրանց: Իսկ նրանք, ամեն ինչ վերցնելով, գնացին: Ծերը, սենյակ մտնելով, անկյունում թողնված մի բրիչ գտավ և վերցնելով այն՝ վազեց նրանց հետևից` ասելով. «Սա՛ էլ է իմը»: Եվ նրանք զղջալով` ամենը վերադարձրին նրան՝ մեծամեծ աղաչանքներով և ընկնելով նրա առջև` ասացին. «Արդարև Աստծո ծառա ես դու»: Երբ հյուր եկած ծերը լսեց այս պատմությունը, ուրախացավ և ասաց. «Ես բնակվում էի Հորդանանի ափին գտնվող մի խրճիթում: Մի օր կարդացի այդ պատմությունը և Աստծուց խնդրեցի՝ ինձ էլ տա այդ շնորհը: Նույն օրն իսկ ինձ մոտ եկան ավազակները, և ես բացեցի դուռը, տվեցի նրանց` ինչ որ ունեի, իսկ նրանք հարցրին. «Ոսկի ունե՞ս»: Ասացի` այո՛, երեք դահեկան ունեմ, և տվեցի նրանց: Նրանք գնացին, իսկ ես մեծ խնդություն ապրեցի»: Ես հարցրի նրան. «Իսկ ունեի՞ր այն միտքը, թե` կվերադառնան ինձ մոտ»: «Բնա՛վ, բնա՛վ այդ բանը մտքովս չանցավ. Աստվա՛ծ վկա»: Այս բաների համար փառաբանեցինք Աստծուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016