Կատարյալ առաքինության մասին

Մի անգամ հայր Պալատիոսի մոտ եկավ մի իշխան, քանզի շատ էր ցանկանում տեսնել նրան այն բարի համբավի համար, որ տարած­ված էր նրա մասին: Նա իր հետ բերեց նաև մի արագագիր դպիրի ու նրան ասաց. «Ես կմտնեմ հոր մոտ, իսկ դու նստի՛ր դռան մոտ և ստուգությամբ գրի՛ առ նրա բերանից ելնող բոլոր խոսքերը»: Մտավ Լավոս իշխանը (այսպես էր նրա անունը) հայր Պալատիոսի տուն և ասաց նրան. «Օրհնի՛ր, հա՛յր, աղոթի՛ր ինձ համար, որովհետև բա­զում մեղքեր եմ գործել»: Ծերը նրան ասաց. «Անմեղ է միայն Աստ­ված՝ Հիսուս Քրիստոս»: Իշխանը հարցրեց. «Ստո՞ւյգ է, հա՛յր, որ ամեն մեղքի համար դատվելու ենք»: Ծերն ասաց. «Գրված է. «Կհա­տուցե՛ս ամեն մեկին ըստ իր գործերի» (Առակ. ԻԴ 12, Մատթ. ԺԶ 27)»: Իշ­խանը նրան ասաց. «Մեկնի՛ր ինձ այդ խոսքը»: Ծերն ասաց. «Խոսքն ինքնին պարզ և հայտնի է, սակայն դու խոհեմաբար լսի՛ր: Վշտաց­րիր քո եղբորը` սպասիր փոխարենն ստանալու Աստծուց, զրկեցիր նկունին և խեղդեցիր աղքատին, ատյանում անիրավ բերան բացեցիր, տնանկին ամաչեցրիր, ուղիղ չդատեցիր և չքննեցիր, սուտ վկայեցիր, աչառություն արեցիր հարուստի նկատմամբ, կեղծեցիր արդարու­ թյունը, օտար ամուսնու հարկը մտար, սուտ երդում տվեցիր, հայրերի սահմանները շարժեցիր, որբերի ունեցվածքն ու իրավունքը խլեցիր, այրիներին նեղեցիր, այստեղի փափկությունն ու համադամությունը գերադասեցիր հավիտենականից, այսպիսի և սրա նման բաներ արե­ցիր, սպասիր դրանց հատուցումն ստանալու, քանզի ինչ ցանես, այն էլ կհնձես: Նույնպես, եթե բարի բան ես արել, ակնկալիր, որ հարյու­րապատիկ վարձ կստանաս, քանզի ասված է. «Յուրաքանչյուրին դու կհատուցես ըստ իր գործերի» (Առակ. ԻԴ 12, Մատթ. ԺԶ 27): Եվ եթե սրանք մտքումդ միշտ հիշես քո կյանքի բոլոր օրերում, կկարողանաս փախ­չել քո բազում մեղքերից»: «Եվ ի՞նչ պետք է անել, հա՛յր»,– հարցրեց իշխանը: Ծերը պատասխանեց. «Միշտ մտքումդ պահիր բարիքները` անհատնում ու անփոփոխ, ուր ո՛չ գիշեր կա, ո՛չ մեղքերի խավար, ո՛չ ուտել կա, ո՛չ ըմպել, ո՛չ ննջել և ո՛չ էլ քուն, որ դրացի է մահվան: Ո՛չ կերակուրներ կան և ո՛չ տկար բնությանս ծառաներ, ուր ո՛չ ախտեր կան, ո՛չ ցավեր, ո՛չ խոցեր, ո՛չ բժիշկ և ոչ էլ հիվանդությունների դե­ղամիջոցներ: Ուր չկան դատ ու դատավոր, ատյաններ ու հավաքատե­ղիներ, ոչ էլ ինչքի չար իշխանություն, որ պատճառն է պատերազմ­ների և արմատը թշնամության: Այն երկիրն է ողջերի և բնակատեղին արդարների, Աստծո պատվելիների վայրը, որտեղ չկա մեղքերի դառը մահը, այլ բոլոր ողջերի և փրկվածների համար` ճշմարիտ կյանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»: Այս ամենի վրա հառաչեց իշխանն ու ասաց. «Հիրավի այդ ամենն այնպես է, ինչպես ասացիր, հա՛յր»: Եվ մեծապես շահեց, քանզի հոգով շինվեց, և ուրախությամբ գնաց իր տունն ու գոհացավ Աստծուց: 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․