Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը: Երեկոն սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Շնորհանդեսին հյուրընկալվել էին հոգևորականներ, մշակույթի գործիչներ: Ներկաները նախ ծանոթացան գրքի հեղինակի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անժելա Խաչատրյանի կենսագրությանը: Երաժշտական կրթություն, հետագայում քիմիկ-տեխնոլոգի, ապա բանասեր-մանկավարժի որակավորումներ ստացած Անժելան իր ողջ ուժերը նվիրաբերել և ներդրել է հոգևոր ոլորտում: Նա երկար տարիներ թղթակցել է ԱՀԹ-ի «Շողակն Արարատյան», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան», Արագածոտնի թեմի «Արագածոտն» պաշտոնաթերթերին, Հանրային Ռադիոյի ուղիղ եթերում լուսահոգի մշակութաբան, լրագրող Հայկ Կարապետյանի հետ վարել է ԱՀԹ-ի «Շողական Արարատյան» ռադիոծրագիրը, իսկ վերջին չորս տարիներին աշխատել է ԱՀԹ-ի «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:
«Գողգոթայի հաղթանակը» գիրքը վերջին մեկուկես տասնամյակում հեղինակի կողմից հրապարակված բազում հոդվածների, քարոզխոսական նյութերի, հարցազրույցների և ռադիոհաղորդումների ծաղկաքաղն է և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: «Գողգոթայի հաղթանակը» գիրքը տրամաբանական շարունակությունն է լուսահոգի մշակութաբան, լրագրող Հայկ Կարապետյանի «Ճշմարիտ գանձ» գրքի, որ լույս է ընծայվել երկու տարի առաջ և որի հրատարակման գործում իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Անժելա Խաչատրյանը:
Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հրատարակվել է «Գողգոթայի հաղթանակը» գիրքը, շնորհակալություն հայտնեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ միջոցառումը հյուրընկալ հարկի ներքո կազմակերպելու և աջակցելու համար և այն բոլոր անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են գրքի կյանքի կոչմանը:
Իսկ թե ինչ նպատակով և ինչ թեմաներ են ծաղկաքաղվել «Գողգոթայի հաղթանակը» գրքում, հեղինակը պատասխանեց. «Գրքի լույս ընծայման նպատակը Աստծո կենարար խոսքի տարածումն է, իսկ թեմաները խիստ արդիական են, ունեն այժմեական հնչեղություն և արծարծում են մի շարք հարցեր՝ քրիստոնեական բարոյականությանը, ընտանեկան սուրբ արժեքների, առօրյա կյանքում հանդիպող արատավոր ու մտահոգիչ երևույթների վերաբերյալ: Ընթերցողը հարցազրույցների և հոդվածների միջոցով կծանոթանա նաև սուրբ հայրերի և սուրբգրային մեկնություններին, եկեղեցական տոների, ծեսերի ու խորհուրդների բացատրություններին: Պատահական չէ նաև թեմաների հաջորդականությունը. գիրքը սկսվում է ապաշխարություն թեմայի շուրջ հարցազրույցով և ավարտվում՝ Տիրոջ արդար Դատաստանի վերաբերյալ հոդվածով»: Գրքի «Գողգոթայի հաղթանակը» վերնագրի վերաբերյալ Անժելան նշեց, որ տիրեզերական պատմության ամենանշանակալի իրադարձությունն է Գողգոթայի հաղթանակը, որը մարդկանց ուժ և կարողություն է շնորհում՝ կյանքում քաջությամբ և Քրիստոսի օրինակով ոտք դնելու արդեն իրենց Գեթսեմանիի պարտեզ և բարձրանալ իրենց Գողգոթան, քանզի առանց խաչելության չկա հարություն և կյանք, իսկ Գողգոթայի հաղթանակը յուրաքանչյուր քրիստոնյայի հաղթանակն է:
«Գողգոթայի հաղթանակը» գրքի հեղինակի կատարած շնորհակալ աշխատանքի մասին բարձր գնահատանքի և շնորհավորանքի խոսք ասաց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: Տեր Հայրը, անդրադառնալով գրքի վերնագրին և բովանդակությանը, մասնավորաբար ասաց. «Գողգոթայի հաղթանակի շնորհիվ մարդկային հոգին փրկության և հավիտենական կյանքի արժանացավ: Գողգոթայում պարտվեց մահը, և հաղթանակեց Կյանքը: Գրքի յուրաքանչյուր էջում հանդիպում ենք այս փառահեղ հաղթանակի բացատրությանը: Անչափ կարևոր էր այս գրքի լույս ընծայումը, որն ավելի պարզ կերպով ներկայացնում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մաքուր և անաղարտ վարդապետությունը: Այս ամենից վեր է մեր եկեղեցու հայրերի ժառանգությունը, որը մեծամասամբ գրաբար է և ոչ ամբողջությամբ հրատարակված: Բացի այդ, մարդիկ այսօր ցանկանություն ունեն լսելու ու կարդալու իրենց սերնդակից մարդկանց խոսքն ու գիրը, քանի որ սերնդի մեջ կան ընդհանուր ընկալումներ: «Գողգոթայի հաղթանակը» գիրքը մեծ նվեր է նախ մեզ՝ քահանաներիս, ապա՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներին»:
Այնուհետև Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորելով Անժելա Խաչատրյանին, նշեց, որ «Գողգոթայի հաղթանակը» գիրքը նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ձեռքբերումներից է: Շնորհավորանքի և գնահատանքի խոսքերով հանդես եկան նաև Կոտայքի թեմի Ս. Աստվածածին և Ս. Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը, Անժելա Խաչատրյանի ամուսինը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը և լուսահոգի Հայկ Կարապետյանի կինը՝ Սվետլանա Սահակյանը:
Կարինե Սուգիկյան