Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու տարին, երբ նա մի սքանչելի տեսիլք է տեսնում: Մարգարեական այդ կոչումը նկարագրված է իր գրքի մեջ: Մարգարեն տեսիլքի մեջ տեսնում է Տիրոջը՝ բարձր աթոռին նստած՝ փառաբանող սերովբեներով շրջապատված, որոնք անդադար կանչում էին միմյանց և ասում. «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությանց Տերը. Նրա փառքով լեցուն է ամբողջ երկիրը»: Նրանց ձայնի ուժգնությունից բացվում են Տաճարի դռները, և տունը լցվում է Աստծո ներկայությունը խորհրդանշող ծուխով: Եսային ասում է. «Վա՜յ ինձ, կորած եմ, որովհետև պիղծ շուրթերով մարդ եմ ես ու ապրում եմ պիղծ շուրթերով ժողովրդի մեջ, և իմ աչքերը տեսան զորաց Տեր Թագավորին»: Այդ ժամանակ սերովբեներից մեկն ունելիով վերցնում է Տիրոջ սեղանից կրակե կայծ և դիպցնում մարգարեի շուրթերին՝ դրանք մաքրագործելու համար: Սա է պատճառը, որ Եսային կոչվում է նաև կայծակնամաքուր մարգարե: Եսային լսում է Տիրոջ ձայնը և հրաման ստանում գնալու և ժողովրդին Աստծո պատգամները հաղորդելու:
Եսային իր շուրջ վաթսունամյա մարգարեական պաշտոնով ուղղություն է տվել Երուսաղեմի չորս թագավորների՝ Հովաթամին, Աքազին, Եզեկիային և Մանասեին: Եսային կոչվում է նաև նախավետարանիչ կամ Ավետարանիչ մարգարե, որովհետև բազմաթիվ մարգարություններ է արել Մեսիայի, այսինքն՝ Տեր Հիսուսի մարդեղության ու փրկագործության վերաբերյալ: Օրինակ՝ նրա գրքում է գրված Կույսի հղիացման և Էմանուել անունով որդի ծնելու մասին, նաև Տիրոջ չարչարանքների և հարության: Նա էր ասողը. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի և նրա անունը Էմանուել պիտի կոչեն»: Հիսուս, երբ Նազարեթի ժողովարանում կարդաց Եսայի 61:1-3 համարները, հաստատեց, որ դրանք իրականացվել են իր վրա: Որոշ իրադարձություններ Եսային մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց:
Եսային՝ Աստվածաշնչի բարձրագույն իմացականություններից մեկը, ազնվական մարգարե է, ունի մշակված միտք, խոսում և պատգամում է վեհությամբ և ուժեղ հեղինակությամբ, ինչպես վայել է Բարձրյալի դեսպանին: Հաճախ կոչվել է «դիվանագետ» կամ «քաղաքագետ» մարգարե. հասկանում էր որքան կրոնական, նույնքան էլ քաղաքական խնդիրները: Աստծո կամքը հայտնում էր ժամանակակից միջազգային և ազգային հարցերի շուրջ: Կազմում էր Երուսաղեմի արքունի խորհուրդի պատվո մասը:
Եսայիի գիրքը պատգամների օվկիանոս է Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և ընկերային շատ ուրիշ հարցերի մասին: Նրա գիրքը օղակն է Հին և Նոր Կտակարանների միջև:
Իր մարգարեական ծառայության տարիների ընթացքում Եսային շարունակ ենթարկվում էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորհրդականն էր:
Սուրբ Եսայի մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Ըստ եկեղեցական հնագույն ավանդության՝ նահատակվել է Մանասե ամբարիշտ թագավորի հրամանով՝ սղոցվելով:
Եսայի մարգարեին Հայ եկեղեցին հիշատակում է Վարդավառի տոնին հաջորդող հինգշաբթի օրը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը