23 Նոյեմբեր, Շբ
Մի աստվածավախ մարդ եկեղեցի գնաց: Իսկ մոմ մոռացավ գնել: Հիշեց այդ մասին միայն այն ժամանակ, երբ արդեն խորանի մոտ էր, որտեղ Սուրբ Պատարագն էր սկսվել:
Ի՞նչ անել: Եթե մոմավաճառի մոտ վերադառնար, պիտի մարդկանց աղոթքը խանգարեր: Եվ որոշեց՝ ինքս կկանգնեմ մոմի փոխարեն:
Եվ կանգնեց: Ողջ Պատարագը՝ ուղիղ, առանց շարժվելու ու շեղվելու, միայն երբեմն խոնարհվելով և ինչպես երբեք՝ աղոթքով բոցավառվելով…
Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, հիշեց, որ մոռացել է մոմ վառել ու դառնությամբ հոգոց հանեց:
Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ դեռ երբեք նման աստվածահաճո մոմ չէր վառել:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը