Կերոնը մոտավորապես մեկ մետր երկարությամբ փայտի վրա հարմարեցված և որոշակի հաստություն ունեցող մոմեր են: Օգտագործվում են եկեղեցում Ավետարանի ընթերցման, ինչպես նաև եկեղեցական թափորների և հանդիսությունների ժամանակ: Կոչվում են նաև յուղաբերից մոմեր, որովհետև օգտագործվում են Յուղաբերից Ավետարանն ընթերցելիս:
Պատրաստվում են նաև կերոններ, որոնց վերևի մասը տաճարանման է, գմբեթով, չորս կողմից ապակեպատ, մեկ կողմից բացվող դռնակով: Մեջտեղում ամրացվում է վառված մոմը: Այս տեսակի կերոնները (մոմակալները) շատ հարմար են թափորների համար, հատկապես եկեղեցուց դուրս մոմերը չեն մարում:
Կերոնը տանողները կոչվում են կերոնակիր, մոմակիր: Նախկինում նրանց կոչում էին ջահընկալ: Դա այն պաշտոնյան էր, որը վառում էր եկեղեցու մոմերը, կանթեղները, ջահերը և մոմ էր բռնում ժամասացության ժամանակ:
Այսօր էլ եպիսկոպոսը ձեռնադրության ժամանակ ջահընկալի ձեռքն է տալիս վառված մոմով աշտանակ, որպես իշխանություն վառելու ջահերը, մոմերը, կանթեղները և կերոն բռնելու:
Մոմերի գործածությունը ընդունված էր դեռևս Հին Ուխտի աստվածապաշտության ժամանակներից Վկայության խորանում և Սողոմոնի տաճարում լուսավորության և արարողություններին շուք ու պայծառություն հաղորդելու նպատակով:
Առաջին դարերում քրիստոնյաների հալածանքների պատճառով աստվածապաշտությունը կատարվում էր մութ այրերում, ուստի լուսավորության համար կարիք կար մոմերի կիրառության: Այդ սովորությունը պահպանվեց նաև հետագայում, քանի որ առավոտյան և երեկոյան մութ ժամերին աստվածապաշտություն կատարելիս լուսավորության անհրաժեշտություն էր զգացվում և միևնույն ժամանակ եկեղեցական արարողություններին շքեղություն և վեհություն հաղորդելու նպատակ կար: Եվ մոմը մնաց ոչ միայն լուսավորության համար, այլ դարձավ բարեպաշտության, զոհաբերության շատ գեղեցիկ արտահայտչաձև: Այն մի փոքր նվեր է Աստծո տան պահպանության և պայծառության համար:
Ամեն ժամանակ կարելի է մոմ վառել, բայց անհրաժեշտ է հատկապես Ավետարան կարդալիս և եկեղեցական բոլոր արարողությունների ժամանակ: