Միջնադարյան քաղաքներից մեկում մի լապտերավառ էր ապրում: Տարեց ու անհրապույր արտաքինով մարդ էր, հեզ ու լուռ: Ամեն երեկո անցնում էր քաղաքի փողոցներով ու լուսավորում դրանք: Կարճահասակ ծերունին, իր մաշված կոշիկի ներբանին չըխկացնելով, վառում էր լուցկին ու նույնիսկ ամենամութ նրբանցքը լուսավոր էր դառնում: Հարևանները համարյա ոչինչ չգիտեին նրա մասին: Նա անմարդամոտ ու նույնիսկ տարօրինակ էր թվում նրանց: Քաղաքի բնակիչները նրան անբան էին համարում. «Մի՞թե անբան չէ,- ասում էին նրանք,- ողջ օրը քնում է, իսկ գիշերն աստղերն է հաշվում»: Իսկ երեխաները նրան կեսգիշերային թզուկ էին անվանում:
Բայց ամեն անգամ լուցկին իր մաշված ներբանին չըխկացնելով կարճահասակ լապտերավառն էլ ավելի էր կարճանում: Ու մի անգամ մի մարդ նրան ասաց.
- Ինչպե՞ս կարող ես այդպես ապրել: Շուտով բոլորովին կանհետանաս: Խղճա քեզ, միևնույն է, վիրավորանքներից բացի ուրիշ ոչինչ չես ստանա մարդկանցից: Իսկ դա անարդարացի է:
Բայց լապտերավառն ասաց.
- Մարդիկ առանց լույսի կմնան, եթե դադարեմ աշխատանքս կատարել: Իսկ եթե մեկը մոլորվի մթության մեջ ու տուն չհասնի՞: Կամ ինչ-որ մեկին նեղացնե՞ն մութ փողոցում: Մի՞թե արդարացի է: Մարդկանց համար ավելի հեշտ է, երբ լուսավոր է: Հնարավոր է որևէ մեկն էլ շնորհակալություն հայտնի ինձ հոգում: Իսկ դա ինձ համար բավարար է: Այդպես էլ խոնարհ ծերուկը չըխկացնում էր լուցկին իր ներբանին՝ ավելի ու ավելի փոքրանալով, մինչև որ վերջնականապես չանհետացավ: Ոչ ոք չնկատեց դա, միայն տեսան, որ քաղաքի լույսերը գիշերը չվառվեցին…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի