21 Դեկտեմբեր, Շբ
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Գյուտ Խաչի տոնը նշեց հոկտեմբերի 28-ին, տոնական կիրակին կրկնակի տոն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և բազմաթիվ ուխտավորների համար: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Գյուտ Խաչի տոնն այս տարի առաջին անգամ հայտարարվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Սուրբ Բարսեղ Մեծի, Սուրբ Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ:
Վաղ առավոտից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին լի էր ուխտավորներով, ովքեր նախ մասնակից եղան Առավոտյան ժամերգությանը, ապա՝ ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորաբար ասաց. «Այսօր մենք սքանչելի առիթ ունենք մեր փառաբանությունը վերառաքելու առ Ամենակալ Աստված, առ Տեր Հիսուս Քրիստոս, քանզի անցյալ տարի Տիրոջ ողորմությունն ու շնորհը կրկին անգամ հայտնվեցին մեր եկեղեցում՝ բոլորովին անսպասելի և հրաշալի կերպով հայտնի դարձնելով Տիրոջ խաչափայտի և չորս սրբերի մասունքների տեղը, որ տարիներ ի վեր գտնվել էին այս սուրբ հարկի ներքո, սակայն ծածկված էին եղել մարդկանցից: Ուստի, այսօր մեզ համար Խաչի Գյուտի կրկնակի տոն է և կցանկանայի, որպեսզի այդ սքանչելի իրադարձությունը առիթ հանդիսանա մեզ համար խորհելու սեփական խաչի գյուտի մասին»:
Ս. Պատարագի ավարտին Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն ու ուխտավորները հաղորդակից եղան Զորավոր մասնատուփ-պահարանի օրհնությանը՝ հայցելով Տիրոջից մասնատուփ-պահարանում պահվող սրբերի բարեխոսությունը և Սուրբ Խաչի զորությունը: Եկեղեցու հայրերի վկայությամբ՝ այն եկեղեցիներում, ուր պահվում են սրբերի մասունքներ, տվյալ սրբերը ոչ միայն ներկա են արարողություններին, այլ նաև բարեխոս են Տիրոջ առջև ներկաների համար: Մեր փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, պարգևել է մեզ փրկարար աղբյուրներ՝ սրբերի մասունքները, որոնց օրհնությանն արժանանում են նրանք, ովքեր հավատքով հաղորդակից են լինում նրանց: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Աստված սրբերի մասունքները պարգևում է մեզ՝ որպես հուսալի ապաստարան և պաշտպանություն ընդդեմ չարի: Ուստի հորդորում եմ բոլորիդ, եթե տխրության մեջ է ինչ-որ մեկը, հիվանդ է կամ դժվարությունների մեջ, կամ ընկել է մեղքերի խորխորատը, ապա շտապեք հավատքով դեպի սուրբ մասունքները, մեծ օգնություն կստանանք և կվերադառնաք այնտեղից մեծ ուրախությամբ»:
Կարինե Սուգիկյան