23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ օծվեց ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը կանգնեցվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ:
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Տաճարի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, քահանայից և սարկավագաց դասերը:
Հանդիսությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, բարերար Ռուբեն Վարդանյանը, քաղաքական և հասարակական գործիչներ, Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ:
Տ. Նավասարդ սրբազան հայրը, դիմելով հավաքվածներին, ի մասնավորի ասաց.
«ԶՕՐՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՔՈ ՔՐԻՍՏՈՍ, ՈՐ ԿԱՆԳՆԵՑԵՐ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԻ, ՍԱ ՊԱՀԵՍՑԷ ԶՄԵԶ ՅԱՄԵՆԱՅՆ ՓՈՐՁՈՒԹԵՆԷ» (շարական):
Հարության կենսատու զորությամբ և Տիրոջ մահվան դեմ տարած հաղթանակով ցնծում են հոգիները մեր: Զատկական խորախորհուրդ ավետիսն օրեր առաջ հնչեցրեց անմեկնելի ու փրկաբեր իրողության մասին, և Եկեղեցին, Տիրոջ լույսով պայծառացած, աղոթքն իր առաքեց առ Աստված. «Լուսովդ Քո, Քրիստո՛ս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի Սուրբ Խաչ Քո, Փրկի՛չ, հավատացեալքս ապաւինեցաք» (Ժամագիրք):
Գողգոթայի խաչն անմահության նախաշեմն ու հավիտենական կյանքի դուռը եղավ մեզ համար: Ի նշան սիրո և երախտիքի՝ հայը երկնեց քարեղեն խաչն ու ձոնեց Աստծուն: Նենգ բռնակալն անցած դարասկզբին կամեցավ գերեզմանել մի ողջ ազգի: Մահվան ուրվականը փորձեց տարածել հայության վրա: Չհաջողվեց: «Մի՛ երկնչիք յայնցանէ որք սպանանեն զմարմին, եւ զոգի ոչ կարեն սպանանել» (Մատթեոս Ժ 28): Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Ու ապշած մնացին մեր ցավի հանդեպ անտարբեր ազգ ու պետություն: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուր տարի անց, հիշելով հանդերձ, հիշեցնո՛ւմ է և պահանջում:
Սիրելինե՛ր, այս օծյալ խաչքարը, որ հայի պաշտամունքի ուրույն մի արտահայտություն է, դրոշմն է առ Աստված ունեցած հավատարմության և նվիրումի: Հավաստագիրն է ոգու ամրության և բյուր հաղթանակների: Նախնյաց հանդեպ ունեցած սիրո և երախտիքի վկայագի՛րն է:
Աղոթենք առ Բարձրյալն Աստված, և թող օծյալ խաչքարը, որ ձոնված է մեր սուրբ նահատակների անմար հիշատակին, դառնա հավերժի մեջ ապրող հնչեղ զանգակատուն, քարեղեն համանվագ մեր ինքնության: Եվ թող հայի ստեղծագործ ոգին արարի քարակերտ ծաղկած խաչեր՝ ի փառավորում Հարուցյալ Աստծո և ի հաստատում Հայոց հավատքի»:
Արարողությունից հետո Գ.Ադիբեկյանը հայտարարեց գործընկերների հետ համատեղ Մասիս քաղաքում իրականացվելիք «Հիշատակի ծառուղի. 100» նախագծի մեկնարկի մասին. ԱՀԹ ս. Գևորգ եկեղեցու հարևանությամբ կտնկվի 100 ծառ՝ որպես Հայոց ցեղասպանության փաստն ընդունած 20 պետությունների հանդեպ երախտիքի խորհրդանիշ: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաօծ խաչքարի մոտ, դպրոցականները 100 աղավնի բաց թողեցին:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի, Գագիկ Ադիբեկյանի, մարզպետի, քաղաքապետի, հոգևորականների ու պաշտոնյաների գլխավորությամբ Մասիսի շուրջ 4000 բնակիչներ, այցելուներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ երթով քայլեցին դեպի Մասիսի կենտրոնական հրապարակ: Այստեղ բացվեց «Հայոց Ցեղասպանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագծի նպատակն է երախտիք հայտնել Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունած և այն դատապարտած երկրներին:
Միջոցառումներն ավարտվեցին համերգով:
Արարտյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին