Խաչվերացի տոնն ուխտավորների համար նշանավորվեց խաչքարի օծմամբ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Ս. Պատարագի ավարտին համայնքը, Տեր Գրիգորի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Սաղմոսավանք: Սրբավայրում ուխտավորները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը, որն իրականացվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիկոսպոս Պռոշյանի ձեռամբ: Սաղմոսավանքի բակը զարդարող խաչքարը կանգնեցվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Արամ Ֆրանկյանի բարերարությամբ՝ ի հիշատակ Արցախի գոյամարտում նահատակված մեր քաջարի զինվորների: Ասեղնագործ նրբությամբ քանդակված խաչքարը քարգործ վարպետ Պողոսի կերտած Գոշավանքի խաչքարի (13-րդ դ.) կրկնօրինակն է, իսկ խաչքարագործ վարպետներն են՝ Արամ Բաբայանը և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Խաչքարի օծման հանդիսավոր արարողության ավարտին Սրբազան Հայրն անդրադարձավ Սուրբ Խաչի խորհրդին, ապա շնորհավորեց ներկաներին և իր գնահատանքի խոսքն ուղղեց Ֆրանկյան ընտանիքին՝ Սաղմոսավանքի բարեզարդությանն ուղղված բոլոր ներդրումների համար: Այնուհետև ներկաներին և ուխտավորներին Ֆրանկյան ընտանիքի կողմից մատաղ բաժանվեց:

Հայոց աշխարհի հազարավոր խաչքարերի թվին ավելացավ ևս մեկը, որը հայի ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկն է: Զաքարիա կաթողիկոսն աստվածընկալ Սուրբ Խաչին նվիրված իր ճառում ասել է. «Բարեբանվա՛ծ ես, ամենօրհնյա՛լ Սուրբ Խաչ, քանզի քո մասին ասաց Սողոմոնը. «Կյանքի ծառ է նրանց համար, ովքեր իրենց հույսը նրա վրա են դնում և ապավինում նրան, ինչպես Տիրոջը» (Առակ. 3:18), այլև՝ «Օրհնված է այն ծառը, որով եղավ Աստծու փրկությունը» (հմմտ. Իմաստ. Սողոմոնի 14:7)»։

 

Կարինե Սուգիկյան

 

11.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․