22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը՝ խաչի տոներից ամենահինը, որ պատմական սկզբնավորությամբ մինչև քրիստոնեական ակունքներ է հասնում:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագի մասնակիցները ևս մեկ անգամ հաղորդ դարձան տոնի սուրբ և զորավոր խորհրդին: Պատարագիչը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Քրիստոսի խաչելությունը մի իրողություն է մարդկության ողջ պատմության մեջ, Աստծո սերը փաստող մի մեծ ու անկրկնելի վկայություն, մեզ համար խաչվելու ու չարչարվելու Արարչի պատրաստակամությունը, այն, որ Աստված մարդուն ու նրա փրկությանը առնչվող Իր մեծ ծրագիրը ժամանակին կյանքի կոչեց, Իր Որդուն աշխարհ ուղարկեց և մարդկային աննկարագրելի չարչարանքների միջով անցկացրեց՝ հանուն սիրո, հանուն մարդու հետ մի նոր հարաբերության: Արարչին երկրպագելու և Նրա հոգատար գիրկը վերադառնալու մի տիեզերասասան երևույթ է Տիրոջ խաչելությունը: Մեզանից յուրաքանչյուրն իր խաչը վերցնելու և Քրիստոսին հետևելու կոչում ունի. «Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթեոս 10:38)»:
Խաչվերացի երեկոյան սովորաբար Խաչի թափոր և անդաստան է կատարվում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատացյալներ իրենց աղոթական ներկայությամբ մասնակից եղան այս մեծահանդես արարողությանը, որ դարերի շղթա է ապրել: Մինչ արարողությունը՝ Սբ. խաչը զարդարվել էր գույնզգույն ծաղիկներով և ռեհանով: «Որ ծագեցեր մեզ լոյս մեծ» շարականի երգեցողությամբ հոգևորաց դասից կազմված թափորը ավանդատնից դեպի Խորան եկավ մոմակալներով, քշոցակիրներով և հանդիսապետի խնկարկությամբ: Այնուհետև հանդիսապետն ընթերցեց «Տէր Աստուած մեր, որ կարգեցեր յերկինս զդասս եւ զզինուորութիւնս հրեշտակաց» աղոթքը, որի ընթացքում քահանան վերցրեց զարդարված Սբ. Խաչը: Շարականների երգակցությամբ հանդիսավոր թափորը հաղթական սուրբ նշանը դուրս բերեց եկեղեցուց և պտտեցրեց նրա շուրջը: Այս ընթացքում թափորապետ հոգևորականը, քառասուն անգամ «Տեր ողորմեա» ասելով, վարդաջուր ցողեց Սբ. խաչի և ժողովրդի վրա, ապա Սբ. Խաչը բարձրացնելով՝ խաչակնքեց և անդաստանի արարողությամբ խնդրեց Տիրոջից, որ օրհնի, պահպանի և նախախնամի երկրի չորս կողմերը՝ «արևելյան կողմն ու հայոց հայրապետությունը», «արևմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը և տարվա պտղաբերությունը», «հյուսիսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը և այստեղ բնակվող ժողովուրդներին»:
Այնուհետև «Խաչի Քո Քրիստոս երկիրպագենք» հոգեզմայլ շարականի երգեցողությամբ Խաչի թափորը վերադարձավ եկեղեցի, և սկսվեց երեկոյան ժամերգությունը, որի ավարտին օրհնված ռեհաններ ու ծաղիկներ բաժանվեց մասնակիցներին:
Թորգոմ պատրիարքն այս հանդիսության մասին հետևյալն է գրել. «Հաւանական է, որ այս հանդիսաւորութիւնը չափով մը գեթ արդիւնքը լինի այն տպաւորութեան՝ զոր Խաչափայտին գերադարձը գործեց Հայութեան սրտի վրայ՝ Հայաստանէն անցած միջոցին» (Սուրբք եւ Տօնք, 1929, Բ Տպագր. Երուսաղեմ):
Արդեն դարեր շարունակ խաչապաշտ հայորդին պանծացնում է փրկագործության, նոր կյանքի, հավերժության ու աստվածային ամենաբաշխ Լույսի խորհրդանիշը հանդիսացող Սբ. Խաչի վեր բարձրացման հիշատակությունը:
Կարինե Սուգիկյան