22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Խաղաղությունը

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14)։

Ղուկաս Ավետարանիչը, որն իր պատմությունը գրելուց առաջ բարեխղճորեն քննել և ուսումնասիրել է Նազովրեցի Հիսուսի ամբողջ կյանքը (Ղուկ. Ա 1-3), հիացումով է արձանագրել Նրա կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է միայն մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։

Եվ ահա Ղուկաս Ավետարանիչը, որ Հիսուսի ծննդյան պատմությունն ուղղակիորեն Հիսուսի մորից է լսել ու գրի առել, չբավականացավ գեթ պարզ նկարագրությամբ, այլ հարկ համարեց Եսայու շուրթերով բարձրաձայնված «խաղաղության Իշխանի» կենսագրությունը ներկայացնել իր բանաստեղծական ներշնչված գրչով ու երկնային երանգներով և պատկերալից դրվագներով նկարագրել Նրա ծնունդը, որի ժամանակ «երկնային զորքի բազմությունը» քաղցրանուշ ներդաշնակությամբ երգում էր խաղաղության իշխանի պատվին. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ»։

Երբ Ավետարանիչը գրում էր Հռոմեական կայսրության բոլոր ժողովուրդներին ուղղված իր Ավետարանը, այդժամ ահավոր, սարսափելի կացություն էր տիրում այդ քաղաքակիրթ համարվող ընդարձակածավալ կայսրության մեջ ընդգրկված երկրներում։ Ամենուր խաղաղությունը՝ խաթարված, թշնամանքն ու ատելությունը՝ ավելացած, վեճն ու կռիվն էլ անպակաս էին ընտանիքների ու ազգերի մեջ, և այս խռովված ու խանգարված, փոթորկահույզ վիճակի հետևանքով ընտանիքների ու ազգերի ներսում մեծամեծ եղեռնագործություններ էին գործվում՝ երկիրը սպանդանոցի վերածելով։

Աթենքում և Հռոմում հարյուր հազարավոր գերիներ ու կեղեքվածներ հրապարակներում ամբոխված՝ խաղաղության հասնելու համար ճշմարտության ու արդարության կոչեր էին աղաղակում։ Իսկ ահա Հիսուսի ծննդյամբ ավետարանվում էր՝ «և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն»։ Սակայն ի՞նչ խաղաղություն։ Ահա՛ քսան դար է անցել, բայց մարդիկ դեռ գայլերի նման հոշոտում են իրար, դեռ ամենուր իշխում է վրեժխնդրության ոգին, դեռ անպակաս են խռովությունները, դեռ լաց ու կոծ է հնչում ամեն կողմում, անմեղները նահատակվում են ու նրանց օջախներն էլ՝ քանդվում, և մանավանդ դեռ ահասարսուռ պատերազմների հարուցած մղձավանջային ամպերը հորիզոնից տակավին չեն հեռանում։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք այսպիսի պայմաններում երգել՝ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն»։

Հիրավի, այն օրվանից հետո, երբ խաղաղության Իշխանը այս աշխարհից մեկնելուց առաջ ասաց՝ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. ԺԴ 27), պատերազմները դեռ չեն դադարել։ Սակայն եթե դիտարկեք աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները բարեփոխման օրենքի հիման վրա, դուք իրավունք չեք ունենա ասելու, թե «խաղաղության Իշխանի» ծնունդը, կյանքը, գործերն ու խոսքերը ոչ մի դեր չեն ունեցել։

Նայե՛ք, ու պիտի համոզվեք, որ մարդկությունը քսան դար առաջվանից սկսած բարեշրջվում է դեպի խաղաղությունը և ոչ թե՝ դեպի պատերազմը։ Այն խաղաղությունները, որոնք ինչ-որ հրաշքով կամ էլ տրամաբանորեն են հաստատվում, այդ խաղաղությունները խախուտ ու երերուն են և չեն կարող իրական ու տևական լինել։ Ինչպես որ բնական աշխարհը մշտապես բարեփոխման կարիք ունի, այդպես էլ նաև բարոյական աշխարհը չի կարող խուսափել այդ օրենքից: Աշխարհում որևէ բան օրենքից շեղվել չի կարող. ամեն բան ենթակա է օրենքին:

Բարեփոխման մի օրենք կա, որին բարոյական աշխարհը նույնպես պիտի ենթարկվի: Հիսուս գիտակ էր այդ տիեզերական օրենքին, Նա Տերն էր նաև բարոյական աշխարհի օրենքների: Նա աշխարհում լցրեց, ցանեց խաղաղության սերմերը, սակայն մարդն ինքն է, որ պիտի իրեն պատրաստի խաղաղության համար անհրաժեշտ պայմանները հարգելուն և այդպիսով՝ խաղաղությունը իրականացած տեսնելուն:

Հիսուս Իր գործունեության սկզբում, երբ Լեռան քարոզն էր խոսում, Իր առաջին «երանի»-ների մեջ երանի տվեց նրանց, ովքեր սիրում են խաղաղությունը և խաղաղարարներ են. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. Ե 9): Արդյոք Նա ինչպիսի՜ բաժանումների, ատելության ինչպիսի՜ դրսևորումների ու ինչպիսի՜ անհամաձայնությունների էր ականատես եղել Իր կյանքի առաջին երեսուն տարիներին Նազարեթում: Նա նաև պատերազմական անհամաձայնություններն է ակնարկում, երբ ասում է. «Պիտի լսեք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր» (Մրկ. 7):

Նա տեսնում էր օտար ազգերի ատելությունը հրեաների նկատմամբ, վկա էր հրեաների ըմբոստ տրամադրություններին, որն Իր ժամանակակիցների մեջ բուռն կերպով էր դրսևորվում և որը 66 թվականին պատճառ դարձավ ըմբոստության: Նա լսում էր դպիրների ու փարիսեցիների՝ շաբաթ օրերի անհաշտ վիճաբանությունները, տեսնում էր կուսակցական բաժանումները Իր համար բնակավայր հանդիսացող գյուղի ընտանիքների ու նույնիսկ Իր ընտանիքին մոտ ազգական եղբայր-քույրերի միջև:

Ամենուր վրեժխնդիր դառը խոսքերն ու կռիվներն անպակաս էին: Հետևաբար՝ Նա խաղաղության կարիք էր տեսնում, ուստի «Աստծու որդիներ» էր անվանում բոլոր նրանց, ովքեր ջանք չէին խնայում խաղաղության հաստատման համար: Սակայն արդյոք անհրաժե՞շտ է, որ ամեն բանից առաջ խաղաղություն պահանջվի, երբ ըստ իմացական աստիճանի բարիքներից առաջինը՝ ճշմարտությունը, պակասում է, և երբ ըստ բարոյական աստիճանի բարիքներից առաջինը՝ արդարությունը, բացակայում է:

Որևէ այլ բան չի կարող առաջնահերթ լինել, երբ ճշմարտությունն ու արդարությունը ապահովված չեն, ուստի որտեղ խաղաղություն է փնտրվում, այնտեղ առաջնահերթ պայման է, որ նախ ձեռք բերվեն ճշմարտությունն ու արդարությունը, հակառակ դեպքում, մարգարեների ասածի պես, արժեք չի ունենա խաղաղությունը. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը» (Երեմիա Զ 14), «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, մինչդեռ խաղաղություն չկար» (Երեմիա Ը 11), (Եզեկ. ԺԳ 10): Մի՛ սպասեք խաղաղության, երբ վտանգել եք ճշմարտությունն ու արդարությունը:

Որպեսզի կարողանանք ըմբոշխնել Հիսուսի ծնունդով ավետված խաղաղությունը, հարկ է, որ խաղաղության մեջ լինենք Աստծու ու մեր խղճի հետ, խաղաղության մեջ լինենք մեր հոգո՛ւ հետ, խաղաղության մեջ լինենք ուրիշների, մեր ընտանիքի ու, վերջապես, մեր եկեղեցու հետ:

1. Խաղաղություն Աստծու ու մեր խղճի հետ - Մեր բոլոր պարտականություններից առաջ անհրաժեշտ է, որ խաղաղության մեջ լինենք Աստծու հետ: Քննելով մեր հոգևոր կապը Աստծու հետ՝ մենք ստիպված ենք խոստովանելու, որ մենք Նրա հետ խաղաղության մեջ չենք: Մենք հաճախ գանգատներ ունենք Աստծուց, մինչև իսկ համարձակվում ենք Նրան ասելու՝ «Ինչո՞ւ այդպես արեցիր»: Մենք վերացրել ենք այն լուսեղեն սանդուղքը, որը կարող էր մեզ հարաբերության մեջ դնել Աստծու հետ, այնպես, ինչպես Հակոբին հայտնված տեսիլքի պարագայում էր: Եվ, վերջապես, մենք խախտել ենք Նրա օրենքը:   

Մեր խիղճն էլ հանգիստ չէ. այն մեզ ամբաստանում է, իսկ մենք չենք ուզում լսել նրա ձայնը: Մենք, եթե իմաստուն ենք, ապա պիտի ինքնամփոփվենք ու հաշտվենք Աստծու հետ. «Այսուհետև, հավատով արդարացած, խաղաղությո՛ւն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. Ե 1): Եթե շատ դեպքերում չենք կարողանում խաղաղության մեջ լինել մեր հոգու և ուրիշների հետ, ապա պատճառն այն է, որ չենք կարողացել խաղաղություն ունենալ ու կնքել Աստծու հետ:

Իսկ եթե կարողացել ենք մեր և Աստծու միջև այնպիսի կապ ստեղծել, որը նման է որդու՝ հոր հետ ունեցած կապին, այնպիսի՛ մի կապ, որում մենք Աստծուն դատավորի խստության մեջ չենք դիտարկում, այլ ընդունում ենք իբրև գորովագութ հոր, այդժամ է, որ մեր և Աստծու միջև կսկսի բույն դնել խաղաղությունը:

Մեկ անգամ միայն Աստծու հետ խաղաղության կապը հաստատած լինելով՝ ջանա՛նք պահպանել այն իբրև ամենաթանկագին մի գանձ, և խիղճը այդ խաղաղության պահապանը պիտի լինի: Խիղճը պիտի ըմբոստանա խաղաղությունը խաթարող որևէ դեպքի ու երևույթի դեմ և պիտի դառնա մեր երջանկության ուղեցույցը: Հետևաբար, հարկ է, որ ականջ դնենք խղճի ձայնին, եթե ուզում ենք վայելել խաղաղությունը:

2. Խաղաղության մեջ լինենք մեր հոգու հետ - Մեր հոգու հետ խաղաղություն ունենալը այդքան էլ դյուրին չէ ձեռք բերել: Այդ խաղաղությանը խոչընդոտող շա՜տ պատճառներ կան, երբ, մանավանդ, խնդիրը դիտարկում ենք մեր պարտականությունների ու հնարավոր սրբության տեսակետից։ Երբ մեր կամքին հակառակ երևույթներ են ի հայտ գալիս մեր հոգում, մենք անում ենք այն, ինչը որ չէինք ուզում անել, ու չենք անում այն, ինչը որ ուզում էինք անել։

Անում ենք այն, ինչը որ ատելի է մեզ համար, սակայն այդ մենք չէ, որ անում ենք, այլ մի չար ուժ, որն ասես մեր հոգու գահին՝ խորանի առջև բազմած՝ ղեկավարում է մեր անձը։ Մենք գիտենք՝ ինչն է բարին, և ուզում ենք գործել այն, սակայն այդ ոգին, այդ թաքնված ուժը արգելում ու խռովում է մեզ։ Ո՞վ պիտի ազատի մեզ այս կացությունից, ո՞վ պիտի տապալի այդ չար ուժի զորությունը։ Այդժամ մարդը հարկադրվում է Առաքյալի պես աղաղակելու. «Ի՜նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ. Է 24)։

Ես կարծում ու հավատում եմ, որ բարեպաշտությունն ամենամեծ դերն է խաղում մեր հոգում ներքին ու կատարյալ խաղաղություն հաստատելու գործում։ Այն անձինք, որոնք իրենք իրենց չափից ավելի են «մատնում» աշխարհիկ կյանքի հուզումներին, այդպիսիք դժվար թե կարողանան ապահովել իրենց հոգու խաղաղությունը։ Բարեպաշտ քրիստոնյաներն ու կրոնասեր ազգերը իրենք իրենց ներսում շատ ավելի հանդարտ ու խաղաղ են, հեշտությամբ հունից դուրս չեն գալիս և դյուրությամբ չեն բորբոքվում, քանի որ նրանք իրենց մարզել են բարեպաշտությամբ ՝ իրենց հոգին խաղաղության մեջ պահելու համար։        

3. Խաղաղություն ուրիշների հետ - Երբ մենք մեր մեջ խաղաղ ենք, այդժամ միայն կարող ենք խաղաղ լինել նաև ուրիշների հետ։ Որքա՜ն զգույշ պետք է լինենք մեր բառերի ու մեր խոսքերի մեջ։ Անմիտ ու անխոհեմ մի բառն անգամ կարող է հրո ճարակ դարձնել ամեն բան, մինչև իսկ պատերազմ ստեղծել խաղաղ ընկերության մեջ։ Սակայն շատ անգամ «մեր ձեռքում չէ» ուրիշների հետ խաղաղություն ապահովելու գործը։

Պողոս առաքյալը հռոմեացիներին գրում էր՝ հանձնարարելով նրանց, որքան հնարավոր է, խաղաղությամբ ապրել բոլոր մարդկանց հետ. «Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահեցեք» (Հռոմ. ԺԲ 18)։ Սակայն միշտ չէ, որ մեզնից է կախված ուրիշների հետ խաղաղության մեջ լինելը. նրանք կարող են մերժել իրենց առաջարկվող հաշտության յուրաքանչյուր ձեռք, նրանք կարող են նույնիսկ խորացնել մեր նկատմամբ իրենց հակառակամտությունն ու առավել շատացնել մեր դեմ իրենց ատելությունը։ Այդժամ մեր ուսերին պարտավորվածություն է ծանրանում ներողամիտ լինել նրանց նկատմամբ ու չընդդիմանալ նրանց, սակայն նրանց հետ խաղաղության մեջ լինելը մեզնից կախված չէ։

Նայե՛ք Հիսուսին. Նա բոլոր մարդկանց հետ կամեցավ խաղաղության մեջ լինել, բայց Ինքն անբացատրելի կերպով ատելի դարձավ մարդկանց՝ այն աստիճանի, որ ուրիշ որևէ մեկը այդչափ ատելի չէր եղել։ Նա մերժվեց ու խաչվեց, սակայն և չտկարացավ։ Նա ամենուր սփռվող ու հարաժամանակյա խաղաղություն կամեցավ ավանդել մեզ՝ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ», և այդ բանի համար իսկ անդադար պայքարեց, պայքար, որը Նրան առաջնորդեց մահվան։ Նա այդ պայքարի ճանապարհին էր, երբ աղաղակեց. «Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր» (Մտթ. Ժ 34)։

Ո՜վ հավատացյալներ, գիտեմ, որ դուք էլ եք պայքարում։ Դուք, որ ամեն ճիգ գործադրում եք՝ ուրիշների հետ խաղաղության մեջ լինելու համար, մխիթարվեցե՛ք, քանի որ ձեր Փրկիչն էլ է այդ նույն ճանապարհն անցել։ Նա, Ում հոգին ներքին խաղաղություն ուներ, խաղաղություն՝ ներման ու սիրո, չունեցավ, սակայն, արտաքի՛ն խաղաղություն ու հալածվեց անթարգմանելի մի ատելությամբ, որն էլ Նրա՝ խաչի մահվամբ ավարտվեց՝ հավերժացնելով, սակայն, խաղաղության դատը։

4. Խաղաղություն ընտանիքի ներսում - Ամենքդ էլ ընտանիքի տեր եք կամ էլ ընտանիքի մեջ եք ապրում։ Խաղաղություն տիրո՞ւմ է ձեր ընտանեկան հարկի ներքո։ Այս հարցին, անկասկած, ամենքդ էլ պիտի պատասխանեք, թե ձեր տան ներսում խաղաղություն ունեք։ Այդպիսիններին չէ, սակայն, որ ուղղում եմ իմ խոսքերը։ Այլ նրա՛նց եմ ուղղում խոսքերս, ովքեր անկեղծորեն խոստովանում են, որ իրենց տան մեջ խաղաղությունը խաթարված է։ Օ՜հ, որքա՜ն դժբախտ են այդպիսիք։

Պարզից էլ պարզ է, որ նման ընտանիքներում ամեն ինչից առաջ պակասում է զիջողականությունը, այնտեղ պակասում է ինքնատիրապետումը, այնտեղ պակասում է հեզությունը։ Երբ մարդ գիտի իր անձի ու խոսքերի տերը լինել, խոսքերի, որ իր սրտից բարձրանում են մինչև շուրթերն ու հնչում այնտեղից, ապա այդ մարդն ամենամեծ կարողություն ունեցող մեկն է։

Գիտե՞ք, շատ անգամ չզսպված մի բառը, առանց կշռադատելու արտահայտված մի խոսքն անգամ կարող է մեծամեծ դժբախտությունների դուռ բացել ու խաթարել տան խաղաղությունը։ Եվ հետևաբար, որքա՜ն մեծ անհրաժեշտություն է սեփական անձը զսպելը. զսպել խոսքերն ու զսպել կրքերը։ Այդպիսին ավելի զորավոր է, քան քաղաքներ գրավող մեկը (հմմտ. Մտթ. ԺԶ 32)։

Մի փոքր ևս առաջ գնանք՝ տեսնելու, թե ինչու չենք ուզում զիջման գնալ տան ներսում առկա հարաբերությունների մեջ, ի՞նչ կա մեր ներսում, որն ընդդիմանում է այդ երևույթին. մեկ բառով ասեմ՝ հպարտությո՛ւնն է այդ։ Խաղաղության ամենամեծ թշնամին հպարտությունն է։ Այն մեզ մղում է իրավունք պահանջելու, այն մեզ մղում է մեր տեսակետը պարտադրել տալու։ Հպարտը բարեպաշտ լինել չի կարող։ Հոգևոր զգացումը խոնարհությամբ է ավելանում միայն։

Տան ներսում տղամա՞րդը, թե՞ կինն է ավելի հպարտ։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ՝ տղամարդը։ Կանայք ավելի անձնազոհ են իրենց ամուսինների նկատմամբ։ Նրանք հաճախ իրենք իրենց զոհում են և այդկերպ մշտապես խաղաղություն են ապահոված լինում տան մեջ ու իրենց շուրջբոլորը։ Նրանք «տան հրեշտակն» են դառնում։ Նրանք ամեն վայրկյան իրենց անձնազոհությամբ համբերության օրինակ են ցույց տալիս և կրում են ամեն դժվարություն։

Փա՜ռք Աստծու, որ կանայք հաճախ համբերություն կոչվող այս երևույթի իրական մարմնավորումն են։ Ընտանիքում երկու որոշակիորեն ուրվագծված երևույթներ կան. տղամարդու ուժը և կնոջ քաղցրությունը։ Ո՞րն է, սակայն, ամենազորեղ ուժը. հայտնի է, որ քաղցրությո՛ւնն է այդ։

5. Խաղաղություն եկեղեցու ներսում - Ամեն ոք երկյուղի ու տարակուսանքի մեջ է հայտնվում՝ տեսնելով, որ հայրենիքի ներսում կառավարությունը Հայ եկեղեցու կողքին կանգնած չէ, որ այն լքել, երես է դարձրել Եկեղեցուց ու չի հետաքրքրվում Եկեղեցով, չի հոգում Եկեղեցու մասին ու չի պաշտպանում այն։ Այս կացությունն ու պետության այս վերաբերմունքը չպետք է մեզ մտահոգություն պատճառի, քանի որ հենց այս իսկ պայմաններում է, որ Եկեղեցու ներսում կարող է ապահովված լինել խաղաղությունը։

Հարկ է, որ Եկեղեցին տարանջատված լինի պետությունից, եթե ուզում ենք, որ այն կատարի հոգևոր, խղճի ու հավատքի իր առաքելությունը, որը մեծագույն մխիթարություն ու զորակցություն է մարդու համար և որը բավարարում է նրա հոգևոր պահանջմունքները։ Բավական է միայն, որ պետությունը խղճի ազատություն տա, պաշտպանի արդարությունն ու հավատքի նկատմամբ հալածանք չգործադրի։ Երբ Եկեղեցին ազատ է ազատ պետության ներսում, հենց այդ ժամանակ է, որ այն իր աստվածային առաքելությունը կատարելուն է մղվում։

Եթե մենք ուզում ենք օգուտ քաղել Քրիստոսի ծննդյան առթիվ երգված ու ավետարանված խաղաղությունից, պետք է ընդառաջ գնանք խաղաղությանը, պետք է խաղաղություն ունենանք Աստծու, մեր անձի հետ, ուրիշների նկատմամբ, մեր ընտանիքի ու մեր Եկեղեցու ներսում։ Եկեղեցու սուրբ խորանը, որ Գողգոթայի զոհարանն է ներկայացնում, այսօրվա տոնի առթիվ փոխակերպվում է Հիսուսի մսուրին՝ Բեթղեհեմի կիսաքանդ քարանձավին։

Դիտե՛նք այն հոգու աչքերով. այդ խաղաղ ու անխռով մսուրում բազմած է սրբության, արդարության և ճշմարտության մարմնացումը, Ինքը՝ «խաղաղության Իշխանը»։  Ծնրադիր կերպով շրջապատե՛նք Նրան այնպես, ինչպես որ՝ ծնրադիր, Նրան շրջապատեցին մաքրամիտ հավատքով լեցուն հովիվներն ու աստվածային իմաստության լույսով լցված մոգերը, և սովորե՛նք Նրանից իրական ու տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ պայմանների իրականացման գաղտնիքը։ Այստե՛ղ է, որ պիտի գտնեք աստվածային խաղաղությունն ու պիտի հեռանաք այստեղից իմաստնացած, սրբված, զորացած և մխիթարված։

Հիսուսին գուցե աղքատ կերպարանքով գտնեք Իր խանձարուրի մեջ, սակայն Կրեսոսներից շա՜տ ավելի հարուստ է Նա։ Թերևս անշուք տեսքով գտնեք Նրան, սակայն Նա Հուլիոսներից ու Օգոստոսներից շա՜տ ավելի շքեղ ու փառավոր է։ Գուցե տկար կարծեք Նրան, սակայն Ալեքսանդրներից ու Նապոլեոններից ավելի զորավոր է Նա։ Թերևս մի ռամիկ համարեք Նրան, սակայն Պլատոններն ու Արիստոտելները կարիքն ունեն դարերո՜վ Նրան աշակերտելու։ Նա աշխարհի խաղաղությունն է, Նա արդարության Արեգակը, ճշմարտության Լույսն ու սրբության Ճաճանչն է, ուստի խոնարհվե՛նք ու ծնրադիր՝ աղոթե՛նք Նրան և ասե՛նք. «Ո՜վ խաղաղության Իշխան, մանկացա՛ծ Հիսուս, ահա Քեզ մոտ՝ մսուրիդ առաջ ենք եկել փոթորկահույզ ու խռովատանջ գիտակցությամբ՝ Քո խաղաղությունը խնդրելու։ Տո՛ւր քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, խաղաղություն՝ մերձավորներին ու խաղաղություն՝ հեռավորներին։ Իմաստությո՛ւն շնորհիր մեզ, որպեսզի Քո խաղաղությունը, որի կարիքը մենք այդքա՜ն ունենք, կարողանանք իրագործել ու արժանանանք «Աստծու որդիներ» կոչվելուն, և իր պարտականությունը կատարող հավատացյալի նման կարողանանք փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ»։ Ամեն։

 

(Քարոզը խոսվել է Սուրբ Ծննդյան առթիվ):

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

02.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․