Խլուրդը դուրս է գալիս երփներանգ ծաղիկներով լի դաշտավայր, Աստծո հրեշտակին նկատում այնտեղ ու ասում.
- Արարչին շարունակ խնդրում եմ, որ իմ գետնափոր կացարանում այսպիսի անուշաբույր ծաղիկներ աճեն, բայց ինչքան դրանք տնկում եմ, թառամում ու չորանում են: Ինչո՞ւ Աստված ինձ չի օգնում:
Հրեշտակը պատասխանում է.
- Դու կամենում ես Աստծուց ինչ-որ բան խնդրել, սակայն շարունակել միևնույն կենցաղով ապրե՞լ... Ինչպե՞ս կարող ես ծաղիկներն այդ խավարի մեջ աճեցնել: Ինքդ պիտի վերափոխվես ու կացարանդ լույսի մեջ կառուցես, որպեսզի ծաղիկները չթառամեն, այլ կյանք ստանան, ժպտան ու ծաղկեն:
Երբ մարդն ինչ-որ բան է խնդրում Աստծուց, սակայն սրտի այն մտայնությամբ, որ շարունակի ապրել հին կենցաղով ու այս աշխարհի ցանկություններով, նրա ակնկալիքն ու Աստծո կամքը չեն համընկնում իրար ... «Նախ խնդրեցեք Աստծո Արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):
Հովհաննես Մանուկյան