«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ»

«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ» | Khnda Ev Urakhacir Dustr Sioni Qani Or Aha Es Kgam Ev Kbnakvem Qo Mej

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, գորովալից մայրեր, քնքուշ քույրեր, սիրասուն դուստրեր,

Սրտի ջերմությամբ ու մեծ սիրով շնորհավորում եմ նախ և առաջ Աստծո հեզ ու նուրբ արարածներին` կանանց և աղջիկներին, իսկ այնուհետև ամենքիս՝ այս լուսաշող տոնի՝ Սուրբ Աստվածամոր Ավետման կապակցությամբ: Տիրամորը նվիրված յոթ տոներից այս մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է ապրիլի 7-ին և բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվում է մայրանալու բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:

«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ և կբնակվեմ քո մեջ» Զաքարիա մարգարեի շուրթերով ասում է Տերը (Զաք. 2:10): Այո, սիրելինե՛ր, այսօր խնդության և ուրախության տոն է համայն մարդկության համար, քանզի իրենց Երկնավոր Հորից հեռացած անառակ զավակները վերջապես արժանացան Աստծո մեծագույն ողորմությանը, անսահման սիրո ու ներման ապացույցին, մարդկային տկար գիտակցության համար անհասանելի հրաշքին՝ Աստծո մարդացմանը: Աստված այնքան սիրեց Իր անարժան զավակներին, որ չխորշեց Իր մեծաշուք գահից ցած իջնել ու ծնունդ առնել մարդ արարածից՝ նրա իսկ փրկության համար: Սակայն քավ լիցի, եթե Ամենասուրբ Մորը, Աստծո Մաքրամաքուր Սրբազան Անոթին համեմատեմ մյուս մահկանացուների հետ: Այո՛, բոլոր կանայք էլ կարող են հղանալ ու ծնունդ տալ, սակայն միայն Նա էր, ում ողջ մաքրությունը, բոլոր մտքերն ու աղոթքներն ուղղված էին Միակ Աստծուն և մի ցանկություն ուներ միայն՝ անվերապահորեն ծառայել Նրան: Եվ այդ էր պատճառը, որ այդքան երկար ու ձիգ տարիներ Ամենակարողը սպասում էր: Նա հետևում էր մարդկային ցեղին, սպասելով այն միակի, այն անաղարտի լույս աշխարհ գալուն, ով արժանի կլիներ Արարչին իր սրտի տակ կրել ու բոլոր կանանց մեջ «օրհնյալ» անվանվել (Ղուկ. 1:42):

Այստեղ կամենում եմ կանգ առնել, սիրելի քույրեր և եղբայրներ՝ ի Քրիստոս, և ձեզ համար ընթերցել ավետարանական այն հատվածը, որտեղ նկարագրվում է Սուրբ Կույսի ավետումը, քանզի մի շատ նուրբ ու կարևոր դրվագ կա, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: Այսպիսով, Ղուկասի ավետարանի առաջին գլխում ընթերցում ենք. «Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի… Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու սուրբ է և Աստծո որդի կկոչվի…»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:28-38):

Սիրելինե՛ր, ուշադիր եղա՞ք արդյոք այս խոսակցությանը: Այո՛, Աստված ընտրեց մարդկության ամենախոնարհ ու հեզ Ծաղկին, ով անվերապահորեն հավատաց ու վստահեց Ամենակալին և ողջ կյանքում հավատարիմ մնաց նրան, բայց Տերն էլ, իր հերթին, հավատարիմ եղավ աստվածային Իր սկզբունքին՝ ոչինչ չպարտադրել մարդուն և ազատություն շնորհել նրան՝ իր կամքի արտահայտման մեջ: Եվ հենց այս խոսակցության մեջ ենք ակնհայտորեն տեսնում, որ Ամենակալը չգործեց, մինչև որ չլսեց Իր սքանչելի Աղախնու համաձայնությունը: Սա մի ակնառու օրինակ և հրաշալի դաս է ամենքիս համար, որ պետք է դրոշմված լինի մեր մտքերում և ի հայտ գա ամեն անգամ. երբ կրկին կանգնենք ընտրության առջև, կամ կրկին անգամ Տիրոջ կանչող ձայնը լսենք: Երանի մենք էլ, հետևելով Սուրբ Կույսի օրինակին, խոնարհաբար, մեր հոգիների դռները բաց անենք Տիրոջ սուրբ կամքի առջև և ասենք. «Ես Քո ծառան եմ, Տե՛ր և թող Քո կամքի համաձայն լինի ինձ»:

Բայց վերադառնանք Սուրբ Աստվածամոր կյանքի այս զարմանահրաշ դրվագին ու ևս մեկ անգամ մտովի վերապրենք աստվածային ամենակարող զորության այս հրաշափառ դրսևորումը: Այո՛, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո Միածնի մարդանալն այլ կերպ լինել չէր կարող, քան Հոր ամենակարող ուժի արտահայտման միջոցով միայն: Տկար ու մահկանացու մարդու համար անհնարին թվացողը հնարավոր դարձավ Ամենակալի համար: Կույսը մայրացավ՝ պահպանելով իր անաղարտ կուսության փառքը և Աստված մարդացավ՝ պահպանելով Իր աստվածային էությունը: Մարդկայինն ու աստվածայինն ամենավեհ կերպով միահյուսվեցին Աստվածորդու և Աստվածամոր մեջ՝ Անարատ Կույսին մայրության բերկրանքը պարգևելով, իսկ անկատար մարդուն՝ Աստծո կատարելությունը: Անսկիզբ ու անպարփակելի Աստված մարդու մեջ պարփակվեց՝ չդադարելով սակայն Աստված լինելուց: Իսկ կուսությունը Մորը մի այնպիսի մաքրություն պարգևեց, որ Աստվածամորն է վայել միայն և նրան դարձրեց այն Սրբազան Անոթը, որում կարող էր Աստծո և մարդու այդ զարմանահրաշ միավորումը տեղի ունենալ: «Ոչ մի զուլալ աղբյուրի ջուր երբեք այնքան մաքրությամբ չի արտացոլել արևը, որքան Մաքրամաքուր Կույս Մարիամն է մաքրության հայելին եղել…», «Եվ առավոտյան արևածագը, որ արևին է ծնում, կամաչեր Կույս Մարիամի մաքրությունից, որ Անմահ Արևին՝ մեր Փրկիչ Քրիստոսին է ծնել»,- ասում են Եկեղեցու Հայրերը:

Բարեկամնե՛ր, սա իրապես քրիստոնեական հավատքի այն մեծագույն հրաշքներից է, որ մեր դրսևորած մաքուր հավատն է միայն մեզ ունակ դարձնում ընկալել այն և անբացատրելի հույսով ու հրճվանքով է լցնում մեր հոգիները: Այսօր, Աստծո Տանը հավաքվածներս, միավորվում ենք հրեշտակների հետ ու մեր փառաբանական աղոթքն ենք հղում առ Սուրբ Աստվածամայր, որ օրհնյալ եղավ Տիրոջ կողմից և իր միջոցով էլ աստվածային օրհնությունը տարածվեց Աստծո մահկանացու զավակների վրա: Մեր Փրկիչը դեպ մեզ եկավ Անաղարտ Ծնողի միջոցով՝ նրան հավիտյանս բարեխոս դարձնելով ամենքիս համար: Ինչպես որ Աստվածամոր սիրտը խոցվեց՝ իր սիրասուն Զավակին խաչին գամված տեսնելով, սակայն չդադարեց աղոթել և հուսալ, այնպես էլ յուրաքանչյուրիս պարագայում, երբ մեղանչում ու հեռանում ենք Աստծո պատվիրաններից՝ արտասվում է Սիրող Մոր սիրտը, սակայն հույսով շարունակում է իր որդեգիր զավակների դարձին սպասել: Եթե ավետարանները կարդացել ենք, ապա լավ ենք հիշում, որ Աստծո Միածին Որդին այստեղ, երկրի վրա, բազմիցս անսաց Մոր խնդրանքներին ու կատարեց դրանք: Ուստի վստահ ենք, որ անպատասխան չի թողնում նաև Նրա կողմից արվող բարեխոսությունները, որ Հոգատար Մայրն է անում իր զղջացող ու ապաշխարող զավակների համար:

Այստեղ ներկա եղող մայրերն իրենց անձնական փորձով գիտեն, թե ինչ ասել է մայր լինել: Նրանք կվկայեն, թե քանի անգամ են իրենց վրա վերցրել հայրերի զայրույթը՝ որևէ զանցանք գործած իրենց զավակների նկատմամբ, քանի անգամ են աղերսել, որ հայրը ների իր զավակին ու չպատժի նրան, կամ գոնե մեղմացնի պատիժը: Արդ պատկերացրեք, թե որքան զորավոր է Սուրբ Տիրամոր աղերսը Երկնային Հոր առջև՝ մեզ համար: Հավատացեք, սիրելինե՛ր, որ որքան էլ լուրջ լինի ձեր գործած հանցանքը, որքան էլ աններելի թվա այն՝ Աստվածամայրն ի զորու է Ամենակալի գութը շարժել ու Նրա ողորմածությունը հայցել, միայն թե ի սրտե, անկեղծ զղջում ունենանք, մեր մեղքերից ու կրքերից հրաժարվելու հստակ որոշում և աղաչենք Սուրբ Կույսի բարեխոսությունը Տիրոջ առջև:

Իգնատիոս Աստվազգյացը, որ համաքրիստոնեական սուրբ է և ըստ ավանդության այն մանուկն էր, որին Քրիստոս գիրկն առավ՝ ասելով. «եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, երկնքի արքայություն չեք մտնի» (Մտթ. 18:3), հետևյալ կերպ է նկարագրում Սուրբ Աստվածամորը. «Մեզ մոտ բոլորը գիտեն, որ Սուրբ Կույս Աստվածամայրը լի էր բարեշնորհությամբ ու բոլոր առաքինություններով: Պատմում են, որ հալածանքների ու վշտերի մեջ նա միշտ ուրախ էր, կարիքի ու չքավորության մեջ չէր վշտանում, իրեն վիրավորողների վրա չէր զայրանում, այլ նույնիսկ բարիք էր անում նրանց: Բարօրության մեջ հեզ էր, ողորմած էր աղքատների նկատմամբ և միշտ օգնում էր նրանց՝ ինչով որ կարող էր: Հորդորում էր բարեպաշտության ու ամեն տեսակի բարի գործերի: Նա հատկապես սիրում էր խոնարհներին, որովհետև ինքն էլ լի էր խոնարհությամբ: Նրան տեսնողները գովաբանում են նրան: Վստահության արժանի մարդիկ նրա մասին պատմում էին, որ նրա սրբության միջոցով  հրեշտակային բնությունը նրա մեջ միավորվել էր մարդկայինին»: Իսկ մեկ այլ ժամանակակից գրում է. «Նա ոչ միայն մարմնով, այլև հոգով էր Կույս, սրտով խոնարհ, բառերի մեջ շրջահայաց, խոհեմ, սակավախոս, ընթերցասեր, աշխատասեր, խոսքի մեջ ողջախոհ, պաշտելով ոչ թե մարդուն, այլ Աստծուն՝ իր մտքերի Դատավորին: Նրա սկզբունքներից էին՝ ոչ ոքի չնեղացնել, բոլորին բարին կամենալ, մեծերին հարգել, չնախանձել մերձավորին, խուսափել պարծենկոտությունից, առաքինությունը սիրել: Մի՞թե նա թեկուզ դեմքի արտահայտությամբ երբևէ նեղացրել է իր ծնողներին կամ անհաշտության մեջ է եղել հարազատների հետ, համեստ մարդու առաջ հպարտացե՞լ է, ծիծաղե՞լ թույլի վրա, խորշե՞լ չունևորից: Նա չէր խոժոռում հայացքը, անշրջահայացություն չկար խոսքերի մեջ, գործողությունների մեջ՝ անպարկեշտություն. շարժվում էր համեստորեն, քայլքը՝ հանդարտ, ձայնը հաստատուն, այնպես որ Նրա տեսքը հոգու արտացոլումն էր, մաքրության մարմնացում»:

Ահա՛ Սուրբ Աստվածամոր այս կատարյալ կերպարն էլ թող օրինակ հանդիսանա մեր կանանց, քույրերի և դուստրերի համար, քանզի ավելի մեծ օրհնություն չկա նրանց համար, քան Անաղարտ Կույսին նմանվելն է: Եվ բոլորս միասին աղաչենք Ամենասուրբ Տիրամոր բարեխոսությունն Անհաղթ Երկնակալի առջև, որպեսզի Իր Ամենազոր Աջով պահապան լինի հայրենիքի համար մարտնչող մեր հերոս զինվորներին, խաղաղություն պարգևի Հայոց հողին, որպեսզի հայ մայրերի աչքերը երբեք իրենց զավակի կորուստը չտեսնեն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

07.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․