Աբբա Թեոդորոսի մասին ասում էին, թե սարկավագ ձեռնադրվեց Սկյութիայում և չէր կամենում ծառայել իր կոչման մեջ, դրա համար էլ բազում տեղեր էր փախուստ տալիս: Իսկ ծերերը նրան ասացին. «Մի՛ թող քո սարկավագությունը»: Եվ նա ասաց. «Կալանե՛ք ինձ՝ որպես հրաժարվածի, մինչև աղաչեմ Աստծուն, տեսնեմ՝ կընդունի՞ ինձ կանգնելու պատարագին՝ իմ տեղում»: Եվ աղաչելով Աստծուն` ասաց. «Եթե Դու կամենում ես, որ կանգնեմ իմ տեղում և մնամ իմ կոչման մեջ, ցո՛ւյց տուր ինձ»: Եվ ցույց տրվեց նրան երկրից մինչ երկինք ձգվող մի հրե սյուն, ձայն եկավ նրան և ասաց. «Եթե կարող ես լինել՝ ինչպես այս սյունը, գնա՛ և կատարի՛ր սարկավագությանդ պաշտոնը»: Եվ նա, լսելով այս, իր մտքում կշռադատելով՝ որոշեց չընդունել կարգը, և գալով եկեղեցի` ծնրադրեց եղբայրների առաջ: Եղբայրներն ասացին. «Եթե չես կամենում սպասավորություն անել, ապա բարի եղիր գոնե սկիհն առնել ձեռքդ Հաղորդության ժամանակ: Իսկ նա հանձն չառավ և ասաց. «Եթե թույլ չտաք, կգնա՛մ այստեղից»: Եվ այսպես թողեցին նրան և այլևս չէին նեղում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016