Ոմն եղբայր ասաց հայր Թեոդորոսին. «Կամենում եմ Աստծո պատվիրանները կատարել»: Ծերն ասաց. «Հայր Թեովնեսը մի անգամ ասաց. «Ուզում եմ կատարել Աստծո պատվիրանները»: Եվ իր ալյուրը տանելով փուռը` հաց թխեց և այնտեղ փնտրելով ու գտնելով աղքատների` նրանց տվեց հացը: Ուրիշներ ևս խնդրեցին, և քանի որ հաց չմնաց, նրանց տվեց իր կողովը: Սակայն ուրիշ խնդրողներ ևս եղան, և նրանց տվեց այն, ինչ հագին էր, և ասաց, թե չկարողացավ Աստծո պատվիրանները կատարել»: Իսկ եթե դու էլ կարողանաս այդպես անել, դեռ պարտավոր ես ասել` չկարողացա կատարել Աստծո պատվիրանները, քանզի պատվիրանների կատարումը խոնարհությունն է, և Աստված հեզերի և խոնարհների մեջ է բնակվում, և ով խոնարհություն է անում, նա էլ կատարում է Աստծո բոլոր պատվիրանները, իսկ ով խոնարհություն չունի, նա չունի նաև մնացած բոլոր պատվիրանները, որովհետև առանց խոնարհության ոչ մի առաքինություն ընդունելի չէ ընդունող Քրիստոսի առաջ»: Եվ այն եղբայրը խոնարհվելով՝ երկրպագեց նրան և շահած` գնաց ուրախությամբ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016