23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները հյուրընկալեցին ԱՄՆ Արևելյան թեմի երիտասարդաց կազմակերպության անդամներին, ովքեր եկել էին Սեյնթ Փոլ Մինիսոթայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի ղեկավարությամբ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Խորացնել կապը ազգային ինքնության և Մայր Հայրենիքի հետ» խորագրի ներքո: Սրբազան հայրը ողջունեց հյուրերին և իր ուրախությունը հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդները Հայաստան գալու և հայրենիքում ապրող իրենց տարեկիցների հետ ամուր կապեր հաստատելու պատրաստակամություն են ցուցաբերում: Նավասարդ Սրբազանը իր ողջույնները հղեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, ում օրհնությամբ երիտասարդները ժամանել էին Հայաստան:
ԱՀԹ երիտասարդները հյուրերին ներկայացրեցին վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կատարած թեմական մի շարք ծրագրերի մասին պատմող ֆիլմեր:
Հյուրասիրությունից հետո ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ երկու թեմերի երիտասարդների միջև զրույց ծավալվեց. խոսվեց սփյուռքահայ երիտասարդության ինքնության պահպանման խնդիրների, եկեղեցանպաստ գործունեության, իրականացված ծրագրերի շուրջ, իսկ հյուրերը պատմեցին Հայաստան կատարած իրենց այցի և տպավորությունների մասին: Հանդիպման ավարտին Տ. Պետրոսը խաչի աղոթաթերթեր նվիրեց նրանց:
Ամերիկայից ժամանած հյուրերը Հայաստանում են ASP՝ «Հայկական ծառայությունների նախագիծ» ծրագրով: Ամեն տարի այս ծրագրով Արևելյան թեմի մի խումբ երիտասարդներ գալիս են Հայաստան, ոչ միայն ծանոթանում են պատմական ու մշակութային արժեքներին, այլև փորձում են հայրենիքում օգնել ուշադրության կարիք ունեցող մարդկանց: Այս տարի էլ երիտասարդները հուլիսի 6-ից 12-ը կամավորական աշխատանք են կատարել Վանաձորի ՀՕՖ-ի ծերանոցում և մանկատանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին