23 Նոյեմբեր, Շբ
Տասնամյա մի տղա գնաց մեղքերի խոստովանության: Մանկական ձեռագրով գրոտած թղթի մի կտոր հանեց գրպանից ու սկսեց «խոստովանել» այն մեղքերը, որ ակնհայտորեն եկեղեցական գրքից էին արտագրվել մայրիկի հսկողության տակ: Այնպես որ հաճախ նույնիսկ արտասանվող խոսքերի իմաստը չէր հասկանում:
- Դու դա գրքից ես արտագրել,- ընդհատեց նրան քահանան,- իսկ իրականում ի՞նչ ամոթալի արարք ես գործել: Ի՞նչն է խանգարում քեզ քնել: Ի՞նչի մասին նույնիսկ հիշելն է տհաճ:
- Ես… Դե, ես… Ես մեր դասարանից մի աղջկա պայուսակի մեջ ջուր լցրեցի: Իսկ մեր բակից մի տղայի էլ ասացի, որ նրա ծնողները աղքատ են, երբ նա իմ խաղալիք մեքենան խնդրեց խաղալու համար: Նա լաց լինելով հեռացավ: Բացի այդ պարսատիկով աղավնի եմ սպանել: Հենց այնպես սպանեցի: Տղաները ծիծաղում էին, ես էլ՝ նրանց հետ: Չնայած խղճում էի աղավնուն:
- Աստված քեզ ների,- կամացուկ ասաց քահանան,- դու արդեն գիտես, որ ստորություն ես արել: Համադասարանցուցդ ներողություն խնդրիր: Բակի տղայից՝ նույնպես: Եվ փորձիր ի սրտե մի լավ խաղալիք նվիրել նրան: Կենդանի արարածներին էլ պետք է խնայել և պաշտպանել չարագործությունից: Դե, ի՞նչ, վերջացրեցի՞ր, թե՞ էլի բան կա:
- Վերջացրեցի… Ո՛չ: Մի բան էլ կա… - արցունքները հոսեցին մանկական աչքերից,- տատիկս… Նա գարնանն է մահացել: Նա ինձ սիրում էր, ես էլ՝ նրան: Բայց երբ բարկանում էր ինձ վրա, ես նրա թիկունքում լեզու էի ցույց տալիս նրան: Իսկ այժմ նույնիսկ ներողություն խնդրել չեմ կարող…
- Նրանից չես կարող, բայց Աստծուց կարող ես: Եվ կարծում եմ նա արդեն ներել է քեզ Աստծո ողորմածությամբ: Բայց դու աղոթիր տատիկիդ հոգու համար, թեկուզ կարճ, բայց ամեն օր աղոթիր և Աստված քեզ կների:
Վանահայր Վալերիան Գոլովչենկո
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի