Կիրակնօրյա դպրոցի սաների ուխտի ուղին Կոտայքի թեմի սրբավայրերում

Կիրակնօրյա դպրոցի սաների ուխտի ուղին Կոտայքի թեմի սրբավայրերում | Kiraknorya Dproci Saneri Ukhti Ughin Kotayqi Temi Srbavayrerum

Նոյեմբերի 1-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները՝ իրենց ծնողների և մանկավարժ Տաթև Պետրոսյանի ուղեկցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեցին Կոտայքի թեմի սրբավայրեր։

Փոքրիկ ուխտավորների առաջին հանգրվանը Եղվարդի Ս. Սարգիս եկեղեցին էր, որտեղ նրանք մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի։ Արարողության ավարտին երեխաները համախմբվեցին սիրո սեղանի շուրջ՝ կիսելով օրվա ջերմ մթնոլորտը։

Ուխտի հաջորդ կանգառը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որ կառուցվել է 1301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1000-ամյակի առթիվ։ Դարերի պատմություն ունեցող այս սրբավայրում կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժի առաջնորդությամբ, միասնաբար աղոթեցին՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը Հայոց աշխարհի և Հայ Եկեղեցու համար։ Փոքրիկ ուխտավորներն իրենց աղոթքն առաքեցին առ Աստված նաև Եղվարդի Ս. Գրիգոր Լուսավորիչ խոնարհված սրբավայրում՝ աղոթքով ու հավատով հաղորդակցվելով հայրենի հոգևոր ժառանգությանը։

Կիրակնօրյա դպրոցի սաներն այցելեցին նաև Եղվարդ քաղաքում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Օրվա հոգևոր ու հայրենասիրական տպավորություններին հաջորդեց ուրախ ժամանցը։ Մինչև երեկո փոքրիկ ուխտավորները հաճելի ժամանակ անցկացրին Եղվարդի Ջայլամների այգում։ Այգու գիդը երեխաներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց աֆրիկյան ջայլամների մասին, իսկ այնուհետև փոքրիկները մեծ ոգևորությամբ կերակրեցին նրանց՝ օրը հարստացնելով նոր տպավորություններով ու անմոռանալի պահերով։

Ուխտագնացությունը ևս մեկ առիթ դարձավ երեխաների հոգևոր գիտելիքներն ամրապնդելու, նրանց սրտերում հավատքն ու սերը դեպի եկեղեցին և ազգային հոգևոր արժեքները զորացնելու համար։ Փոքրիկ երեխայի հոգին նման է մոմի, որը դեռևս որոշակի ձև չի ստացել, առաջին ձևը նրան տալիս են ծնողները: Երբ քանդակագործը հալված մետաղից որևէ արձան է կերտում, մինչև մետաղի զանգվածի սառչելը կարող է նրան ամենատարբեր ձևեր տալ։ Սակայն երբ մետաղը կարծրանում է, քանդակագործն արդեն գրեթե անզոր է․ նա կարող է շատ քիչ բան փոխել։ Այս համեմատությունը լիովին կիրառելի է երեխայի հոգու և նրա սկզբնական ձևավորման գործընթացի նկատմամբ։

Ուրախալի է, երբ մեր հասարակության մեջ կան ծնողներ, որ իրենց երեխաների հոգևոր ու բարոյական դաստիարակության հիմքերը դնելով ընտանիքում՝ նրանց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի և կիրակնօրյա դպրոց, որոնք կարևոր դեր ունեն ընտանիքում սերմանված քրիստոնեական արժեքների ամրապնդման գործում։

 

Կարինե Սուգիկյան

 

01.11.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․