Հրեշտակն ակնարկեց մնալու մասին: Խոստովանեմ, որ ահռելի սեր, հոգատարություն ու երանություն էի զգում, հույզերը համակել էին ինձ: Այնքան լավ էի ինձ զգում, որ ամենևին չէի ցանկանում մարմինս վերադառնալ: Լույսից եկող ձայնը հարցրեց, թե արդյոք անավարտ գործեր չունեմ, որոնք պահում են ինձ Երկրի վրա, և արդյոք հասցրել եմ ամեն ինչ անել: Ես չէի անհանգստանում, որ այնտեղ մարմինս է պառկած: Ամենևին չէի ցանկանում վերադառնալ: Միակ միտքը, որ անհանգստացնում էր ինձ, մորս մասին էր: Գիտակցում էի ընտրության պատասխանատվությունը, բայց հասկանում էի, որ նա վշտանալու էր: Գիտեի, որ մահացել եմ, որ հոգիս դուրս է եկել մարմնիցս: Բայց սարսափելի էր պատկերացնել, թե ինչ կպատահեր մորս, երբ նրան ասեին, որ որդին մահացել է: Բացի այդ ինչ-որ անավարտության, պարտքի զգացում ունեի:
Վերևում ինչ-որ տեղից անհավանական գեղեցիկ երգեցողություն էր հնչում: Նույնիսկ ոչ թե երգեցողություն, այլ փառապանծ, տոնական ցնծություն՝ փառաբանություն Բարձրյալն Արարչին: Դա նման էր «Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ»-ին: Այդ ցնծությունը ինձ էլ էր համակել և զգում էի, թե ինչպես է յուրաքանչյուր մոլեկուլ, հոգուս յուրաքանչյուր ատոմ գովերգում Աստծուն: Հոգիս բոցավառվում էր երջանկությունից, աննկարագրելի երանության մեջ էր, աստվածային սեր ու երկնային ուրախություն էր զգում: Ուզում էի մնալ այնտեղ ու հավերժ փառաբանել Աստծուն:
Հրեշտակի հետ թռչելու ընթացքում ուժգին սեր էի զգում և հասկացա, որ Աստված յուրաքանչյուր մարդու սիրում է: Երկրի վրա մենք հաճախ ենք որևէ մեկին դատում, ինչ-որ մեկի մասին վատը մտածում, իսկ Աստված սիրում է բացարձակապես բոլորին: Նույնիսկ, ասենք, ըստ մեր պատկերացման՝ ամենավերջին սրիկաներին: Տերն ուզում է բոլորին փրկել: Մենք բոլորս Նրա համար երեխաներ ենք:
Ես նաև Երկիրը տեսա հեռվից (շատ հարցեր չէի տալիս, մտքովս չէր անցնում, երևի եթե ավելի մեծ լինեի, ավելի շատ կհարցնեի): Կրկնեմ, որ այնտեղ բույրերն այնքան արտակարգ հաճելի են, որ եթե հավաքես Երկրի բոլոր անուշահոտությունները, միևնույն է նման բույրեր չես ստանա: Եվ աշխարհի բոլոր նվագախմբերն այնպիսի երաժշտություն չեն նվագի, ինչպիսին այնտեղ լսեցի: Այնտեղ լեզու էլ կա. այն բազմաֆունկցիոնալ է, բազմիմաստ, սակայն բոլորը հասկանում են: Մենք այդ լեզվով էինք շփվում, ես այն հրեշտակային անվանեցի:
Մենք պետք է ջանքեր գործադրենք շփվելու համար: Նախ հարկավոր է մտածել, թե ինչ ես ուզում ասել, հետո անհրաժեշտ բառերն ընտել, նախադասությունը ձևակերպել, այնուհետև արտասանել անհրաժեշտ ինտոնացիայով: Այնտեղ ամենևին այդպես չէ:
- Այսինքն՝ այնտեղ առանց խոսքերի՞ են շփվում:
- Այն աշխարհում ինչ մտածում ես, այն էլ՝ խոսում: Կարելի է ասել ուղիղ եթեր է: Եվ ամեն ինչ հոգուցդ է ելնում և անհավանական թեթևությամբ: Եթե այստեղ կարող ենք կեղծավորություն անել, ապա այնտեղ՝ ոչ: Հրեշտակային լեզվի բառապաշարում անհամեմատ ավելի բառեր կան, քան մեր երկրայինում: Հրեշտակային լեզուն արտակարգ գեղեցիկ է: Ես խոսում էի այդ լեզվով և հրաշալի հասկանում: Երբ այդ լեզուն է հնչում, այնպիսի տպավորություն է, որ մոտակայքում անսովոր մեծ թվով ձայներով ջուր է աղմկում, որը երաժշտության է նման: Այնտեղ ընդհանրապես ամեն ինչ ավելի շատ է՝ գույները, ձայները, բույրերը: Եվ չկա այնպիսի հարց, որի պատասխանը չստանաս: Աստվածային Լույսի այդ հոսանքը սիրո, կյանքի և գիտելիքների աղբյուր է:
Ամեն ոք ինքն է իրեն դատում
- Սակայն, միևնույն է, Դուք վերադարձաք:
- Ես ինչ-որ արտասովոր Լույս զգացի վերևից, ավելի մեծ, քան մինչ այդ էր: Նա մոտեցավ մեզ: Հրեշտակն իրենով ծածկեց ինձ, ինչպես թռչունն՝ իր ձագին, և ասաց, որ գլուխս խոնարհեմ ու չնայեմ այնտեղ: Աստվածային Լույսը հոգիս լուսավորեց: Ես դող ու երկյուղ զգացի, բայց ոչ թե վախից, այլ վեհության ու փառքի աննկարագրելի զգացումից: Կասկած չունեի, որ Տերն էր: Նա ասաց հրեշտակին, որ ես դեռ պատրաստ չեմ: Որոշում կայացվեց Երկիր վերադարձիս մասին: Ես հարցրի. «Իսկ ինչպե՞ս կարելի է այնտեղ՝ ավելի վերևում հայտնվել»: Իսկ հրեշտակն սկսեց Պատվիրանները թվարկել: Ես հետաքրքրվեցի. «Իսկ ո՞րն է ամենակարևորը, ո՞րն է կյանքիս նպատակը»: Հրեշտակը պատասխանեց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն ողջ սրտովդ ու ողջ հոգովդ և ողջ մտքովդ: Եվ սիրի՛ր մերձավորիդ այնպես, ինչպես ինքդ՝ քեզ: Յուրաքանչուր մարդու այնպե՛ս վերաբերվիր, ինչպես քեզ ես վերաբերվում, ինչ քեզ ես կամենում, նույնն ուրիշին կամեցիր: Պատկերացրո՛ւ, որ ամեն մարդ հենց դու ես»: Ամեն ինչ շատ հասկանալի էր ասվում, հասկանալի լեզվով, գիտակցության անհրաժեշտ մակարդակի վրա: Այնուհետև Աստծո ձայնը երեք անգամ հարցրեց ինձ. «Սիրո՞ւմ ես ինձ»: Ես երեք անգամ պատասխանեցի. «Սիրում եմ, Տե՛ր»:
Վերադառնալով, շարունակեցի շփվել ուղեկցիս հետ: Ինքս ինձ մտածում էի. «Երբեք մեղք չեմ գործի»: Իսկ ինձ պատասխանեցին. «Յուրաքանչյուրն է մեղք գործում: Նույնիսկ մտքով կարելի է մեղք գործել»: «Այդ դեպքում ինչպե՞ս բոլորին կհետևեք,- հարցրի:- Դատի ժամանակ ինչպե՞ս է գնահատվում հոգու մեղավոր արարքի կոնկրետ դեպքը»: Եվ ահա թե ինչպիսին էր պատասխանը: Մենք հրեշտակի հետ ինչ-որ շինության մեջ հայտնվեցինք, վերևից նայում էինք, թե ինչ է տեղի ունենում. մի քանի հոգի վիճաբանում էին ինչ-որ հարցի շուրջ, բարկանում էին, մեկը մյուսին մեղադրում էր, ինչ-որ մեկը ստում էր, արդարանում… Եվ ես կարող էի մտքերը լսել, վերապրել վեճի մասնակիցներից յուրաքանչյուրի բոլոր զգացմունքները: Ես նույնիսկ բույրերն էի զգում, բոլորի ֆիզիկական և հուզական վիճակը: Կողքից դժվար չէր գնահատել, թե ով էր մեղավորը: Այնտեղ ծածուկ, անհասկանալի բան չկա, այնտեղ յուրաքանչյուր մարդու մտքերը տեսանելի են: Եվ երբ հոգին դատաստանի առաջ կանգնի, այդ ամենը ցույց կտան նրան: Հոգին ինքը կտեսնի ու կգնահատի իրեն ու իր գործողությունները՝ ըստ յուրաքանչյուր իրավիճակի: Մեր խիղճը մեզ կբացահայտի: Դուք նույն վայրում կհայտնվեք, և ձեր առջև ասես կինոժապավեն կպտտվի, ընդ որում դուք կլսեք ու կզգաք յուրաքանչյուր մարդու, այդ պահին կիմանաք նրա մտքերը: Եվ նույնիսկ նրա ֆիզիկական ու հոգեկան վիճակը կզգաք: Յուրաքանչյուր ոք ինքն իրեն ճիշտ կդատի: Ահա թե ինչն է ամենակարևորը:
Մյուս աշխարհում գտնվելու ժամանակս ավարտին մոտեցավ, և ես վերադարձա մարմնիս մեջ: Կտրուկ անկում զգացի, դա էլ հենց վերադարձն էր: Օ՜, որքան ծանր է մեր մարմնում գտնվելը այն բանի համեմատ, երբ հոգին առանց դրա է: Կաշկանդվածություն, ծանրություն, ցավ:
- Ձեզ ցույց տվեցի՞ն դժոխքը կամ նման մի բան:
- Ա՛յ դժոխքում չեղա: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք այնտեղ եղել են: Չգիտեմ ինչու, միգուցե, այն ժամանակ գլխի չընկա ուղեկցիս հարցնել այդ մասին: Ես նույնիսկ դրախտում չեղա, միայն մինչև ինչ-որ տեղ թռանք, և ես ներքուստ գիտակցեցի, որ եթե ավելի վեր թռչենք, ապա այլևս վերադարձ չի լինի:
- Այդ ամենը շատ զարմանալի է: Եկեղեցու հետ առնչություն չունեցող մարդիկ հավատո՞ւմ են այս վկայությանը: Եթե թերահավատորեն էին վերաբերվում Ձեր պատմությանը, ապա պատմելու հետաքրքրությունը կորո՞ւմ էր:
- Մտերիմներից, ծանոթներից ոմանք հավատում են, մյուսները՝ մտահոգվում, փորձում փոխել իրենց կյանքը: Ես նախ համադասարանցիներիս պատմեցի, նույնիսկ բուժկետում, ուր հայտնվեցի վնասվածքից անմիջապես հետո: Բժշկուհին ինձ տեղեկանք տվեց և ասաց. «Գնա՛ տուն, հանգստացիր»: Պատանեկության տարիներին ևս պատմում էի այս պատմությունը: Տարբեր կերպ էր ընդունվում: Հասուն տարիքում աշխատավայրում էի պատմում, ոմանք սկսում էին մտածել այդ ամենի մասին, բայց մեծամասնությունը, միևնույն է, չի հավատում:
Չգիտեմ, արդյոք շատերն են նման բան տեսել, բայց մարդիկ հիմնականում զգուշությամբ ենք վերաբերվում նման պատմություններին: Դեռևս Երկրի վրա չլինելով, մտածում էի. «Բոլորին կպատմեմ այս մասին»: Իսկ հրեշտակը, մտքերս տեսնելով, ասաց, որ մարդիկ չեն հավատա: Այժմ հիշում եմ հարուստի և աղքատ Ղազարոսի մասին ավետարանական առակը, երբ առաջինն Աստծուն խնդրում է արդար Ղազարոսին ուղարկել իր ողջ եղբայրների մոտ, որպեսզի գոնե նրանք հոգ տանեն իրենց հոգու և փրկության մասին: Բայց նրան պատասխան տրվեց, որ եթե նույնիսկ մեռածները հարություն առնեն՝ չեն հավատա: Ա՛յ դա ճշմարիտ է: Մինչև հիմա շատերն ասում են, որ երազում եմ տեսել այդ ամենը, ոմանք նախ սկսում են մտածել, իսկ հետո որոշ ժամանակ անց պնդում են, որ դա հալյուցինացիա է եղել: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ դա հալյուցինացիա չէր, երազ չէր, տեղի ունեցածն այնքան իրական էր, որ ավելի շուտ մեր երկրային կյանքն է երազ այն տեղի հետ համեմատած, որտեղ ես հայտնվեցի:
- Իսկ դա չէ՞ր կարող պատրանք լինել, որը չարի տեսիլք է, խաբկանք:
- Եթե դա պատրանք լիներ, ապա ես հիմա հնարավոր է անհավատ կամ խելագար լինեի: Ի՞նչ իմաստ ունի, որ դևերը ցույց տան այն աշխարհը, իմ կյանքը՝ իմ իսկ օգտի համար: Ընդհակառակը՝ սատանան պետք է ցույց տա, որ ոչինչ գոյություն չունի, նրա խնդիրը Աստծուց հեռացնելն է: Ավելին՝ իմ հանդիպման մեջ ավետարանական խոսքեր ու քարոզներ կան: Միայն ժամանակի ընթացքում, երբ արդեն մեծացա և սկսեցի եկեղեցի հաճախել, ծանոթանալ Ավետարանին, հիշեցի բառերը, որ լսել էի հրեշտակի հետ շփվելիս: Շատերը Ավետարանից էին: Ի՞նչ իմաստ ուներ, որ սատանան ինձ եկեղեցական մարդ դարձներ, քրիստոնյա: Նրան պետք է, որ հեռանանք հավատից, Եկեղեցուց:
- Ինչպիսի՞ն էր մահից հետո վիճակը և որքա՞ն այն տևեց:
- Նույն լուսավոր թունելով վերադառնալով, կտրուկ անկում զգացի և հաջորդ պահին գիտակցության եկա իմ մարմնում: Ուշքի գալով, ցավ զգացի, կաշկանդվածություն, ծանրություն: Սեփական մարմնիս բանտարկյալն էի: Գլխավերևս կանգնած էին երեխաներն ու ուսուցչուհին: Բոլորը հանկարծ ուրախացան՝ տեսնելով, որ վերակենդանացա: Մի աղջիկ ասաց. «Մտածում էինք, որ մահացել ես, գույնդ արդեն մեռելի գույն էր»: Ես հարցրի. «Իսկ որքա՞ն ժամանակ էի անգիտակից»: Նա պատասխանեց, որ ժամացույցին չի նայել, բայց երևի մի քանի րոպե: Ես զարմացա, թվում էր, թե առնվազն մի քանի ժամ այնտեղ չէի:
Էլի մի բան հիշեցի… Երբ թռչում էինք, երկրային կյանքս ինչ-որ դրվագներով էր ցուցադրվում: Դրանցից մեկում մեզ պատմության գրքեր էին բաժանել, որոնց առաջին էջին Լենինն էր: Ես սև գրիչ վերցրի, պոզեր նկարեցի նրան, աչքերի բիբերը օձի աչքերի պես սարքեցի, ատամներն էլ՝ ժանիքների: Չգիտեմ ինչու, բայց այն ժամանակ ցանկացա նախշել նրան: Պատմության ուսուցչուհին դա նկատեց, և բնականաբար, սկանդալ եղավ: Ասում էին, որ ես արժանի չեմ պիոներական վզկապ կրելու: Ենթադրվում էր, որ ժողովի ժամանակ պատժի վերաբերյալ հարց կբարձրանա: Այդ պահին ես դա շատ ամոթալի արարք էի համարում: Այդ այժմ է, որ գիտենք, թե Աստծու դեմ կռվող բոլևիկները ինչեր էին անում մեր երկրում և որքան վիշտ են պատճառել մարդկանց: Իմ «գեղանկարչության» այդ դրվագը նույնիսկ հրեշտակներին զվարճացրեց, նրանք նույնպես հումորի զգացման պես մի բան ունեն:
- Այդ իրադարձությունը մե՞ծ ազդեցություն է ունեցել Ձեր հոգևոր կյանքի վրա:
- Իհարկե, ազդել է: Եթե ոմանք հավատում են հանդերձյալ կյանքին, ապա ես հաստատ համոզված եմ: Ինձ այլևս ոչ մի կերպ չես տարհամոզի: Եվ եթե ես լսում եմ ինչպես է ինչ-որ մեկը պատմում, որ հանդերձյալ կյանք չկա, աթեիստական նման լոզունգներն ինձ վրա ոչ մի կերպ չեն ազդում:
- Ի՞նչ եք զգում այս իրադարձությունը հիշելիս՝ վա՞խ, պատասխանատվությո՞ւն, թե՞ ուրախություն:
- Ե՛վ ուրախություն, և՛ վախ: Եվ խղճմտության սուր զգացում, եթե կարելի է այդպես ասել: Ես դեռ այն ժամանակ նկատեցի՝ այնտեղ այնպիսի գեղեցկություն է, որ եթե նույնիսկ դժվար է երկրային կյանքում, դա ընդամենը վայրկյան է այն աշխարհի համեմատությամբ: Հանուն հավիտենական երանության և այն անպատմելի ուրախության արժի ապրել, տառապել, պայքարել: Նաև հիշում եմ սրբազան Սերաֆիմ Սարովսկու և նրա պատկերավոր համեմատությունը, որ եթե այստեղ՝ Երկրի վրա անհրաժեշտ լիներ, որպեսզի մենք ընկղմված մնայինք որդերի հետ, ապա նույնիսկ այդ դեպքում մենք պետք է երախտապարտ լինենք Տիրոջն՝ իմանալով, որ փրկվելու ենք:
- Ի՞նչ կցանկանայիք ասել այն մարդկանց, որոնք կկարդան Ձեր վկայությունը:
- Շատերն են ինձ հարցրել. «Իսկ միգուցե դա երազո՞ւմ ես տեսել»: Ո՛չ, երազում չեմ տեսել: Մեր երկրային կյանքն է երազ: Իսկ այնտեղ իրականություն է: Ընդ որում այդ իրականությունը շատ մոտ է յուրաքանչյուր մարդու: Այնտեղ յուրաքանչյուր հարցի պատասխանը կա: Այնտեղ երեխան կարող է բարդագույն խնդիրը մի ակնթարթում լուծել: Այնտեղ ես հասկացա, որ մարդը չարիք գործելու համար չի ստեղծվել: Մարդի՛կ, արթնացե՛ք մեղավոր քնից: Երես մի՛ դարձրեք Աստծուց: Քրիստոս բաց գրկով սպասում է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուրին, ով պատրաստ է իր սիրտը բաց անել Նրա համար: Մա՛րդ արարած, կա՛նգ առ, բացի՛ր սրտիդ դռները: «Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ» (Հայտն. 3:20),- ասում է Տերը: Հիսուս Քրիստոս Իր արյամբ լվաց ողջ մարդկային ցեղը մեղքի իշխանությունից: Եվ միայն նա, ով կարձագանքի աստվածային քարոզի կոչին՝ կփրկվի: Իսկ նա, ով կմերժի՝ չի փրկվի: Դժոխքում կհայտնվի: Ուղղափառ Եկեղեցում մարդու փրկության բոլոր անհրաժեշտ միջոցները կան: Եվ մենք պետք է երախտագիտությամբ ու բաց սրտով գնանք Տիրոջն ընդառաջ՝ ցանկանալով շնորհակալություն հայտնել Նրան փրկության պարգևի համար՝ իմանալով, որ հավիտենությունն էլ չի բավականացնի, որպեսզի մեր երախտագիտությունն արտահայտենք Նրան:
Զրուցեց Անդրեյ Գերմանը (ПравЖизн)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուրը՝ http://hram-troicy.prihod.ru/articles/view/id/1196613