Կորուսյալ դրախտի վերադարձի բաղձանքով. ուխտավորի նոթեր

Մայիսի 6-ին Երևան-Վարշավա-Մադրիդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Իսպանիայի մայրաքաղաքում: Մայիսի 7-ին գնացքն արդեն մեզ տանում էր Լուգո, որտեղ տեսանք Հռոմեական կայսրության շրջանից կառուցված պարսպը, որը պահպանվում է Յունեսկոյի կողմից:

Տիգրան Քարամյանը, ով Իսպանիայի քաղաքացի է ջերմությամբ ընդունեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանից ժամանած 12 ուխտավորներին: Ուխտագնացությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ուխտավորները Սարիա կոչված վայրից պիտի քայլեին 100 կմ մինչև Կոմպոստելա քաղաքի Սանտյագո տաճարը, խնդրելու սրբի բարեխոսությունը, որ Հայոց պահանջատիրությունն ունենա իր հանգուցալուծումը և Արարատը վերադառնա Հայոց աշխարհ: Ամենատարբեր տարիքի մարդիկ՝ սկսած 64 –ից մինչև 24 տարեկան սկսեցին առաջին քայլերը: 4-րդ օրն արդեն մենք Սանտյագո դը Կոմպոստելայում էինք: Մեզ հետ տարած Երուսաղեմյան խունկը, պիտի նվիրաբերվեր տաճարին, խնկարկման (Botafumeiro) համար: Ինչու՞ հենց Երուսաղեմից բերված խւնկը պիտի մատուցվեր: Բոլորիս հայտի է, որ Հակոբ Զեբեդյա առաքյալի նահատակությունից հետո, Սրբի գլուխը ամփոփված է Երուսաղեմի Հայոց Սրբոց Հակոբյանց եկեղեցում: Իսկ մարմինը նետվեց Միջերկրական ծով: Ամիսներ հետո մարմինը հասնում է Իսպանիայի հյուսիսային կողմերը՝ պատված Ծովային խեցիներով:
Սուրբ Հակոբ առաքյալը Իսպանյայի պահապան Սուրբն է: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից ուխտավորներ են ժամանում այստեղ՝ խնդրելու Սրբի բարեխոսությունը:Մենք գիտենք նաև, որ 15-րդ դարում Մարտիրոս Երզնկացին Հայոց աշխարհից դուրս եկավ այցելելու որպես ուխտավոր Սուրբ Հակոբի գերեզմանին: 1490-ականներին նա հանդիպեց Քրիստափոր Կոլոմբոսին, ում հետ էլ ճանապարհվեց դեպի Ամերիկա մայրցամաքը հայտնաբերելու համար:
Ավելի քան հինգ հարյուր տարի հետո Երևանից 12 ուխտավոր ճանապարհվեցին դեպի Սուրբ Հակոբի գերեզմանին այցելության, արդեն ոչ թե Ամերիկա հայտնաբերելու, այլ կորուսված Ավետյաց երկիրը ետ բերելու բաղձանքով:
Սանտյագո տաճարում մատուցվող ս.պատարագի ժամանակ հայր Սալվադորեն խոսեց հայ ուխտավորների մասին քանիցս կրկնեց Եղեռն (գենոցիդ) բառը, և խնդրեց սրբի բարեխոսությունը Հայոց ազգի և եկեղեցու համար:
Հայոց Երուսաղեմից բերված խունկը բուրվառվեց ողջ տաճարի երկայնքով և որպես անուշաբույր աղոթք բարձրացավ Աստծու տաճարի կամարներից էլ վեր:
Ս.պատարագից հետո ստացանք ուխտագնացի օրհնության գիրը:
Սուրբ Հակոբը միշտ սպասում է հայ ուխտավորին:

29.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․