25 Նոյեմբեր, Բշ
Փորձությունների երկու տեսակ կա. կա՛մ նեղություններն են տանջում մեր սիրտը՝ համբերության «միջոցով» փորձելով մեր անձերն այնպես, ինչպես բովի միջոցով ոսկին է փորձվում (հմմտ. Իմաստ. Գ 6), կա՛մ էլ շատ անգամներ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր կյանքի լիությունն է, որ բազում «փորձարանների» տեղն է գրավում, քանի որ սխալ հանդգնություն է մեծ ունեցվածքի շնորհիվ սեփական վեհ հոգին փրկել կամենալը և շքեղաշուք կյանքին չընդդիմանալն՝ իբրև մի թշնամու։
Փորձությունների առաջին տեսակին ենթարկված մարդու նախօրինակ է մեծն Հոբը՝ անհաղթ մարտիկը, որը բանսարկուի՝ հեղեղի պես իր վրա թափվող բոլոր ոտնձգությունները, հաստատուն սրտով ու անփոփոխելի խորհուրդներով ընդունեց։ Եվ, որքան էլ Հոբին շատ մեծ ու դժվար լուծելի էր թվում թշնամու «առաջարկած» մարտը, նա կարողացավ փորձություններից հաղթանակած դուրս գալ։
Իսկ ահա կյանքի բարօրության մասին պատմող բազում առակներից մեկն էլ քիչ առաջ մեր ընթերցած՝ հարուստի մասին այս առակն է. մի մարդ մեծ հարստություն ուներ և իր այդ հարստության վրա էլ դրել էր հույսը: Մարդասերն Աստված սկզբից ևեթ անողորմ խոսքերով դատապարտության չենթարկելով՝ նրան մշտապես հարստություն ու փարթամություն էր ընձեռում, որպեսզի այդ մարդն ի վերջո հագենա իր ունեցածով, և ապա միայն Աստված վերցնի նրա հոգին:
Ու, ինչպես ասվում է, նրա արտերն առատ բերք տվեցին և մեծահարուստը սկսեց խորհել իր մտքում. «Ի՞նչ անեմ. քանդե՛մ իմ շտեմարանները և ավելի մեծերը շինեմ» (Ղուկ. ԺԲ 18): Սակայն էլ ինչո՞ւ այդքան առատ բերք տվեցին այս մարդու հողերը, եթե նա որևէ բարի բան իր ստացվածքից չէր կարող ստանալ հանդերձյա՛լ կյանքի համար: Այդ եղավ, որպեսզի առավել երևա Աստծու համբերատարությունը և մինչ այդ պահը մեծահարուստի հանդեպ ցուցաբերած Տիրոջ քաղցրությունը, քանի որ Նա անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ մեղավորների վրա և ծագեցնում է Իր արեգակը թե՛ չարերի և թե՛ բարիների վրա (Տե՛ս Մտթ. Ե 45): Եվ հենց Աստծու այսչափ բարությունն անարգելու դեպքում է, որ չարագործները այդչափ բազում տանջանքներ են կուտակում իրենց գլխին:
Արդ, ըստ Իր բարության՝ Աստված անձրև բերեց նաև ագահ ձեռք ունեցող հողամշակների վրա, արեգակը շնորհեց նրանց՝ իրենց սերմնացուները ջերմացնելու համար, և թույլ տվեց, որ բազմապատիկ շատ պտուղներ տան նրանց դաշտերը: Աստծո՛ւց էր շնորհված այդ ամենը՝ հողի պարարտությունը, օդի բարեխառնությունը, սերմերի պարարտ աճը, եզների հաջող գործակցությունը և ուրիշ շատ բաներ, որոնց շնորհիվ Աստված հոգ տարավ, որ հողի մշակությամբ առատ բերք ստացվի, սակայն ի՞նչ էր մարդու արածը: Դավաճանություն բարիքներին, մարդատյացություն, նենգախառն առևտրափոխանակություն:
Եվ այդ ամենը մարդն արեց ի պատասխան Բարեգործի պարգևների: Չհիշեց ուրիշ մարդկանց կարիքների մասին, իր պարտքը չհամարեց իր բերքից մաս տալ աղքատներին, զանց առավ պատվիրանի խորհուրդը, որն ասում էր. «Մի՛ հապաղիր բարիք գործել կարոտյալին» (հմմտ. Առակ. Գ 27): Կամ թե՝ «Ողորմությունն ու հավատքը թող որ երբեք չլքեն քեզ» (հմմտ. Առակ. Գ 3), նաև՝ «Քաղցածներին բաժանի՛ր քո հացը» (Ես. ԾԸ 7):
Բոլոր մարգարեներն ու վարդապետները, թեպետ քարոզում էին, սակայն լսելի չեղան: Մարդիկ ցնծում էին իրենց շտեմարանների լիությամբ, ու մինչև իսկ շտեմարանները, լիուլի լցված լինելով՝ հագեցան մթերքների շատությունից, սակայն նրանց ագահ սիրտը այդպես էլ չհագեցավ: Քանի որ նրանք միշտ հների վրա նորերն ավելացնելով և տարեցտարի առատացնելով իրենց ունեցվածքը՝ բազմապատկում էին իրենց հարստությունը, սակայն միայն ու միայն եղածն ավելի ու ավելի շատացնելու մասին մտածող այս մարդիկ երբևէ չէին հագենում նորանոր ստացվածքներից: Դրա համար էլ նրանց միտքը երբեք հանգիստ չէր գտնում և մտատանջություն առաջացնող հոգսերը երբեք չէին սպառվում:
«Գիտեմ, թե ինչ կանեմ»: Մի՞թե ողորմելի չէ այսպիսի մեկը: Նա, որ այսքան առատ պաշար է հավաքել, մի թշվառական է միայն, ողորմելի՝ չնայած իր ունեցած «բարիքների»: Ողորմելի հենց ա՛յն ամենի պատճառով, ինչի վրա դրել է իր հույսը: Քանի որ, իրականում, հողը նրան շահ չէ, որ բերում էր, այլ հառաչանք էր բուսեցնում նրա համար, քանի որ իրականում նա ոչ թե բերքի առատությունն էր հավաքում, այլ հոգս, տրտմություն ու դժնդակ մտատանջություն:
Մի՞թե այսպիսի մարդը չի նմանվում նրան, ով ողբում է աղքատության մեջ: Կամ մի՞թե չի հառաչում այնպես, ինչպես մեկը, որ տառապում է անընչությունից ու ասում. «Ի՞նչ անեմ, որտեղի՞ց կերակուր գտնեմ, որտեղի՞ց՝ զգեստներ»: Այս նույն բանը նաև այդ ունևորն է ասում: Նրա սիրտը մորմոքվում է իր հոգոցներից, քանի որ այն, ինչը աղքատին ուրախացնում է, ագահին հալումաշ է անում: Քանի որ ագահը, փոխանակ ուրախանա, երբ իր շտեմարանները որոշ բարիքով են լցվում, առավել տրտմում է վատնած չնչին ունեցվածքի համար և ավելիով միտվում է շտեմարանները լցնելու գործին՝ իր ունեցածից որևէ փոքրիկ բան անգամ որպես բարիք աղքատին չտալով:
Եվ ինձ թվում է, որ ագահ մարդն իր այս ախտով նմանվում է այն որկրամոլներին, որոնք նախընտրում են խեղդվել շատակերությունից, քան թե կերակուրի մի մասնիկ տալ աղքատներին: Ո՛վ մարդ, ճանաչի՛ր իրական Պարգևատուին: Հիշի՛ր ինքդ քեզ, թե ով ես, ինչին ես տնօրինում և թե ումից ստացար այն, ինչ ունես, ու կիմանաս, թե ինչու ես բոլորից առաջ նախ դո՛ւ դատաստանի ենթարկվում: Չէ՞ որ դու Բարի Աստծու սպասավոր լինելուն կոչվեցիր՝ քեզ ծառայակից եղողներին տնօրինելու առաքելությամբ, ուստի ամեն բան իբրև քո որովայնի համար պատրաստված կերակուր մի՛ կարծիր:
Ուրեմն, էլ ինչո՞ւ որպես օտարականների ես վերաբերվում նրանց, որ քո ձեռքի տակ են: Գուցե դա քեզ մի փոքր ժամանակ ուրախացնի, սակայն այնուհետ հօդս կցնդի քո այդ ուրախությունը և հաստատապես քեզնից կպահանջվի քո արածների պատասխանը: Իսկ դու քո ողջ ունեցվածքը կողպեքներով, նզովքներով ու կնիքներով դրոշմած՝ փակի տակ ես պահում, և քո ունեցածն ես քեզ որպես անզգա խորհրդակից համարում՝ խրվելով հոգսերի մեջ ու մտատանջվելով:
Հարցնում ես, թե՝ «ի՞նչ անեմ»: Այդժամ պետք էր ասել, թե՝ «քաղցածներին կբաժանեմ իմ ունեցածից», պետք էր ասել, թե՝ «կբացեմ իմ շտեմարանները և բոլոր աղքատներին կհրավիրեմ այնտեղ»: Պետք էր ասել, թե՝ «կընդօրինակեմ Հովսեփի մարդասիրությունը» (հմմտ. Ծննդ. ԽԷ 11) և պետք էր մեծապատիվ ձայնով քարոզել ու ասել, թե՝ «Ամենքդ, որ հացի կարիք ունեք, եկե՛ք ինձ մոտ, Աստծո կողմից ինձ շնորհված բարիքներից յուրաքանչյուրդ, իմ եղբայրներ, վերցրե՛ք ինչքան որ հարկ է»:
Արդ, դու այսպիսին չե՞ս: Իսկ ինչո՞ւ: Դու՛, որ աչք ես դնում մարդկանց ունեցվածքի վրա, դու՛, որ չար խորհուրդները քո հոգում բնակեցնելով՝ չես հոգում, որ յուրաքանչյուրին բաժին տաս՝ ըստ իր պետքերի, այլ, ընդհակառակը, ամենքի բաժինը վերցնելով՝ նրանց բոլորին զրկում ես իրենց հասանելիքից: Չէ՞ որ այս մեծահարուստի շուրջը կերակրի կարիք ունեցողներ կային, մինչդեռ նա կերակրի մասին խոսում էր միայն իբրև ի՛ր անձի պահանջմունքի:
Եվ արդյունքում, «այն գիշեր» նրա հոգին պահանջվելու էր իրենից և բազում տարիների կուտակած վայելքներն էլ աներևույթ էին լինելու: Այս ամենի մասին խորհելով և մեծահարուստի բարքի օրինակը աչքիդ առաջ ունենալով՝ դու և՛ս փութա թողություն հայցելուն, լավ իմանալով, որ Աստծու յուրաքանչյուր հրաման ըստ մեր հոժար կամքով կատարած գործերի է տրվում:
Դու մի՛ մեղանչիր, քանի որ հենց դրա համար է գրի առնվել այս, որպեսզի մենք հեռու փախչենք այդ մեղքից: Նմանվի՛ր հողին, ով մարդ և պտղաբերի՛ր հողի նման: Ավելի ստոր մի՛ եղիր անշունչ երևույթներից: Չէ՞ որ հենց հողը պտուղ է տալիս ոչ թե իր վայելքի համար, այլ պտղաբերում է ի սպասավորություն քեզ ու քո սնվելուն: Իսկ դու արդյո՞ք բարի պտուղ ես տալիս, երբ միայն ու միայն քեզ համար եմ ամբարում ունեցվածքդ:
Չգիտե՞ս, որ բարիք գործողի բարի գործն իրեն է վերադառնում: Բաժի՞ն տվեցիր քաղցածներին, ուրեմն քեզ կտրվի ավելիով՝ երբ երկինք բարձրանաս: Քանի որ, ինչպես ցորենը հողի մեջ է ընկնում, և դրանից սերմանողն է օգուտ ունենում, նույնպես և քաղցածին բաժին հասնող հացը հետո մեծամեծ օգուտ է տալիս նրան, ով այդ հացը քաղցածին էր տվել:
Արդ, թո՛ղ որ երկրագործության վախճանով քեզ համար սկսվի սերմանումը երկնային սերմերի, քանի որ, ասում է՝ «Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ» (Ովսեե Ժ 12): Ինչո՞ւ ես վարանում, ինչո՞ւ ես տանջում ինքդ քեզ՝ կապանքներով ու պատնեշներով շրջափակելով քո հարստությունը: «Լավ է բարի անունը, քան մեծ հարստությունը» (Առակ. ԻԲ 1):
Եթե զարմանում ես, թե ինչպես կարող է ունեցվածքը քեզ պատիվ բերել, քննի՛ր, թե որն է ավելի լավ՝ խնամածու հա՞յր կոչվել հազարավոր մանուկների կողմից, թե՞՝ պայուսակումդ ունենալ հազարավոր արծաթե դրամներ: Թեպետ և չես կամենում, բայց եթե այստեղ՝ երկրի վրա, «լքես» քո ունեցվածքը, ապա բարի գործերի պատվասիրությունը կտանես Տիրոջ մոտ, երբ մարդկանց զորքերը Դատավորի առաջ քո շուրջը համախմբվելով՝ քեզ դայակ, բարեգործ ու մարդասեր կկոչեն:
Մի՞թե չես տեսնում գազանային մարտերի այն մասնակիցներին, որոնք իրենց պատվի համար և մինչև իսկ հավաքված ամբոխին խնդություն պատճառելու նպատակով շռայլորեն վատնում են իրենց ունեցվածքը, իսկ դու ժլատորեն հապաղում ես բարիք գործել՝ այդպիսով ոտքի կոխա՞ն անելով քեզ երկինք բարձրացնող պատվասիրությունը: Աստված է, որ ընդունում է, և հրեշտակներն են, որ ավետում են քո բարի գործերի լուրը:
Բոլոր մարդիկ էլ ամեն ինչից առաջ երանի են տալիս հավիտանական փառքին, արդարության պսակներին, Երկնքի արքայությանը, սակայն այդ մրցանակներից որևէ մեկն ինչպե՞ս կարող է քոնը լինել, երբ դու անօրենություններ ես գործում և հույսը քեզ վրա դրած քո մերձավորին փութով օգնության հասնելու փոխարեն՝ արհամարհում ես նրան:
Սակայն արի՛, «գազանային», ողջ եռանդով, պատվասիրաբար ու ուրախությամբ համակված՝ քո ունեցվածքը ծառայեցրու աղքատների՛ կարիքներին, որպեսզի քո մասին ևս ասվեն այս խոսքերը, թե. «Սփռեց և տվեց աղքատներին, նրա արդարությունը կմնա հավիտյան» (Սղմ. ՃԺԱ 9): Ծանրաձեռք մի՛ եղիր ինչ-որ կարիքի համար ծախս անելիս, որպեսզի նեղության մեջ չընկնես քո ցորենի ամանը ժլատորեն բացելու պատճառով, քանի որ նա, ով թանկացնում է ցորենի գինը, կնզովվի մարդկանցից:
Ուստի զգո՛ւյշ եղիր, որ սովի չմատնվես ոսկու պատճառով, և մի՛ ստորադասիր հասարակական շահը քո սեփական շահերից: Մի՛ եղիր թշվառ վաճառական, Աստծու բարկությունը քեզ վրա մի՛ բեր ունեցվածքիդ պատճառով: Մի՛ «զգեստավորվիր» չարչարվողներին տանջող վերքերով: Մի՛ նայիր ոսկուն՝ չտեսնելով քո եղբորը: Մի՛ ճանաչիր դահեկանի գիրը՝ փորձիչի մատուցած աղտն ընտրելով, սակայն կարիքի մեջ գտնվող եղբորդ ամենևին չճանաչելու տալով:
Եվ ինչպե՞ս կարող ես ոսկու գեղեցկությամբ տարված լինելով՝ չնկատել քեզ ուղղված աղքատների հառաչանքները: Ինչո՞ւ ես մեղանչում աղքատների դեմ: Աղքատն, իրեն նայելով՝ տեսնում է, որ ինքը ոսկի չունի ու երբևէ չի էլ ունենա. նրա ունեցածը միայն մի երկու անոթ է և մեկ էլ այնպիսի էժանագին զգեստներ, որոնք բնորոշ են իր «ունեցվածքին»: Սակայն ի՞նչ: Չէ՞ որ նա, հայացք գցելով իր մանուկներին, մահվան գնով անում է ամեն բան՝ նրանց համար որևէ բան առնելու ու այդկերպ մխիթարություն գտնելու համար:
Իմացի՛ր, որ այսպիսին է սովի ու կարիքի մեջ եղողների պայքարն ու հայրական գութը: Աղքատն ամեն ջանք թափում է՝ ինքը մահվան սպառնալիքի տակ լինելով, որպեսզի կարողանա մահից փրկել ու պահել իր մանուկներին, և այդ նպատակով բազում անգամներ ունևորներից օգնություն է հայցում, սակայն մերժվում է ու բռնադատվում կարիքի մեջ: Ուրեմն, ի՞նչ անի այդ հայրը: Իր ո՞ր ունեցածը վաճառի, կամ ո՞ր ցորենավաճառի մոտ գնա: Ամենից մեծահասակի՞. սակայն պատկառում է նրա տարիքից: Կրտսերագույնի՞. սակայն գուցե նա էլ իր տարիքի պատճառով չհասկանա աղքատի թշվառությունը: Այս մտքերն են, որ հանգիստ չեն տալիս ծնողներին, և ի՞նչ անեն այդ դեպքում նրանք, երբ ամեն բան անհնար է թվում: Ինչի՞ կարող են վերափոխվել, կամ ո՞ւմ դեմ կարող են կռիվ տալ, ո՞ւմ դեմ կարող են գազանաբար մարտնչել նրանք:
Կամ թե՝ հնարավո՞ր է արդյոք մոռանալ ծնողական իրենց պարտքը որևէ զավակի հանդեպ: Սակայն ի՞նչ անի, եթե բոլոր զավակներին կերակրել չի կարողանում: Թողնի, որ կորստյա՞ն մատնվեն ամենքը: Կամ ուրանա՞ իր զավակներից որևէ մեկին՝ անտերության մատնելով նրան. սակայն այդ դեպքում էլ ինչպե՞ս պիտի նայի մյուսների աչքերին, երբ վերջիններս այլևս չպիտի հավատան, որ իրենց ևս նույն ճակատագիրը բաժին չի հասնելու: Ինչպե՞ս բնակվի մի տան մեջ՝ ինքն իրեն անորդության մատնած լինելով, կամ թե՝ ինչպես այդուհետ երբևէ սեղան նստի՝ հաց ուտելու: Ու այդժամ նա բյուր արտասուքներով վաճառում է իր սիրելի մանուկներին, իսկ դո՞ւ...
Իսկ քեզ չի՞ հուզում աղքատության այդ ախտը, քեզ համար լսելի չէ՞ քո խղճի ձայնը: Թշվառ աղքատին սովն է պաշարում, իսկ դու հապաղո՞ւմ ես օգնել՝ երկար-բարակ պատճառաբանություններ բերելով ու այդպիսով նրա տառապանքների շղթան առավել երկարելով: Նա պատրաստ է իր աղիներն էլ քո առաջ դնել՝ ի գին կերակրի, իսկ դու, որ երբևէ չես զլանում անբարոյականությանը տրվելուդ համար վճարել, դու, որ քո գործերում հաճախ շատն առնելով՝ սակավն ես վճարում, այդպիսով ավելի ես ծանրացնում թշվառականի տառապանքները:
Մի՞թե նրա արտասուքները խղճահարություն չեն առաջացնում քեզ մոտ, կամ մի՞թե հառաչանքները չեն փափկեցնում քո սիրտը և դու շարունակում ես անդրդվելի մնալ ու չհամաձայնել նրան օգնելուն: Ամեն բանի նայելիս ոսկի ես տեսնում ու ոսկի ես պատկերացնում: Նաև քնիդ մեջ ես ոսկու մասին երազում, և արթնանալով՝ դարձյալ ոսկի ես փափագում: Եվ ինչպես որ նրանք, ովքեր որևէ մոլության մեջ են ընկնում, իրերը չեն տեսնում այնպես, ինչպես դրանք կան, այլ այդ ախտի պատճառով ոչ հստակ են տեսնում ամեն բան, նույնպես և դու քո ընչասիրության պատճառով ամեն բան ոսկի, ամեն բան արծաթ ես տեսնում: Արեգակից առավել՝ փափագում ես ոսկի տեսնել:
Կամենում ես ամեն ինչը ոսկու վերածել ու տեսնել՝ ինչքան հարուստ ես: Սակայն քո ի՞նչը կավելանա, եթե ինչ-որ մի հնարով ամեն բան ոսկու վերածվի: Ցորենը ոսկի դառնա, գինին ոսկու վերափոխվի, բուրդը ոսկիանա, ամեն բան, քո բոլոր շահերը ոսկու տեսքով մատուցվեն քեզ, սակայն չէ՞ որ ոսկին ինքն իրենով քեզ մոտ այն բազմապատկելու ցանկություն է ծնում, ուստի քո այդ ցանկությունը երբևէ ի կատար չի ածվի:
Իսկ մենք քանի՜-քանի անգամներ կարիքավոր մանուկներին կերակրել շտապելու փոխարեն՝ անխղճաբար բախտի քմահաճույքին ենք թողնում նրանց, որպեսզի առավել շատացնենք մեր ունեցվածքը: Սակայն ագահը, քանիպատիկ ավելի հարստություն էլ թե ձեռք բերի, կրկին դրանից ավելին է ցանկանում: «Եթե հարստություն գա առատությամբ, ձեր սրտերը թող հոժարությամբ չընդունեն այն» (հմմտ. Սղմ. ԿԱ 11):
Իսկ դու, որ ունես առատորեն, չե՞ս կամենում այն ծառայեցնել բարի նպատակի: Եվ դու, որ մոռանում ես քո ունեցվածքի չափի մասին, տե՛ս, թե ինչ է լինում: Շտեմարանները լիությունից «պատռվում» ու այլևս անկարող են դառնում ամբարվելու: Հարուստը, սակայն, բռնությամբ՝ իբրև պատերազմող, ներս է մտնում ու հիմնավեր քանդում է իր շտեմարանները, և այդ էլ ինչի՞ համար. որպեսզի ավելի մեծերը կառուցի…
Սակայն նրան, ով ուզում էր քանդել իր շտեմարանները, հայտնի չէր, որ միայն իրենից հետո դա կարող էր տեղի ունենալ, քանի որ ինքն ավելի շուտ պետք է այն աշխարհ գնար, քան կհասցներ ի կատար ածել իր ագահ խորհուրդները: Եվ, ինչպես որ հարկն է, նրա չար խորհուրդները իրենց արժանի վախճանն ունեցան:
Եվ դուք ամենքդ էլ, եթե համաձայն եք իմ խոսքերին, ձեր տան շտեմարանները բաց անելով՝ ճանապարհ բացեք դեպի կարիքավորները՝ անխնայողաբար թույլ տալով, որ ձեր հարստությունը, իբրև մեծահուն գետ, իր բյուր վտակներով ոռոգի բազմապտուղ հողը: Եվ դուք, այդ գետի նմանողությամբ, ձեր ունեցվածքից զանազան ճանապարհներով բաժին հատկացրեք աղքատների տներին, քանի որ, ինչպես մեր հայտնաբերած ջրհորները, որ երբ հոսում են, առավել հորդահոս են դառնում, սակայն եթե չեն հոսում, ապականվում են, նույնկերպ և հարստությունը, երբ լճացած վիճակում է, անպիտան է, մինչդեռ երբ ընթացքի ու շարժի մեջ է լինում՝ օգուտ է տալիս շատ մարդկանց ու առավել պտղավորվում է:
Որքա՜ն մեծ գովասանքի են արժանի բարեգործները, ուստի դու մի՛ արհամարհիր այդ: Եվ որքա՜ն մեծ է նրանց վարձքը արդար Դատավորից, ինչին դու մի՛ կասկածիր: Այլապես քեզ բոլոր կողմերից պիտի հանդիմանի օրինակը այս չարախոս մեծահարուստի, որը միայն իր հարազատների մասին էր հոգ տանում, իսկ կարիքավոներին օգնել տարակուսում էր, և, առանց իմանալու՝ թե վաղը ինքը կլինի, թե՝ ոչ, վաղվա մասին իր խորհուրդներով արդեն իսկ այսօր է մեղանչում: Եվ փոխանակ նախ Բարձրյալին իր առատ բերքի համար փառք տալու՝ նախևառաջ իր ունեցվածքը շատացնելուն է փափագում, սակայն ի՞նչ եղավ նրա հետ վերջում: Նա չկարողացավ իր առատ բերքը ժողովել անգամ և իր իսկ ագահությունը եղավ նրա դատաստանը:
Մինչդեռ հողը առատաորեն պտղաբերում ու դաշտերն էլ առատ բերք էին տալիս, ողկույզները շողշողում էին ճյուղերին, ձիթենիները՝ լիուլի պտղավորվում, ու ամեն ծառատունկ ճոխությամբ պտղաբերում էր: Եվ սա դեռ այն դեպքում, որ կային ուրիշներն էլ, որ հաջող բերք չէին ունեցել ու նրանց անդաստանները անպտուղ էին մնացել, սակայն անգամ նրա՛նք չէին դադարում Աստծուն աղոթելուց: Եվ, իրապես, բերքին սպառնացող որքա՜ն վտանգներ կան նախքան բերքահավաքի ժամանակը հասնելը: Քանի որ և՛ կարկուտ էր թափվում վերևից, և՛ խորշակն էր քշում-տանում բերքը, և՛ ամպերից առատորեն հեղվող անձրևաջրերը անպիտան էին դարձնում պտուղները: Իսկ դու ինչպե՞ս այսքանից հետո փառք չես տալիս Տիրոջը, որ հաջողությամբ պահպանել էր քո բերքը, այլ ամեն բանից առաջ շտապում ես ամբարելու այն ունեցվածքը, որին ինքդ քեզ այդքա՜ն արժանի ես համարում:
Եվ այն խոսքը, որը քո կարծիքով դու ծածուկ՝ քո մտքում ես խոսում, բարձրաձայնվում է երկնքում, ուստի և այնտեղից էլ գալիս են քո խոսքի պատասխանները: Բայց նաև՝ այդ ի՞նչ խոսք է, որն ինքն իրեն ասում է այս մեծահարուստը հետո. «Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր հանապազ» (Ղուկ. ԺԲ 19): Խոզաբարո անբանության ինչպիսի՜ օրինակ: Եվ, իսկապես, խոզից ինչո՞վ ես առավել դու: Դու, ուրեմն, անասնական բնազդի տեր այնպիսի՜ անմիտ մեկն ես, որ քո հոգևոր բարեկեցությունը մարմինդ կերակրելու մեջ ես տեսնում և կարծում ես, թե մարմնական կերակրով հոգիդ պիտի ապրեցնես:
Բայց չէ՞ որ եթե մեկը որևէ առաքինություն է ունենում, եթե բարի գործերով է հարստացրած լինում իր անձը, եթե Աստծուն իրեն մտերիմ է դարձնում, այդպիսի մեկը ցնծում է հոգևո՛ր ուրախությամբ: Իսկ քանի որ դու երկրայինի մասին ես խորհում, իսկ քանի որ քո որովայնն է քո աստվածը ու քանի որ դու ամբողջովին մարմնեղեն ես ու ծառա ես մեղքին, լսի՛ր քեզ պատշաճող այն անունը, որը ո՛չ թե մարդկանցից որևէ մեկը, այլ ինքը՝ Տերը դրեց քեզ վրա. «Անզգա՛մ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ այն, ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. ԺԲ 20): Իր անմտության պատճառով նա հավիտենական տանջանքներից առավել սաստիկ պատժի է արժանանում, քանի որ երբ շատ փոքր ժամանակ էր մնացել, որ իր այս կյանքի թելը կտրվելով՝ հանդերձյալ կյանք մտներ, այս էր խորհում իր մտքում. «կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ»:
Գուցե մեկը ճշմարտացիորեն ասի նրան՝ «շատ էլ լա՛վ կանես, քանի որ չարության շտեմարանները քանդվելու են արժանի: Քո իսկ ձեռքով քանդի՛ր այն, ինչը չարությամբ էիր շինել: Ջարդ ու փշո՛ւր արա ցորենի այն ամանները, որոնցից որևէ մեկը մխիթարություն չի առել: Կործանի՛ր ագահության «պահապան» բոլոր օջախները, քանդի՛ր տանիքները, խորտակի՛ր բոլոր պարիսպները, ցո՛ւյց տուր արեգակին քո ժանգոտած գանձերը, դո՛ւրս հանիր բանտում արգելափակված հարստությունդ և թող վերանա՛ մամոնայի խավարային օթևանը»:
Մինչդեռ՝ ասում է մեծահարուստը՝ «կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ»: Իսկ ի՞նչ պետք է անես, երբ այս նորերը ևս լցնես։ Նորից պիտի քանդես ու կրկի՞ն շինես։ Մի՞թե կա ավելի անմիտ բան, քան այս անսպառ տանջանքը՝ փութով կառուցել ու նույնպիսի արագությամբ էլ քանդել։ Սակայն չի՞ կարելի արդյոք կամենալ, որպեսզի աղքատների տները քեզ համար շտեմարաններ լինեն։ Գանձեր կուտակիր երկնքո՛ւմ. եթե այնտեղ հավաքես, ո՛չ ցեցերը կուտեն, ո՛չ ապականությունը կվնասի և ո՛չ էլ ավազակները կգողանան (հմմտ. Մտթ. Զ 20)։
Իսկ դու գուցե մտածում ես, որ այնժա՛մ կօգնես աղքատներին, երբ կլցվի երկրորդ շտեմարանդ էլ։ Սակայն այդ ինչքա՜ն երկար ժամանակի կյանք ես սահմանել ինքդ քեզ... Նայի՛ր ու տե՛ս, որ Աստված չի շտապում քեզ պատժելու. ոչ թե քաղցրությամբ, այլ չարությամբ լեցուն քո պատմությունն է վկայում դրա մասին։ Չէ՞ որ ինքդ էլ ասում ես, որ դու աղքատների բաժինը վերցնելով է, որ լցրել ես քո շտեմարանները։
Իսկ ա՞յժմ։ Ի՞նչն է խանգարում ա՛յժմ, որ արդեն լիուլի լեցուն են շտեմարաններդ, օգնության ձեռք մեկնելու աղքատներին։ Հեռո՞ւ է քեզնից աղքատը։ Պատրաստ չէ՞ քո բարի գործի վարձը՝ երկնքում։ Շողարձակելով՝ չի՞ փայլում պատվիրանը։ Արդյոք քաղցյալը հալումաշ չի՞ լինում սովից։ Թե՞ մերկը չի սառչում հագուստ չունենալու պատճառով։ Կամ արդյո՞ք կարիքը չի «խեղդում» աղքատին, իսկ դո՞ւ։ Դու վաղվա օրվա վրա ես գցում այն ողորմությունը, որը կարող ես անել այսօր։ Լսի՛ր Սողոմոնի ձայնը, որն ասում է. «Մի՛ ասա, թե «գնա՛, արի՛, վաղը կտամ, քանի որ չգիտես՝ վաղն ի՞նչ կբերի» (հմմտ. Առակ. Գ 28)։
Եվ դու ինչպե՞ս կարող ես արհամարհել այս պատվիրանը՝ արծաթասիրությամբ ականջներդ խցանած լինելով։ Մինչդեռ հարկ էր, որ դու բարեգործության շնորհին արժանանայիր ու ցնծայիր և ուրախանայիր ա՛յն պատվով, ըստ որի՝ ոչ թե դու ես ուրիշների դռներն ընկնում, այլ դեռ մի բան էլ նրանք են գալիս քեզ մոտ՝ օգնության խնդրանքով։
Իսկ այժմ տխուր ես դու և դժոխքն է ասես պատել քեզ, ու երբ քո խոտոր ճանապարհին էլ մի աղքատի ես հանդիպում, երբեք օգնության ձեռք չես մեկնում նրան։ Միայն մի բան գիտես ասել՝ «չունեմ և չեմ տալիս, քանի որ աղքատ եմ»։ Արդարև, աղքատ ես դու և կարոտ՝ ամենայն բարիքի։ Աղքատ ես դու սիրուց, աղքատ՝ մարդասիրությունից, աղքատ՝ առ Աստված ունեցած հավատից, աղքատ՝ հավիտենական հույսից։
Քեզ բաժանակի՛ց դարձրու քո եղբայրներին և այն, ինչ վաղը ապականության պիտի վերածվի, այսօ՛ր տուր աղքատներին։ Ագահության ամենասարսափելի տեսակներից մեկն էլ շուտով փտելու ենթակա որևէ բանից անգամ աղքատներին բաժին չտալն է։ Սակայն ի՞նչ է ասում այսպիսի մարդը՝ «ես զրկում եմ ուրիշին, որպեսզի շատացնեմ իմը»։ Բայց ո՞րն է այդ «քոնը», որն ասում ես ինձ, որտեղի՞ց այն առար ու քո կյանք բերեցիր։
Սա նման է այն բանին, որ մեկը թատրոն գնալով՝ մնացածին, որ իրենից հետո էին եկել, արգելի ներս մտնել, ու ինքը միայն նայի և հիանա ներկայացումով։ Այսպիսին են հարուստներից նրանք, ովքեր ամենքից առաջ անցնելով՝ փորձում են իրենցով անել այն, ինչ պատկանում է բոլորին։ Սակայն եթե յուրաքանչյուրը վերցներ՝ ըստ իր կարիքի և անհրաժեշտության, իսկ մնացյալ ավելորդը թողներ կարիքավորին, էլ ո՛չ հարուստ կլիներ, ո՛չ էլ աղքատ։
Արդյոք մերկ չեկա՞ր աշխարհ քո մոր որովայնից, կամ արդյո՞ք չպիտի կրկին մերկ՝ հողին հանձվես։ Այդ դեպքում էլ ինչպե՞ս ես ասում, որ քեզ է պատկանում այն գույքը, որ քեզ մոտ է։ Եթե դու ինքնակամ ասես, որ անաստված ես ու չես ճանաչում Արարչին և ոչ էլ նրան ես ընդունում որպես քո ունեցած բոլոր բարիքների Շնորհատուի, այդ դեռ ուրիշ հարց կլինի։ Սակայն եթե խոստովանում ես Աստծու գոյությունը, ասա՛ խնդրեմ, Աստծու այդ ո՞ր խոսքի համաձայն ես այդկերպ գործում։
Արդյոք Աստվա՞ծ է անարդար ու անհավասար է բաժանել կյանքի բարիքները։ Կամ այդ ինչպե՞ս է, որ դու հարուստ ես, իսկ նա՝ աղքատ։ Չե՞ս կարծում, որ դա գուցե այն բանի համար է, որ դու հավատքով քո ունեցվածքը ճիշտ տնօրինելով՝ քաղցր վարձատրության արժանանաս Աստծուց, իսկ աղքատն էլ իր համբերության շնորհով մեծահանդես պատվի արժանանա։
Սակայն դու ամեն բան՝ մինչև իսկ հոգիդ ագահության ախտին մատնելով, Աստծու խորհուրդներն առ ոչի՞նչ ես համարում և անիրավությամբ զրկո՞ւմ ես աղքատներին։ Ո՞վ է ագահը. նա, ով որևէ բանով չի բավականանում։ Եվ ո՞վ է զրկողը. նա, ով ամեն մեկից մի բան է խլում։ Իսկ դու, որ քո կարծիքվ՝ ո՛չ ագահ ես ու ո՛չ զրկող, այդ ինչպե՞ս քո տնօրինության տակ առար այդքան հարստությունը։ Կամ եթե մեկը, ով հագնված մարդու զգեստները խլելով՝ զգեստագող է կոչվում, այդ կերպ էլ նաև նա, ով մերկին չի հագցնում՝ չնայած այն բանին, որ ի վիճակի է այդ անելու, արդյոք արժանի չէ՞ այդ նույն անվանը։ Ըստ այսմ նաև՝ քաղցածի՛նն է հացը, որը դու ունես, մերկի՛նն է զգեստը, որը դու թաքցնոււմ ես շտեմարաններում։ Նրա՛ն է օդի պես անհրաժեշտ այն արծաթը, որը փտում է՝ քեզ մոտ թաղված լինելով։ Տե՛ս, թե քանի՜-քանիսին ես դու զրկում և քանի՜-քանիսին կարող ես օգնել, բայց չես օգնում....
Այլ դեռ մի բան էլ հարուստը ասում է՝ «գեղեցիկ են խոսքերդ, սակայն ոսկին ավելի գեղեցիկ է»։ Սա նույնն է, թե՝ պագշոտյալների հետ ողջախոհության մասին խոսենք, և նրանք այդ ժամանակ իսկ, հիշելով մի անբարոյականի, տոչորվեն նրա հանդեպ ունեցած ցանկասիրությունից։ Ասա՛, ինչպե՞ս քեզ նկարագրեմ աղքատների հիվանդությունը, որպեսզի հասկանաս, թե ու՛մ հառաչանքներն ես քեզ գանձ դարձնում, որպեսզի հասկանաս, որ դու ևս կարող ես արժանի դառնալ դատաստանի օրվա մասին ասվող այս խոսքին. «Եկե՛ք իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, քանի որ քաղցած էի, և ինձ կերակուր տվեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք, մերկ էի, և զգեստ հագցրիք ինձ»։
Եվ պատկերացրու, թե ինչպիսի՜ սարսուռ ու քրտինք պիտի պատի քեզ ու ինչպիսի խավար պիտի տիրի քո շուրջբոլորը, երբ լսես քո դատապարտության ձայնը. «Հեռո՛ւ գնացեք Ինձնից, անիծվածնե՛ր, դեպի բանսարկուի ու նրա հրեշտակների համար պատրաստված արտաքին խավարը, քանի որը քաղցած էի, բայց ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ չհագեցրիք, մերկ էի, բայց ինձ հագուստ չտվեցիք»։ Քանի որ այնտեղ հափշտակողը ոչ թե բամբասվում, այլ իր ունեցածը անարդար տնօրինելու պատճառով դատապարտվում է։
Ես ասացի այն, ինչ օգտակար եմ համարում քեզ համար, և եթե դու համաձայն ես իմ խոսքերին, ապա թող որ քեզ պատվիրաններից իսկ հայտնի լինեն սպասվող առաջիկա բարիքները։ Սակայն եթե պիտի արհամարհես այս խոսքերը, ուրեմն իմացի՛ր, որ այս գրվածքը քեզ ուղղված սպառնալիք է, որով ես քեզ աղաչում եմ փախչել փորձությունից՝ դեպի բարին փոփոխելով քո բարքերը, որպեսզի հարստությունդ զուգակցվի քո փրկությամբ և դու ժամանես երկնային բարիքներով լեցուն օթևանը Նրա՛ շնորհով, Ով ամենքին է կանչում դեպի Իր արքայությունը և Ում վայել է փա՜ռք ու զորություն հավիտյանս։ Ամեն։
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը