25 Նոյեմբեր, Բշ
Մի ճգնավոր, մեծ և ծանր մագաղաթներն ուսին, կռացած քայլում է դեպի դրախտի դարպասները և վրդովվում, որ հրեշտակները իրեն տեսնելով՝ չեն շտապում օգնել և դեռ ավելին՝ դրախտի դարպասներն էլ իր առջև չեն բացում:
Հրեշտակներից մեկը հարցնում է.
- Այդ ի՞նչ ես քեզ հետ բերել:
Ճգնավորը պարծենալով պատասխանում է.
- Այս մագաղաթների վրա իմ կատարած բոլոր սխրաքներն ու բարի գործերն եմ գրել, որպեսզի դրախտի բնակիչներին ցույց տամ և պատմեմ այդ ամենի մասին: Մի՞թե արժանի չեմ դրախտ մտնելու, երբ հրաժարվեցի իմ ողջ ունեցվածքից, հարստությունից ու ճգնավոր դարձա և դրանից հետո նույնիսկ մի գրոշ չունեցա ամբողջ կյանքում:
Հրեշտակն ասում է.
- Ճիշտ է, հրաժարվեցիր ունեցվածքից ու հարստությունից, բայց քեզ պես շատերն են հրաժարվել ունեցվածքից, սակայն, ցավոք, քչերն են հրաժարվել փառքից...
Ճգնավորը լսում է, մտածմունքների մեջ ընկնում և իր մագաղաթները շալակած՝ ետ դառնում դեպի աշխարհ...
Հովհաննես Մանուկյան