3 Հոկտեմբեր, Եշ
Բոլոր եկեղեցական տոները բացի իրենց տոնական բովանդակությունից հավատքի անկյունաքարեր են, որոնց վրա հաստատվել է քրիստոնեական աշխարհայացքը։ Այդ անկյունաքարերից մեկն էլ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է, որ այս տարի Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց մայիսի 18-ին: Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը համարվող այս տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը Երկրորդ Ծաղկազարդի տոնն է:
Մայիսի 21-ին՝ Երկրորդ Ծաղկազարդի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը տոնական Սուրբ Պատարագի ավարտին կրկին ազդարարեց Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Տոնի խորհրդին ներկաները հաղորդ դարձան՝ նախ մասնակցելով Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գիրգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրն, անդրադառնալով Երկրորդ Ծաղկազարդի տոնին և օրվա ընթերցումներից Երիքովի երկու կույրերի բժշկության հրաշքին, մասնավորաբար ասաց. «Նախաստեղծը՝ Ադամը, իսկապես երանելի էր, քանի որ հրեշտակների նման տեսնում էր Աստծուն՝ Կենդանի Լույսին։ Մեղսագործությունից հետո և՛ նա, և՛ նրա ժառանգները զրկվեցին Արարչին անմիջականորեն տեսնելու այդ երանությունից, և այդուհետ մարդուն մնաց միայն հավատը՝ որպես Աստվածտեսության, Աստծուն մոտենալու ու Նրա հետ հաղորդակցվելու միջոց։ Եվ եթե մարդ, զրկված լինելով Աստծուն մարմնավոր աչքերով տեսնելու հնարավորությունից, չունի նաև հոգևոր տեսողություն՝ հավատ, ապա դժվար թե կարողանանք այդ խեղճին ողջ մեկը համարել։ Հոգևոր կուրությամբ ապրելն անհամեմատ ավելի դժվար է, քան ֆիզիկական կուրությամբ, քանի որ հոգեպես կույրը շատ ավելի հեշտությամբ է շփոթության ու տագնապի մատնվում, չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը, ինքը ինչ պիտի անի, ուր գնա, որն է իր գոյության իմաստը, և այլն։ Ավետարանական կույրերը հասկացան, որ ճշմարիտ կյանքի, անեղծ լույսի ու փրկության այլ ճանապարհ չկա, քան Քրիստոս Աստծուն հետևելն է։ Երանի՜ մենք էլ հասկանանք ու միշտ հիշենք․․․»:
Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը կազմակերպել էր Համբարձման տոնին նվիրված միջոցառում: Եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները ներկաներին հաղորդ դարձրին Համբարձման ավետարանական պատմությանը և տոնի ժողովրդական սովորություններին: Այնուհետև «Հաց»-ի թեմայի շուրջ ներկայացմամբ հանդես եկան Երևանի «Գիտակ» հանրակրթական դպրոցի միջին դասարանների աշակերտները: Դպրոցի երգի ու պարի մանկավարժ, տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույանի բեմադրմամբ ներկայացումը համեմված էր ազգային երգերով ու պարերով: Հյուրընկալված դպրոցների թվում էր նաև Արա Հարությունյանի անվան թիվ 49 հիմնական դպրոցի աշակերտները, որ հանդես եկան «Արցախ» և «Մախմուր աղջիկ» պարերով: Համբարձման տոնախմբության հյուրերից էին նաև Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները: Տոնախմբության մասնակից երեխաներին տիկնանց միությունը նվիրեց խաչեր և սուրբգրային պատգամներ:
Տիկնանց միության ատենապետ Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ անչափ կարևոր է կիրակնօրյա և հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությունը եկեղեցական տոնախմբություններին. «Այսկերպ նրանք ներգրավում են եկեղեցական կյանքին, հաղորդ դառնում տոնի խորհրդին և տոնախմբության շրջանակում նոր ծանոթություններ ձեռք բերում»:
Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր: Ապա տոնական սեղանը զարդարվեց տոնական տորթերով:
Քրիստոս համբարձվեց երկինք, որպեսզի բաց անի երկնային դռները և Իր հետևորդներն անարգել մուտք գործեն այնտեղ: Քրիստոս համբարձվեց երկինք՝ Իր հետևորդների համար բարեխոսելու Հայր Աստծու առաջ: «Եթե մեկը մեղքի մեջ ընկնի, Հոր մոտ բարեխոս ունենք միակ Արդարին՝ Հիսուս Քրիստոսին» (Ա Հովհ. 2:1), «Քրիստոսը չմտավ մարդու ձեռքով շինված սրբարանը, որ նախատիպն էր ճշմարիտ Սրբարանի, այլ մտավ բուն իսկ երկինքը, որտեղ այժմ Աստծու առաջ է գտնվում մեզ համար» (Եբր. 9:24):
Քրիստոս համբարձվեց երկինք նույն բանի համար, ինչի համար իջավ երկիր, այսինքն՝ Իր հետևորդներին երկինք բարձրացնելու համար, շարունակելու և ավարտելու այն, ինչ սկսել էր երկրի վրա, այսինքն՝ մարդկության փրկագործությունը, որ ոչ ոք չէր կարող անել: Եվ այսպես, Քրիստոս համբարձվեց երկինք՝ նպատակ ունենալով Իր հետևորդներին ուղարկելու Սուրբ Հոգին Իր շնորհներով: «Բայց Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7):
Կարինե Սուգիկյան