22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես:
- Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին ինչ է սովորեցնում՝ Աստծո Օրե՞նք, թե՞ անաստվածություն: «Մենք նրան չենք կարող աշխատանքից հեռացնել»,- ասում են պատասխանատուները, իսկ եթե լեզվաբանը ցանկանա մաթեմատիկա դասավանդել՝ թույլ կտա՞ն:
Իսկ աստվածաբանության ֆակուլտետի մեկ այլ շրջանավարտ մարդկանց թույլ չի տալիս Հաղորդություն ստանալ, որպեսզի ՁԻԱՀ-ով չվարակվեն: Սա այն «աստվածաբաններից» է, որ աստվածաբանության ֆակուլտետ է ընդունվել ոչ թե ըստ կոչման, այլ ըստ համակարգչի «կարգադրագրի»: Նման իմացությունը Աստծուն չիմանալ է: «Ի հայտ եկավ սրբազան գիտության զավակ»,- ասում էին հնում, որովհետև ուսումն այն ժամանակ սուրբ գործ էր: Իսկ այսօր տեսնում ես, որ աստվածաբանության պրոֆեսորն Աստծուն չի հավատում, մարգարեներին վատաբանում է ուսանողների մոտ, բայց նրան չեն հեռացնում իր պաշտոնից: Բայց ի՞նչ ես մոռացել աստվածաբանության ֆակուլտետում, ա՛յ լավ տղա: Ինչպիսի՞ աստվածաբաններ պիտի մեծացնես:
Իսկ բողոքականներն ու կաթոլիկներն ի՞նչ ազդեցություն ունեցան մեզ վրա: Որքա՜ն խորն է անաստվածության ոգին ներթափանցել կաթոլիկության մեջ: Կաթոլիկները կամաց-կամաց ուզում են կրճատեցնել սրբերին: «Սուրբ Եկատերինան,- ասում են,- մեծ սուրբ չէր, նրա հայրն էլ մանր թագավորիկ էր էլի: Սուրբ Նիկողայոսը աննշան սուրբ էր: Սուրբ Գևորգը առասպել է: Միքայել հրեշտակապետը գոյություն չի ունեցել, այլ ուղղակի Աստծո երևումն է եղել: Նույնը վերաբերում է նաև Գաբրիել հրեշտակապետին»: Հետո կասեն, որ Քրիստոս Աստված չէ, որ Նա ուղղակի մեծ Վարդապետ էր: Հետո այնտեղ կհասնեն, որ Աստծուն ինչ-որ ուժ կկոչեն, իսկ հետո կհայտարարեն, որ Աստված բնությունն է: Որքան ակնհայտ գերբնական դեպքեր կան, որքան մարգարեներ ու մարգարեություններ, որքան կենդանի հրաշքներ, բայց, չնայած այդ ամենին, որոշ ուղղափառներ հասնում են այնտեղ, որ նման հիմարությունների են հավատում:
Մի անգամ մի երիտասարդ եկավ ինձ մոտ, որպեսզի Իտալիայում սովորելու համար օրհնություն ստանա: Նա պատրաստվում էր այնտեղ աստվածաբանության դիսցիպլիններից մեկն ուսումնասիրել և դիսերտացիա գրել: «Չե՞ս խենթացել արդյոք,- հարցրեցի նրան,- պատրաստվում ես ճիզվիտների մոտ գնալ դիսերտացիա գրելու և դեռ ինձ մոտ ես եկել օրհնություն ստանալո՞ւ: Ախր նրանք չգիտեն, թե հենց իրենց մոտ ինչ է կատարվում: Ախր այնտեղ ճիզվիտները, ունիատներն ու չգիտեմ էլ ովքեր են դասավանդում»: Արտասահմանում մեր երիտասարդների ուսման նկատմամբ պետք է բոլոր առումներով ուշադիր լինել: Որովհետև հետևյալն է տեղի ունենում՝ մեր ուսանողներն ուսման են գնում Անգլիա, Ֆրանսիա, արևմտյան այլ երկրներ, վարակվում են եվրոպական միկրոբներով, իսկ հետո ինչ-որ դիսերտացիա են գրում: Օրինակ՝ նրանք հույն հայրերին են ուսումնասիրում արևմտաեվրոպական լեզուներով թարգմանություններում: Բայց արևմտյան թարգմանիչները կամ ի վիճակի չլինելով ճիշտ փոխանցել բնագրի իմաստը, կամ խորամանկությունից ելնելով՝ սեփական սխալ կարծիքներն են ավելացրել հայրաբանական գրվածքներում: Եվ ահա մեր ուղղափառ գիտունները, օտար լեզուներ սովորելով, այդ արտասահմանյան միկրոբներն են վերցնում Արևմուտքում և այստեղ են տեղափոխում: Հետո էլ դեռ ուրիշներին են սովորեցնում այդ հիվանդությունները: Իհարկե, եթե մարդն ուշադիր է, ապա հեշտությամբ կտարբերի ոսկին կեղծ նմանակումից:
- Հա՛յր, եկեղեցի հաճախող որոշ երիտասարդներ, այստեղ՝ Հունաստանում համալսարան չընդունվելով, գնում են արտասահմանում սովորելու և կորցնում են հավատը:
- Ես որոշ իմ ծանոթներին կասեմ այդ մասին: Կխնդրեմ, որ Հունաստանում մի քանի համալսարան էլ բացեն, որպեսզի մեր երիտասարդությունն արտասահման չմեկնի: Թող այստեղ սովորեն: Թե չէ և՛ երեխաներն են քայքայվում, և՛ ծնողների համար է ծախս, և՛ այդքան գումար օտար քեռիների գրպանն է գնում:
Արտասահմանում ուսանելու գնացող երիտասարդներին միշտ այսպես եմ ասում. «Գնացեք, եթե ուզում եք: Բայց ուշադիր եղեք, որ ձեր հավատը չկորցնեք: Արտասահմանում միայն գիտելիքներ ձեռք բերեք: Եվ ամենակարևորը՝ չմոռանաք հետո հայրենիք վերադառնալ: Էլլադան ձեզ է սպասում: Ձեր պարտքն է օգնել նրան: Ձեր տեղն այստեղ է՝ ձեր հայրենակիցների կողքին, որպեսզի նրանք ստիպված չլինեն տանջվել՝ արտասահմանում բժիշկ կամ մեկ այլ մասնագետ փնտրելով: Ուշադիր եղեք, որպեսզի ձեր սիրտը չսառչի: Եվրոպացիները սառը ժողովուրդ են: Ամերիկայում՝ նույնպես, այնտեղ կարելի է նյութապես հարստանալ, բայց հոգևոր առումով՝ սնանկանալ»:
- Հա՛յր, իսկ որքա՜ն վնաս են պատճառում ուսուցիչների գործադուլները: Երեխաները մի ողջ ամիս դպրոց չեն գնում և թափառում են փողոցներում:
- Ես ուսուցիչներին ասում եմ, որ երբեք գործադուլ չանեն, բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է, օրինակ՝ Աստծո Օրենքը, դասերից առաջ աղոթքը* վերացնելու պլանների, հունական խորհրդանշանից խաչը հանելու կամ նման որևէ բանի դեմ: Այդ դեպքում ուսուցիչները պետք է բողոքեն: Բայց մյուս դեպքերում՝ ոչ, այլապես ինչո՞վ են մեղավոր երեխաները, որ առանց դասերի են նստում:
- Հա՛յր, այսինքն՝ կրթության ձևավորված համակարգը շա՞տ չարիք կբերի:
- Այժմ շատ երեխաների հոգիներ կխեղվեն այդ համակարգից, բայց Բարեգութ Աստված նրանց ձևականորեն չի դատի: Նա կքննի, թե նրանք ինչ վիճակում կլինեին, եթե վատ ազդեցության տակ չընկնեին, եթե նրանց այդ չարիքը չպատճառեին: Սակայն մենք էլ պետք է շատ աղոթենք խեղճ երեխաների համար, որպեսզի Աստված միջամտի և օգնի նրանց, որպեսզի նրանք հոգևոր առումով չխեղվեն, այլ հոգևոր ամուր առողջություն ունենան և առաքինություններ ձեռք բերեն:
* Հունաստանի դպրոցներում դասերը սկսելուց առաջ և դրանց ավարտին դասարանում բարձրաձայն ուղղափառ աղոթք են ասում: Ուսումնական շաբաթվա սկզբում, դպրոցի բակում, բոլոր աշակերտների ներկայությամբ հանդիսավորությամբ բարձրացնում են Հունաստանի պետական դրոշը, իսկ շաբաթվա ավարտին իջեցնում են:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի