23 Նոյեմբեր, Շբ
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել:
- Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց վեզիրը:
- Նույնն, ինչ դու,- պատասխանեց խենթը:
- Ինչպե՞ս թե,- կրկին հարցրեց վեզիրը:
- Այդպես,- պատասխանեց նա,- փորձում եմ այս մուրճով քամին սպանել: Իսկ դու փորձում ես կյանքը դանակով սպանել: Իմ ջանքերը զուր են, ինչպես և քոնը: Ինչպես ես չեմ կարող քամին սպանել, այնպես էլ դու կյանքը սպանել չես կարող:
Վեզիրը լռելյայն մտավ իր սենյակն ու ոչ ոքի չէր թողնում իր մոտ: Երեք օր ոչ կերավ, ոչ խմեց, և ոչ ոքի հետ չտեսնվեց: Իսկ չորրորդ օրն իր մոտ հրավիրեց իր շրջապատի մարդկանց և ասաց.
- Իսկապես որ իրավացի է Աստծո մարդը: Ես հիմարություն էի անում: Չի կարելի կյանքը ոչնչացնել, ինչպես և անհնար է քամին սպանել:
Սրբազան Նիկոլայ Սերբսկի, 6-րդ պատվիրանի մասին
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի