5 Հոկտեմբեր, Շբ
Ծնողներն իրենց որդու համար լավ դպրոց ու ուսուցիչ էին փնտրում և վերջապես ամենալավ ուսուցչին ընտրեցին նրա համար: Առավոտյան պապիկը թոռնիկին դպրոց տարավ: Երբ մտան դպրոցի բակ, երեխաները շրջապատեցին նրանց: «Ի՜նչ ծիծաղելի ծերուկ է»,- ծիծաղեց մի տղա: «Հե՜յ, հաստլիկ»,- ծաղրեց մեկ ուրիշը: Այդ պահին ուսուցիչը երեխաներին դասի կանչեց: Պապիկը վճռականորեն բռնեց թոռնիկի ձեռքն ու դուրս ելավ փողոց: «Իսկ ես դպրոց չե՞մ գնալու»,- հարցրեց տղան: «Կգնաս, բայց ոչ այս մեկը,- բարկացած պատասխանեց պապիկը:- Ինքս դպրոց կգտնեմ քեզ համար»: Նա շատ դպրոցներում եղավ: Սպասում էր մինչև երեխաները դասամիջոցին բակ դուրս գան և հետևում, թե ինչպես են իրենց դրսևորում: Ոմանք ծամածռություններ էին անում իրեն, ոմանք ուշադրություն չէին դարձնում: Վերջապես մի փոքրիկ դպրոցի բակ մտավ և հոգնած հենվեց ցանկապատին: Զանգը հնչեց, և երեխաները դուրս վազեցին: «Պապի՛կ, ձեզ վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ»,- լսվեց մանկական մի ձայն: «Բակում նստարան կա, նստեք խնդրեմ»,- առաջարկեց մի տղա: «Ուզո՞ւմ եք ուսուցչին կանչեմ»,- հարցրեց մեկ այլ երեխա: Շուտով բակ դուրս եկավ երիտասարդ ուսուցիչը: Պապիկը ողջունեց նրան ու ասաց. «Վերջապես իմ թոռնիկի համար գտա ամենալավ դպրոցը»: «Սխալվում եք, պապիկ, մեր դպրոցն ամենալավը չէ: Այն չափազանց փոքր է ու անհարմարավետ»: Ծերունին չվիճեց նրա հետ, այլ պայմանավորվեց թոռնիկի ուսման համար ու հեռացավ: Երեկոյան հարսն ասաց. «Հայրի՛կ, դուք կրթություն չեք ստացել, ինչո՞ւ եք կարծում, որ գտել եք ամենալավ ուսուցչին»: «Որովհետև աշակերտներով են ուսուցչին ճանաչում»,- պատասխանեց պապիկը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի