Մի հոգևորական կար, որ երբեք ոչ ոքի մասին վատը չէր մտածում:
Մի անգամ նստել էր սրճարանում` մի բաժակ սուրճ խմելու, քանի որ պահոց օր էր և չէր կարող իրեն ավելին թույլ տալ: Հանկարծ նկատեց, որ իր համայնքի անդամներից մի երիտասարդ է նստած հարևան սեղանի մոտ ու ախորժակով մի մեծ կտոր միս է ուտում:
- Հուսով եմ Ձեզ չեմ շփոթեցնում, Հա՛յր Սուրբ,- ժպիտով ասաց երիտասարդը:
- Որքան հասկանում եմ դու ուղղակի մոռացել ես, որ այսօր պահք է,- պատասխանեց հոգևորականը:
- Ո՛չ, շատ լավ եմ հիշում:
- Դե երևի հիվանդ ես ու բժիշկն արգելել է պահք պահել:
- Ամենևին: Ինձ հրաշալի եմ զգում:
Հոգևորականն աչքերը երկինք հառեց ու ասաց.
- Ինչպիսի՜ օրինակ է ինձ տալիս այս աճող սերունդը, Տե՛ր Աստված: Տեսնո՞ւմ ես, այս երիտասարդն ավելի շուտ իր մեղքերը կխոստովանի, քան կստի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի