Երբ դեռ եգիպտական անապատներն «անապատական» կոչվող սրբերի համար բնակավայր էին ծառայում, մի կին, ով կրծքի չարորակ հիվանդությամբ էր տառապում, ուղևորվեց նրանցից մեկին՝ աբբա Լոնգինուսին, գտնելու: Ասում էին, որ այդ մարդը սրբի ու բժշկողի համբավ ուներ:
Մի անգամ այդ կինը գնում էր ծովի ափով ու հանկարծակի հենց աբբա Լոնգինուսին հանդիպեց, ով փայտի կտորներ էր հավաքում խարույկի համար: Նա հարցրեց անծանոթին.
- Հա՛յր Սուրբ, չգիտե՞ս արդյոք, թե որտեղ է ապրում Աստծո ծառա աբբա Լոնգինուսը:
Լոնգինուսը պատասխանեց.
- Ինչի՞դ է պետք այդ ծեր խաբեբան: Մի գնա նրա մոտ, նա միայն կվնասի քեզ: Ի՞նչ է պատահել քեզ հետ:
Եվ կինը պատմեց նրան իր խնդրի մասին: Ծերունին իր օրհնությունը տվեց նրան ու տուն ուղարկեց հետևյալ խոսքերով.
- Գնա տուն, Աստված կուղարկի քո ապաքինումը: Լոնգինուսը ոչնչով քեզ չէր օգնի:
Կինը տուն գնաց լիովին վստահ, որ իրեն բուժել են, և ինչն էլ տեղի ունեցավ դեռ մեկ ամիսը չլրացած: Նա մահացավ շատ տարիներ անց՝ ամենևին չկասկածելով, որ իրեն բժշկողը ոչ այլ ոք էր, քան Լոնգինուսը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի